Ինչ ընթացքի մեջ է Ֆրանսիայի Հայոց թեմի հետ Նիսի Ս․ Մարիամ եկեղեցու վերամիավորման գործընթացը․ ներկայացնում է թեմական խորհրդի նախագահը

Ինչ ընթացքի մեջ է Ֆրանսիայի Հայոց թեմի հետ Նիսի Ս․ Մարիամ եկեղեցու վերամիավորման գործընթացը․ ներկայացնում է թեմական խորհրդի նախագահը

«Հրապարակը» ստացել է գրություն այն մասին, թե ինչ ընթացքի մեջ է ներկայումս գտնվում Ֆրանսիայի հայ համայնքը ժամանակին փոթորկած, արդեն 10 տարի ձգվող, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի եւ Նիսի հայկական Ս․ Մարիամ եկեղեցի կրոնական միավորման միջեւ առճակատումը։ Ստացված գրությունը թեմական խորհրդի նախագահ Ռոբեր Ազիլազյանի տեղեկագիրն է Նիսի Ս Մարիամ հայկական կրոնական միավորման՝ թեմի կազմում վերամիավորման գործընթացի ներկա վիճակի հետ կապված։

Տեղեկագիրը արեւմտահայ թարգմանությամբ հրապարակվել է նաեւ «Նոր Յառաջ» հայկական պարբերականում։ Գրությունից տեղեկանում ենք, որ անցյալ տարի՝ 2019-ի ապրիլի 14-ին թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը վերաօծել է Նիսի եկեղեցու խորանը։ Արդեն հուլիսին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Նիսի հայկական եկեղեցու հովիվ նշանակվեց Հ․ Կոմիտաս Հովնանյանը, ինչը գնահատվել է որպես հզոր եւ շրջահայաց ժեստ։ Ապա, արդեն ներկայացվում են շարունակվող բանակցությունների, քննարկումների եւ փոխանակված նամակագրության համառոտ ընթացքը, սկսած 2019-ի վերամիավորման գործընթացի մեկնարկից մինչ այժմ։ Ընդհանուր առմամբ սպասելիքները կարելի է համարել զգուշավոր, քանի որ առաջընթացը չափազանց փոքր քայլերով ու դանդաղ է, ընթացիկ բազմաթիվ խութերով լի։