Հազիվ քո ոտքով մտել էիր մետրո, դուրս չգայիր, էլի

Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հասցրեց մետրո նստել, քանի դեռ մեկ ուղղությամբ երթեւեկության արժեքը 100 դրամ էր: Արձանագրենք սույն փաստը եւ սպասենք այն օրվան, որ այդ կծծին 300 դրամանոց մետրո կամ ավտոբուս կնստի: Տեսնենք, թե այն ժամանակ ինչեր է երգելու «բարդացված» եւ թանկացված ուղեւորափոխադրումների մասին: Մեծ բան, էլի, 100 դրամ գցեց Թելսելի ծակի մեջ, Թելսելը տոմս տվեց, ինքն էլ նստեց մետրո ու եկավ աշխատանքի: Եթե ողորմածիկ պապս էլ ախրանա ունենար, մետրոյի կայարանն ու Թելսելի շրջակայքը մաքրեին քաղաքացիներից, կկարողանար տոմս առնել ու մտնել մետրո: Այսինքն, մի մեծ բան չէ արածը. մետրո է նստել, իսկ թե ինչու այդպիսի աղմուկ-աղաղակով, մնում է միայն գուշակել: Փորձենք հասկանալ:
Արդյո՞ք երեկվա մետրո-ներկայացումը տրանսպորտի միասնական վճարային համակարգի անճաշակ գովազդ չէր: Տեսա՞ք, Նիկոլն էլ օգտվեց այդ համակարգից ու գոհ մնաց: Իհարկե, գովազդ էր, այն էլ՝ ինչպիսի անճաշակ գովազդ: Րաֆֆին կասեր՝ առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Երեւանի մետրոյի կայարաններում աշխատանքային աշխույժ ուղեւորափոխադրումներ էին սկսվել: Կայարաններից մեկը, սակայն, դատարկ էր ու ամայի, որովհետեւ գալու էր Մերուժան Արծրունին՝ իր զորքով, եւ ոչ մի հասարակ մահկանացու չպետք է երեւար Մերուժանի աչքին: Ամեն ինչ պատրաստ էր այդ այցի, ինչպես նաեւ Մերուժանի կապիկությունները լավագույնս նկարահանելու համար: Սովորական մետրոյի կայարան էր: Չկար միայն մարդը…
- Էս ինչ լավ էլ Թելսելի ապարատ է, էս ինչ արագ էլ տոմս է տալիս,- մետրո տեսած գեղցու պես գոհունակություն հայտնեց Նիկոլն ու մի ձեւ հասավ գործի:
Ի դեպ՝ չիմացանք, թե որ կայարանից նստեց, բայց ենթադրում եմ, որ իջավ «Հանրապետության հրապարակ» կայարանում եւ մինչեւ կառավարության շենք ոտքով գնաց: Այդ ճանապարհին, սակայն, նա հասցրեց մի լավ գյալաջի անել ինքն իր հետ եւ արդարացնել տրանսպորտի թանկացումը, որն իր եւ իր ընտանիքի բյուջեի վրա որեւէ կերպ չի անդրադառնալու: Ասա՝ քո ոտքով մտել էիր մետրո, դուրս չգայիր, էլի…
Դիմեց նախ թոշակառուներին.
- Ի՞նչ վատ բան կա տրանսպորտի թանկացման մեջ, եթե ձեր «քեշբեքով» կարողանալու եք մեկ ամիս տրանսպորտից օգտվել… 30 տոկոս զեղչն էլ չմոռանանք…
Հիմա հասկացա՞ք, որ մետրոյում նկարված անհաջող գովազդը զուտ գովազդ չէր: Նիկոլի թիրախը, իրականում, ՀՀ քաղաքացին էր, որի ուղեղում պետք է ամրակայվեր եւ արդարացվեր, այսպես կոչված, տրանսպորտային թալանը: Դե իսկ թոշակառուները, եթե ուղեղ ունեն, թող հասկանան, որ իրենց «քեշբեքն» ինչպես տվել էին, այնպես էլ ձեռքներից առան:
Հաջորդիվ հաշմանդամներին դիմեց՝ վա՞տ է, որ այս բարեփոխման (թանկացման) շնորհիվ դուք, որ անվճար օգտվում էիք միայն էլեկտրական տրանսպորտից, այսուհետ կարողանալու եք օգտվել նաեւ ավտոբուսներից… Կարելի է մտածել՝ պետությունն է հոգացել տեղաշարժման դժվարություններ ունեցող մեր հայրենակիցների այդ հոգսը: Մի՞թե այդ հարցը չի լուծվել հենց իրենց՝ քաղաքացիների հաշվին, որոնք փետրվարի 1-ից ավելի մեծ գին են վճարելու քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար:
Այսպես գյալաջի անելով՝ հասավ նաեւ ուսուցիչներին: Սիրելի ուսուցիչներ, մի հարցնող լինի՝ դո՞ւք ինչու եք դժգոհում տրանսպորտի թանկացումից: Էն, որ գնացել, կամավոր ատեստավորում եք անցել ու բարձր աշխատավարձ եք ստանում, մի՞թե աշխատավարձի այդ հավելումը չի կոմպենսացնում տրանսպորտի թանկացումը…
Ի՞նչ ասեմ՝ չգիտեմ: Աշխարհ, կանգնիր, հանճարեղ վարչապետս տեղ հասավ… Փաստորեն չգիտեինք, որ ուսուցիչները կամավոր ատեստավորում են անցել, որպեսզի ավելի թանկ երթեւեկեն: Շնորհավորում եմ, թանկագին ուսուցիչներ, դուք միշտ մեր կառավարության ուշադրության կենտրոնում եք:
Ես այսքանը միայն կարողացա ֆիքսել վարչապետի մետրոյախառը գովազդից եւ Երեւանի մաքուր օդում նրա տարածած հանճարեղ մտքերից: Մնացածի մասին արդեն պողոսները կխոսեն փետրվարի 1-ին եւ դրանից հետո:
ՀԳ. Ամեն դեպքում՝ Թելսելի բոլոր ապարատների մոտ պարեկներ դրեք:
Կարծիքներ