Վարչապետի վերջին հարցազրույցը դարձել է խոսնակի ազատման պատճա՞ռ

Վարչապետի վերջին հարցազրույցը դարձել է խոսնակի ազատման պատճա՞ռ

Հեռուստադիտողները նկատել են, որ Պետրոս Ղազարյանի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը տեխնիկական թերություններ ուներ` խոսքից ինչ-որ մասեր կտրված էին, տեսանյութը մոնտաժված էր։ Իսկ երբ նոյեմբերի 9-ին վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն անսպասելի հրաժարական տվեց, կուլիսներում սկսեցին խոսել, որ նա վարչապետի հեռուստաեթերի հերթական «զոհն» է: Չնայած հարցազրույցը նախապես նկարվել եւ մոնտաժվել էր` ուղիղ եթեր չէր:

Համանման դեպք տեղի ունեցավ 2019թ․ ապրիլի 17-ին, երբ համացանցում հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի եթերի աշխատանքային կադրերը, որոնց ժամանակ նա ջուր էր խմում, հանձնարարում` փողոցը փակել, որ մեքենաների ձայները չլսվեն, եւ այլն։ Մինչ մարդիկ գուշակում էին, թե ում մեղքով է այդ կադրերի արտահոսքը եղել, Փաշինյանը գործից ազատեց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին եւ եւս 4 աշխատակցի, այդ թվում՝ Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանին: Հ1-ը պարզաբանեց, որ վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են տեխնիկական տեսաազդանշանը, այսինքն՝ արտահոսքն իրենցից չի եղել, այլ՝ թշնամական հեռուստաընկերություններից: Իսկ Մարգարիտա Գրիգորյանն էլ նշեց, որ նկարահանման ողջ ընթացքին ներկա են եղել վարչապետի խոսնակը եւ տեղեկատվական վարչության աշխատակիցները։ Մանե Գեւորգյանը հակադարձեց, թե դա չի նշանակում, որ պետք է բաց կապուղի ապահովեին. «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ»:

Նիկոլ Փաշինյանի եթերների երկրորդ «զոհը» եղավ նրա մյուս խոսնակը` Վլադիմիր Կարապետյանը, որն այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է: Նա պաշտոնին հրաժեշտ տվեց, երբ 2019-2020թթ․ տարեմուտի ելույթում Փաշինյանը մոտ երկու րոպեով խախտեց  2020 թ․ ավետումը, եւ մի հատված անձայն հեռարձակվեց։ Հ1-ում ասում էին` «սուֆլյորը թռել էր»: Պարզվում է` Նիկոլ Փաշինյանը շատ խստապահանջ է միայն եթերի հարցում եւ նման կիքսերը չի ներում, այլ բան է, որ երբեմն պատժվում են ոչ հիմնական մեղավորները: Իսկ այն, որ 44-օրյա պատերազմի օրերին կամ դրանից հետո ինքը հայտնվում էր տրագիկոմեդիկ  իրավիճակներում, երբ անհասկանալի հոգեվիճակում զանգահարում էր առաջնագիծ, քաղաքացուն կոչ էր անում՝ «եկել է վրեժի ժամանակը», ակնհայտորեն հարբած լայվ էր մտնում կամ աղավաղված դեմքով ասում էր` «թող ոչ ոք չկասկածի իմ՝ գերագույն գլխավոր հրամանատար լինելուն», այդ ամենը ոչինչ։ 

Վերադառնանք նախօրեի եթերին: Հանրայինի հաղորդավար Պետրոս Ղազարյանից փորձեցինք պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանն իր եթերային խոսքից դժգոհություն հայտնե՞լ է, եւ տեխնիկական խոտանն ո՞ւմ մեղքով է եղել։ «Մենք ոչ մի բան չենք կտրել։ Եղել է տեխնիկական խնդիր, ոչ թե մոնտաժ»,- ասաց նա։ Ի՞նչ տեխնիկական խնդիր էր։ «Մի կադրը երկար գնաց, չէ՞»։ Իսկ Մանե Գեւորգյանը մեղք ունի՞։ Ղազարյանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետի գրասենյակ եւ հրաժարվեց ասել, թե այդ խնդիրն ում մեղքով է եղել: Մենք միայն կարողացանք պարզել, որ հարցազրույցը եթեր գնալուց հետո Յութուբից հանել են, նորից շտկումներ արել եւ կրկին տեղադրել: