«Հրապարակ». Դավթաշենի նախկին ղեկավարը երկու ճակատում էլ հաղթել է իրավապահներին

«Հրապարակ». Դավթաշենի նախկին ղեկավարը երկու ճակատում էլ հաղթել է իրավապահներին

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական մարմինները պարտվել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր Ռուսլան Բաղդասարյանին։

Հիշեցնենք․ նրա նկատմամբ քննչական մարմինները սկսեցին աշխատել այն բանից հետո, երբ նա հրապարակավ պահանջում էր այս իշխանությունների հեռացումը։ Նա 2018-ի իշխանափոխությունից հետո հեռացվեց պաշտոնից, մինչ այդ Դավթաշենի ղեկավարն էր` դեռեւս 2012 թվականից։

2019-ին Ռ. Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ ենթադրյալ առերեւույթ չարաշահումների դեպքով։ Դրա վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով. «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-2018թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 մլն 720 հազար 929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է»: 

Քրեական գործից հետո դատախազությունն էլ իր հերթին անցավ գործի՝ այս անգամ հարուցելով քաղաքացիական գործ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նախորդ տարի Ռուսլան Բաղդասարյանի դեմ գույքի եւ բռնագանձման պահանջ էր ներկայացրել։ Պահանջում էր բռնագանձել Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքը, «Toyota Camry 3.5» մակնիշի ավտոմեքենան եւ մոտ 202 մլն դրամ: Գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան։
Պարզվում է` մոտ 4 տարի ընթացած նախաքննության եւ դատաքննության արդյունքում այս երկու գործով էլ Բաղդասարյանը հաղթել է․ երկու գործն էլ կարճվել են, մեկը՝ դատարանում, մյուսը՝ նույնիսկ մինչեւ դատարան ուղարկելը։

Ռուսլան Բաղդասարյանը մեզ հետ զրույցում քաղաքացիական գործի վերաբերյալ ասաց․ «Եկամուտներս ցույց եմ տվել, կարճվել է»։ Հարցին, թե ուսումնասիրության փուլո՞ւմ է ներկայացրել իր նշած «եկամուտները», թե՞ դատաքննության, պատասխանեց․ «Չէ, այդ փաստաթղթերը չէի հասցրել ներկայացնել, գնաց դատարան, այնտեղ նոր հասցրեցի․․․ Ապացույցների բեռի բաշխում եղավ, դրանից հետո փաստաթղթերը ներկայացրել եմ, որից հետո կարճվել է»։ Անդրադառնալով քրեական գործին՝ նշեց, որ այն ընդհանրապես դատարան չի հասել, բայց դժվարացավ հիշել, թե ինչ հիմքով է քրգործը կարճվել։

Ժամանակին, երբ Փաշինյանի իշխանությունը ձեռնամուխ եղավ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենք ընդունելուն եւ գործընթաց սկսելուն, տարբեր իրավաբաններ զգուշացնում էին, որ այս օրենքը եւ գործընթացը պատուհաս են դառնալու մեր պետության եւ հենց իր` իշխանության գլխին, քանի որ մարդկանց սեփականությունը խլելը շատ լուրջ քայլ է, եւ մեծ պրոֆեսիոնալիզմ եւ արդար նախաքննական ու դատական համակարգ պետք է ունենա տվյալ երկիրը, որպեսզի օրենքի կիրառման ժամանակ չարաշահումներ, անհավասար վերաբերմունք, կոռուպցիա, քաղաքական հետապնդումներ չիրականացվեն: Հաշվի չառան այդ զգուշացումները, անգամ չլսեցին, որ նման օրենքն ավելի է բեւեռացնելու մեր հասարակությանը, գործիք է դառնալու իշխողների ձեռքին` իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Եվ ամենակարեւորը. չգիտակցեցին, որ այս օրենքը, որը, ի դեպ, շատ քիչ երկրներում է գործում, անմեղության կանխավարկածի եւ իրավաբանության գլխավոր սկզբունքի ոտնահարում է, քանզի հանցանքի-պատժի ինստիտուտը կանգնած է մի կարեւոր սկզբունքի վրա` ոչ թե հանցագործը պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ մեղադրանքը ներկայացնողը պետք է ապացուցի նրա կատարածը: Այս դեպքում մարդուն ստիպում են ապացուցել իր անմեղությունը, որ իր գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով: Եվ եթե մարդը տասնյակ տարիներ առաջ գնած իր գույքի ձեռքբերման հիմքերը հանկարծ պահպանած չի լինում, նրա գույքն ուղղակի խլում են ձեռքից: Կոնկրետ այս դեպքում Ռուսլան Բաղդասարյանը կարողացել է գտնել եւ դատարանին ներկայացնել իր գույքի հիմքերը` ապացուցելով, որ այն գողացված փողերով չի գնվել: Բայց արդյո՞ք մյուս բոլոր «մեղադրյալները» կարողանում են դա անել, թե՞ դա ՔՊ-ական ռեկետյորներին չի էլ հետաքրքրում: