Նիկոլ Փաշինյանը ոչ եվրոպամետ ու ամերիկամետ է, ոչ էլ՝ ռուսամետ, պուտինամետ է 

Նիկոլ Փաշինյանը ոչ եվրոպամետ ու ամերիկամետ է, ոչ էլ՝ ռուսամետ, պուտինամետ է 

Նիկոլ Փաշինյանն իր 3 ժամանոց «լայվում» երեկ անսպասելի ուղերձներ հղեց դեպի Բրյուսել, Վաշինգտոն ու Մոսկվա՝ հիշեցնելով իր 2016 թվականի ելույթը։ Որ ոչ եվրոպամետ է, ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ և հավասարաչափ վտանգավոր է համարում ամերիկատյացությունը, ռուսատյացությունը և եվրոպատյացությունը։ Երեկվա լրացումն էլ առ այն, որ իրենք չունեն արտաքին քաղաքական հովանավորներ։

Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ սա անսպասելի ու առավել ևս՝ նոր չէ, Փաշինյանը շատ է սիրում ժամանակ առ ժամանակ վերադառնալ այդ թեմային։
 

«Եվ եթե սկզբնական շրջանում հասկանալի էր, թե ինչու է կրկնում, որովհետև Ռուսաստանում կասկածներ կային, որ այստեղ իշխանափոխությունը կամ, ինչպես իշխանությունն է ասում՝ հեղափոխությունը գունավոր հեղափոխություն էր, և դրա կազմակերպիչներն ու ֆինանսավորողները եղել են, այսպես ասեմ, գլոբալիստները, սորոսական թև և այլն, և վարչապետը սա անընդհատ կրկնում էր՝ հանգստացնելու ՌԴ իշխանություններին։ Բայց ոնց որ տեսնում ենք՝ սա իր մոտ դարձել է բնավորության գիծ։ Ինչ վերաբերում է էն տեսակետին, որ ինքը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ է, ոչ․․․, ապա դա էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև նա ոչ թե ռուսամետ է, այլ պուտինամետ է։ Քանի որ այսպիսի ղեկավարություն, որն ամեն ինչով բավարարում է Վլադիմիր Պուտինի բոլոր ցանկությունները, Հայաստանը դեռևս չէր ունեցել։ Նա այնքան սկսեց ռուսական կողմին համոզել, որ ինքը բարեկամաբար է տրամադրված ռուսական կողմին, որ չնկատեց, թե ինչպես մեր, նախկինում էլ ոչ ամբողջովին չեզոք  ու ռուսամետ արտաքին քաղաքականությունը վերածեց պուտինամետության։ Եվ անկախ նրանից, ինքն ինչ կասի, ինչ չի ասի, մենք տեսնում ենք իր 2 տարվա գործողությունները»։ Օրինակները բազմաթիվ են, նախկինում Հայաստանի ոչ մի կառավարություն չէր համաձայնել Սիրիա հումանիտար առաքելություն (ըստ Բադալյանի՝ զորք ) ուղարկել, նախկինում Հայաստանի ոչ մի ղեկավար չէր հայտարարել, որ ինքն ԱՄՆ-ին ամենաշատ քննադատողն է։ Իսկ 2017-ի նոյեմբերի 23-ին ԵՄ-ի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը՝ CEPA-ն, այսօրվա դրությամբ արժեքը կորցրած ու չկիրառվող փաստաթուղթ է։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այն օգտատերերից մեկի խնդրանքով, որոնց հարկ էր համարել պատասխանել, անդրադարձավ Արցախի ընտրություններին։ Ասաց, որ եթե ազատ, արդար չլինեին, ու Երևանն էլ միջամտեր, չէր լինի 2-րդ փուլ, Արայիկ Հարությունյանին էլ 600 ձայն կհերիքեր։ Արմեն Բադալյանի կարծիքը․ «Արայիկ Հարությունյանը համաձայնեցված թեկնածու է Ղարաբաղի բոլոր շրջանակների հետ, բացառությամբ սորոսականների, որովհետև Ղարաբաղում հիմա մի քիչ ուրիշ գործընթաց է սկսվում։ Սկզբնական շրջանում Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ ընտրություններն ազնիվ, արդար ու թափանցիկ էին, համեմատաբար, բայց ոնց որ թե օրեր անց կարգադրություն ստացավ՝ հայտարարելու, որ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության սկզբունքներին, հետո նորից․․․ ապալեգիտիմացնել, հետո նորից ընտրություն, որ Մասիս Մայիլյանը գա իշխանության, այսինքն՝ այնտեղ սկսվել են մի քիչ ուրիշ իմաստ ունեցող քաղաքական գործընթացներ։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա բնական է․․․ գուցե փորձեր քայլել ձեռնարկել, որ Մասիս Մայիլյանը հաղթի, բայց հասկանում էր, հավանաբար, որ եթե նրա վրա խաղադրույք կատարի, ու Մայիլյանը պարտվի, դա կլինի իր երրորդ պարտությունը։ Մեկըվ` Կապանի, մյուսը` Աբովյանի, հիմա էլ՝ Ղարաբաղի ընտրություններում։ Դրա համար էլ ընդունեց Արայիկ Հարությունյանի հաղթանակը»։

Երեկ վարչապետի «լայվի» տակ առաջին անգամ աննախադեպ թվով կոշտ գրառումներ կային, և հեղինակներն էլ վիրտաուալ հարթակում տեղը տեղին հակադարձում էին իրենց «պիցցայակեր» անվանող ու սերն առ Նիկոլ Փաշինյան կռապաշտության վերածածների բանակին։ Սա, թերևս, նկատելի էր Նիկոլ Փաշինյանին, որը վերջին մեկ տարվա իր ամենամեղմ՝  «ամենաթավշոտ» ելույթն էր ունենում, ոչ մեկին «վնգստացող» չէր անվանում ու անգամ հարգում էր անմեղության կանխավարկածը։

Փաշինյանական վերջին  «լայվի» այլ ելևէջներին Արմեն Բադալյանը հետևյալ բացատրությունն է տալիս՝ հեղափոխական էյֆորիան վաղուց ավարտվել է, ավարտվել է նաև կույր հավատը։  Եթե անգամ կար մինչև կորոնավիրուսը։