Քրիս Աբանի. Այստեղ ծով չկա

Քրիս Աբանի. Այստեղ ծով չկա

1966 թ․ դեկտեմբերի 27-ին ծնված Քրիս Աբանին նիգերիական արմատներով ամերիկացի գրող է։ Ըստ Աբանիի՝ նա մեկն է Նիգերիայի նոր սերնդի գրողներից, որոնք ամեն կերպ փորձում են անգլախոս հասարակությանը ներկայացնել բոլոր նրա՛նց փորձը, ովքեր ծնվել ու մեծացել են «այդ անհանգիստ աֆրիկյան երկրում»։


***

Մանկությանս սարերը մանուշակագույն են փոշուց ու թեւերից՝
Խայտահավը աղոթքի պես սավառնում էր նոր ձեւավորվող լուսնի կողմ։
Ես ականջիս էի դնում Բինի ծովախեցին։ Այստեղ ծով չկա։
Բայց միա՜յն ծովը։ Մահճակալիս կողքին՝ դատարկ աթոռի վրա 
վերնաշապիկս է չորանում։
Երբեք ոչ ոքի չեմ ասել, որ կերածս ամեն կտոր նարնջին 
Հաջորդում էր ինչ-որ մի բառ պատարագից։ 
Կորիզը թքել։ Ամեն։
Հյութ։ Ամեն։ Մարմին։ 

 

***

Աշխարհը տեսնելու կուբիստական ձեւ։
Ճաք տված պատմություններ՝
ներկա ու բացակա միաժամանակ։
Եղածն ի՞նչ է քարե այս լեզվի, որ թույլ չի տալիս 
Բանաստեղծություններ գրել իգբոյով*։
Akwa - ձու
Akwa - հագուստ
Akwa - լաց
Akwa - անկողին
Աստված Մեղեդին է։ 
Akwa kwara akwa maka na akwa ya kuwara na akwa.
Հագուստն արտասվում էր, որովհետեւ ձուն կոտրվել էր
Անկողնու չորությունից։ 
Սա ավանգարդ չէ։ Սա իգբո լեզվով է։ 
Ehagi bu egu nagu irem.
Քո անունը քաղց է լեզվիս վրա։
Enya gi bu ihe na echekwubem.
Քո աչքերը լույսերն են, որ ապաստանում են ինձ։
Omoloma gi but omoloma’m.
Քո գեղեցկությունը գեղեցկացնում է ինձ։ 
I bu ndu na edubem.
Դու ես ապրելու իմ պատճառը։
Այս բառերը, որ սովորել եմ՝ ոչինչ ամենեւին չեն ասում․
Հավատ, աստված, կրակ, մարդ, մահ, արեւ, քամի,
Ծով, ծով, ծով։
Ես սովորեցի բռնակալ բառը եւ այն նշանակում էր դատարկ։
Ես սովորեցի եղբայրասպանությունը։
Ես սովորեցի ատել եւ մեկ էլ, որ աշխարհը հողահիմք է։ 
Խավար ժամանակներում անձնատուր լինողները սիբարիտներն են։
Ես անուն եմ ընտրում սիրելիիս համար։ 
Nganga - նրբագեղություն։
Amara - գրավչություն։
Obi - սիրտ։
Ngozi - օրհնություն։
Հին երկրում մայրս ծաղիկներ էր տնկում
Հորս քամահրական հայացքի առաջ։
Ամեն մի այգում,
Ամեն մի տանը,
Եվ նշանակություն չուներ՝ 
Որքան ժամանակ էինք ապրելու այնտեղ։
Կարծում եմ՝ պատերազմն էր պատճառը,
Բլիցը Անգլիայում, որ քշեց-տարավ բոլոր ծաղիկները։
Կարծում եմ՝ դրանք սիրո նշանն էին, որ մայրս ցույց չէր տալիս նրան։
Կարծում եմ՝ դրանք ինձ համար էին։
Ինձ ցույց տալու համար, որ միայն անձայնելին է մնայուն։
Եվ այն մնում է ձեռքի շարժումի պես։
Դրախտը այն չէ, ինչ փնտրում ենք, 
Այլ այն, ինչ չենք կարողանում գտնել։
Այն դողդոջուն կախված է ծառի ճյուղից՝ սարդի պես։
Այս է մարմինը Քրիստոսի։
Ամեն։ 

 

***

Թույլ տուր պատմել քեզ վշտի մասին։ 
Մի կին դեգերում է փողոցում ու ձայնում երեխային,
Մինչ ինքնաթիռները ճչում են գլխավերեւում։ 
Եվ շուրջը եղած փամփուշտները խոցում են այծերին,
Ու ծառերին, ու տղամարդկանց, ու կանանց, եւ ի վերջո նրան,
Եվ փոշու մեջ՝ նրա անկենդան ձեռքին անհասանելի մի տեղ
Որդու կտրված գլուխն է։
Հեռվում ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ողբում է։
Թույլ տուր պատմել քեզ ատելության մասին։ 
Հրացանի ծայրի սվինն անցնում է
Մի դեռահասի ոսկրոտ կրծքավանդակով՝ թխադեմ զինվորի ձեռքով,
Որ փրփրակալում է հաճույքից, զարմանում է ձայնի վրա՝
Մետաղ ներծծող մարմնի։ 
Եվ այս տղան մեռնում է, բայց
Նրա աչքերը չեն կորցնում կրակը
Ու չռվել են սպանողի վրա, ասես ուզում են ասել՝
Արա՛, արա՛ դա հիմա, որովհետեւ ե՛ս վերջդ կտամ,
Ու եթե անգամ ես եմ մեռնում, մեկ է՝ դու էլ ինձ հետ։ 
Թույլ տուր պատմել քեզ սիրո մասին։
Ջերսի սիթիի իր տանիքի տակ Սուհիերը լաց է լինում սենյակում պառկած։ 
Նրանք շարունակում են գալ, ասում է նա։
Նամակ նամակի հետեւից։
Որոնցում նրանք մեռնում են կամ մեռած են արդեն, կամ վախեցած։ 
Ես չեմ կարող այլեւս դիմանալ, էլ չե՛մ կարող։
Մենք խոսում ենք Լիբանանի ու Գազայի մասին։
Լոս Անջելեսում ես սփոփիչ ձայներ եմ մռթմռթում՝
Սրճեփը լցնելու ընթացքում։ Զարմանում եմ՝
Մի՞թե այսքանից հետո կկարողանամ CSI նայել։  


(Իգբո - Այս լեզվով են խոսում Հարավային Նիգերիայում բնակվող էկպեյե եւ իգբո ժողովուրդները։

CSI։ Հանցանքի վայրի զննություն - ամերիկյան հեռուստասերիալ)։


Թարգմանությունն անգլերենից` Անահիտ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ