ԵՊՀ վաղեմի համբավը վերականգնելու ակնկալիքով

ԵՊՀ վաղեմի համբավը վերականգնելու ակնկալիքով

Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար: Ենթադրաբար, հոգաբարձուների խորհրդի ձեւավորումից հետո նրա թեկնածությունը կառաջադրվի ռեկտորի ընտրության համար հայտարարվելիք մրցույթին: Անշուշտ, ցանկալի էր, որ մայր բուհի ռեկտորը լիներ ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում ճանաչված բնագետ, մաթեմատիկոս, ունենար ակադեմիական գործունեության հարուստ փորձառություն: Ահա, ռեկտորի թեկնածուի համար կարեւորվող այս հիմնական չափանիշների բացակայությունն է եղել տողերիս հեղինակի բացասական դիրքորոշման հիմքում: 

Ինչեւէ: Հովհաննիսյանի մասին, մինչ այդ, ձեւավորվեց բավական բացասական տեղեկատվական միջավայր: Ընդհանուր առմամբ, նա դրական անձնավորություն է, հավասարակշռված, ներկայանալի (հանդիպումների ընթացքում իմ ստացած տպավորությունն է): Գուցե նա ավելի լավ նախարար լիներ՝ նկատի ունենալով փոխնախարարի պաշտոնում նրա որոշակի փորձառությունը: Ամեն դեպքում, նա ռեկտորի պաշտոնակատար է, եւ մինչեւ մրցույթը ժամանակ կա՝ վերջնականապես կողմնորոշվելու համար:

Պարոն Հովհաննիսյանն իր նշանակման օրն ունեցած ելույթում ասել է, որ «ամեն ինչ անելու է, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի»: Հավանաբար, նկատի է ունեցել հատկապես ակադեմիական բարենպաստ միջավայրի ձեւավորումը, ինչը համալսարանների մեծ մասի համար խնդիր է: 
Հայտարարելը մի բան է, հայտարարվածը գործնականում իրագործելը՝ այլ բան: Կարելի է յուրօրինակ դուալ թեստավորման ենթարկել ռեկտորի պաշտոնակատարին: Նախ, իր արած հայտարարության առումով, ինչ քայլ պետք է անել՝ համալսարանականների վստահությունն ու հարգանքը վաստակելու համար: Երկրորդ․ ինչ քայլ պետք է անել՝ կառավարությանն ապացուցելու համար, որ նա ճիշտ ընտրված թեկնածու է. որով կառավարություն-համալսարան լարված հարաբերությունները կլիցքաթափվեն:

1. Անկախ հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության կարգից (3 հոգանոց խորհրդով էլ պաշտոնակատար նշանակելը, կարծես, սահմանված կարգին համահունչ չէր), հայտարարվում է, որ 32 անդամից բաղկացած խորհրդի անդամների ոչ ֆորմալ ընտրություն (փակ-գաղտնի) կանցկացվի մրցութային կարգով, այսինքն, համալսարանի գիտխորհրդում քվեարկության կդրվեն ավելի մեծ թվով թեկնածուներ, եւ ավելի շատ ձայներ ստացածները կներկայացվեն հաստատման: Այդպիսով, հաշվի կառնվի կոլեկտիվի կարծիքը: Այլ խոսքով, արդյունքները խորհրդատվական հիմք կլինեն կառավարության կողմից որոշում կայացնելու համար: Այդուհանդերձ, նախքան որոշում կայացնելը, կոլեկտիվին պետք է տեղեկացնել, թե ինչու ձայների մեծամասնություն ստացած այս կամ այն թեկնածուին կառավարությունը կողմ չէ: Թեկնածուների հարցում համաձայնության գալուց հետո՝ արդեն կարելի է ստացված արդյունքներին ֆորմալ տեսք տալ՝ ըստ սահմանված կանոնակարգերի:

2. Կառավարությունը ռեկտորի պաշտոնակատարին հանձնարարում է, կրկին ոչ ֆորմալ, եռօրյա կամ հնգօրյա ժամկետում ներկայացնել մոտ 50 թեկնածուի անուն: Կախված այն բանից, թե ռեկտորի պաշտոնակատարն ինչպես կկատարի այդ հանձնարարությունը, հնարավոր կլինի դատել նրա կազմակերպչական եւ հաղորդակցային ունակությունների մասին: Ի վերջո, երկու նախարար այդպես էլ չկարողացան անել առաջարկություն, որին կառավարությունը կհամաձայներ: Հաջողելու դեպքում Հովհաննիսյանին կարելի է ընձեռել ընտրության հնարավորություն. նախարար կամ ռեկտոր: Այդ գործընթացներում մեծ է հավանականությունը, որ կոլեկտիվի բացասական տրամադրվածությունը կմարի: Ավելին, գուցե համալսարանականները հորդորեն նրան՝ համաձայնել ռեկտորի, այլ ոչ նախարարի պաշտոնին:

Սա իրական ժողովրդավարության օրինակ կարող է հանդիսանալ. հաջողված պատմության նման մի բան: Համենայնդեպս, ԵՊՀ-ն այն կառույցն է, որտեղ համարժեք են գնահատում ժողովրդավարությունը եւ դա չեն համարում ամենաթողություն:

ՀԳ. Ով էլ լինի ԵՊՀ ռեկտորը, նա պետք է հետհայացք գցի ու հիշի, թե ովքեր են եղել համալսարանի ռեկտորները: Նա պետք է գիտակցի, որ բացի գիտակրթական կենտրոնի համբավը վերականգնելն ու նոր իրողություններին հարմարվելը, համալսարանն ակտիվ ներգործություն պետք է ունենա երկրի հասարակական կյանքում, լինի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացման ոչ միայն ընդդիմախոսը, այլեւ ներգրավված լինի դրանց մշակման գործընթացներում՝ պահպանելով ակադեմիական սկզբունքայնությունը: Դա ոչ միայն օրվա իշխանությանն է օգտակար, այլեւ անհրաժեշտ է պետության ապագայի համար:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր