Կանանց ազատեցին, տղամարդուն՝ ոչ․ գենդերային մոտեցում դատախազի կողմից
Քիչ առաջ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Սիներջի ընկերության աշխատակիցներ Անի Գեւորգյանի եւ Լիլի Մկրյանի խափանման միջոցը եւ մեկ շաբաթից ավելի կալանավորված կանայք ազատ կարձակվեն։
Հիշեցնենք, որ նրանց, ինչպես նաեւ Սիներջիի կալանավորված տնօրենի խաձանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն է ներկայացրել նաեւ Ազգային ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը՝ 64 ստորագրությամբ։ Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ դատախազի նախաձեռնությամբ երկու կանանց ազատ կարձակեն։ Բայց մենք տեղեկացանք, որ կրկին մի քանի պատգամավորի երաշխավորություն են պահանջել՝ հավանաբար, 64 պատգամավորներից մի քանիսը կրկին կհավաստեն, որ երաշխավոր են կանգնում։ Սակայն թե ինչու կանանց հետ նույն վերաբերմունքին չի արժանացել Սիներջիի տնօրենը, պարզ չէ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության՝ Սիներջիի ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
ՀԳ Ամեն դեպքում, ուշագրավ է, որ դատախազը հղում է անում ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցության կողմից՝ 64 ստորագրությամբ ստացված միջնորդագրին, այլ շեշտում է, թե իր նախաձեռնությամբ է փոխում խափանման միջոցը, այն էլ ոչ թե 3 անձի, որոնց համար միջնորդել էին պատգամավորները, այլ միայն երկու կնոջ։ Մանավանդ որ մեղադրանքը, դատելով բոլոր հանգամանքներից, խիստ կասկածելի է՝ խախուտ եւ նախնական կալանք չպահանջող։
Կարծիքներ