Դանակով եւ՛ հաց են կտրում, եւ՛ մարդ սպանում

Դանակով եւ՛ հաց են կտրում, եւ՛ մարդ սպանում

Դանակն ընդամենը գործիք է՝ կենցաղային կարիքների համար նախատեսված: Սակայն դրանով միաժամանակ մարդ են սպանում: Եվ նայած թե ով ինչ նպատակով է օգտագործում այն, տարբերակվում են խոհարարն ու մարդասպանը: Նույն տրամաբանությամբ են պատրաստվում եւ գործածվում բազմաթիվ այլ գործիքներ: Զարմանալի է, սակայն նույնն առկա է նաեւ հասարակական կառույցների առումով:

Դրանք կարող են ծառայել իրենց գործառնական նպատակին, սակայն կարող են նաեւ դրսեւորել հակառակ գործածությունը: Որպես օրինակ վերցնենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Պետական-սահմանադրական այդ կառույցը առաջնային մանդատով օժտված՝ հասարակության ներկայացուցիչների հավաքատեղի է: Վերջիններս պետք է զբաղվեն, նախ, օրինաստեղծ աշխատանքով, ապա վերահսկողություն իրականացնեն գործադիր իշխանության նկատմամբ: Միջանկյալ ասեմ, որ մեր Սահմանադրության հեղինակները մոռացել են նախքան գործադիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելը նշել ԱԺ-ի՝ գործադիր իշխանության մարմիններ եւ դրանց թվում առաջին հերթին կառավարություն ձեւավորելու գործառնության մասին: 

Ինչեւէ, շարունակեմ: Պետական-սահմանադրական կառույցների շարքում են երեք ատյանից բաղկացած դատարանները եւ դրանց նկատմամբ վերահսկողություն իրքականացնող Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ-ն): ԲԴԽ-ի դերը կարեւորելուց էր, որ «ժողովրդավարական» Հայաստանում օրենքի կոպիտ խախտումներով աշխատանքից ազատեցին դրա օրինական ղեկավարին եւ կրկին օրենքի կոպիտ խախտումներով նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (ՆԺՊ) նշանակեցին ամենակարկառուն նախկիններից մեկին: Ինչո՞ւ հենց նրան՝ կհարցնեք դուք: Որովհետեւ ինքը սիրում է եւ կարող է ղեկավարել, իսկ իրավապահ համակարգն էլ գիտի սեփական հինգ մատի նման: Իրավապահ համակարգ ասելով՝ նկատի ունեմ թե՛ դատախազությունը եւ թե՛ արդարադատություն իրականացնող դատարանները:

Դատավորն էլ, ըստ նույն Սահմանադրության, «անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»: Եվ ուրեմն՝ ԲԴԽ ՆԺՊ-ն հենց այն անձն է, ով կարող է համագործակցել դատախազության հետ եւ դատավորներին պարտադրել նույն վարքագիծը: Եվ այդ ամենը համապատասխանեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դիրքորոշման հետ: Չնայած վերջերս սեւ ամպեր են կուտակվում այդ անձի գլխին. վերեւներում խոսում են նրան փոխելու անհրաժեշտության մասին: Երեւում է, որ չի արդարացրել սպասելիքները:

Ներեցեք, բայց… Բայց կարծես թե ԲԴԽ-ն նման գործառույթ չունի: Այն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Կրկնեմ՝ հա՛մ ինքն է անկախ, հա՛մ էլ դատարանների անկախության երաշխավորն է: Եվ այդպես էլ գրված է ՀՀ Սահմանադրության մեջ: Բայց եկեք չմոռանանք «ժողովրդավարության բաստիոնի», այնուհետեւ՝ «ժողովրդի իշխանության» եւ վերջերս էլ՝ «ժողովրդավարության փայլուն աստղ» համարվող երկրում Սահմանադրության իրական արժեքը: Այն երկրի գլխավոր օրենքն է, երբ անհրաժեշտ է գործածել ընդդեմ ընդդիմության եւ կամ  հանուն սեփական իշխանության պահպանման: Քանի որ մեր «ժողովրդավարությունն» ուրիշ է, ապա ընդդեմ ընդդիմության եւ հանուն իշխանության պահպանման գործառույթները մեկտեղվում են: Սակայն Սահմանադրությունը հանգիստ վերածվում է անպետք թղթի կտորի, երբ խանգարում է վերը նշված նպատակների իրագործմանը: Եվ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը միաժամանակ ե՛ւ գլխավոր օրենք է, ե՛ւ անպետք թղթի կտոր: Եվ ըստ այդմ էլ՝ ԲԴԽ-ն իրականում կոչված է ոչ թե դատարանների անկախությունը երաշխավորելուն, այլ նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելուն: Եվ, բնականաբար, առանձին դատավորների նկատմամբ ճնշումներ բանեցնելուն: Այսքանից հետո թող ընթերցողները որոշեն, թե ինչպիսի «դանակ է» ԲԴԽ-ն՝ խոհարարակա՞ն, թե՞ սառը զենք՝ մարդասպանի ձեռքում:

ՀԳ. Կարծում եմ, որ առնվազն երկու անձի, մեկը՝ բժիշկ (պրոֆեսոր Արմեն Չարչյան), մյուսը՝ հայրենիքի պաշտպան («Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթ՝ Աշոտ Մինասյան), կալանավորումը հոդվածի ընթերցողներին կօգնի կողմնորոշվել վերը նշված հարցադրման առումով: