Ռուսական ռուլետկան եւ թավշյա «հեղափոխության» հաղթանակը

Ռուսական ռուլետկան եւ թավշյա «հեղափոխության» հաղթանակը

Ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքի մասնակիցների թիվն անհամեմատ քիչ էր նախորդ օրվա համեմատ, իսկ 14-ի լույս 15-ին գիշերողներն էին ավելի քիչ, քան նախորդ գիշեր, ապրիլի 15-ին ավելի պակաս էին։ Նիկոլը հայտարարեց, որ դադարեցնում են շուրջօրյա նստացույցը Ֆրանսիայի հրապարակում, եւ  հանրահավաքները տեղափոխվում են Հանրապետության հրապարակ։ Այստեղ հանրահավաքը ոչ միայն բազմամարդ էր, այլեւ բարձր էներգետիկա ուներ, միաժամանակ լուրեր էին հասնում, որ օլիգարխները, հատկապես ռուսական կողմնորոշումով, իրենց աշխատողներին ուղարկում են հրապարակ։

Ուշագրավ էր պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը․ «Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են, մենք չենք խառնվում, բայց ուշադիր հետեւում ենք զարգացումներին»։ Համաժողովրդական շարժումը ժամառժամ թափ էր հավաքում եւ ընդգրկում ողջ հանրապետությունը, ինչի վկայությունն էր նաեւ հանրապետականների փախուստը մայրաքաղաքից, ֆրակցիայի նիստը Ծաղկաձորում, իսկ վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ին, պատգամավորները գիշերել էին ԱԺ-ում։

Սերժ Սարգսյանի՝ վարչապետ հռչակվելուց հետո շարժումն էլ ավելի թափ հավաքեց, եւ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի թելադրած պայմաններով հանդիպման հրավերն ընդունելը՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, շարժման դե ֆակտո հաղթանակն էր, ինչը վերջնական եւ անշրջելի դարձավ, երբ նա Փաշինյանին ասաց․ «Մարտի 1-ից դասեր չեք քաղել»։ Դա հարված էր մեր ժողովրդի նուրբ լարերին։ Սարգսյանը, լինելով փորձված քաղաքական գործիչ, չէր կարող չգիտակցել, թե դա ինչ անդառնալի հետեւանք կարող է ունենալ իր համար։

Ստացվում է՝ նա ներքաշվել էր մի գործընթացի մեջ, որը հնարավոր է, որ բերեր  իշխանությունից  իր  դուրսմղմանը։ Մտածել, որ նա կամավոր մտել էր այդ գործընթացի մեջ, տրամաբանական չէ։ Հաշվի առնելով այն, որ վերջին տասնամյակներում Հայաստանում հիմնական հարցերը լուծվել են ռուսների միջոցով կամ համաձայնությամբ, կարելի է ենթադրել, որ նրանք էլ էին մերժում Սարգսյանին, որովհետեւ նա լավրովյան պլանը չկարողացավ կամ չցանկացավ կյանքի կոչել։ Ռուսներն  այլեւս Սարգսյանին չէին վստահում, եւ նա պետք է հեռացվեր, ինչին Սարգսյանը, ՀՀԿ-ականները փորձում էին դիմադրել։ Դրան ի պատասխան՝ ռուսները նախաձեռնեցին մասսաների ճնշման տակ նրա հեռացումը՝ փոխարենն առաջարկելով Կարեն Կարապետյանին։

3 տարի անց, երբ վերլուծում ես 2020-ի պատերազմը՝ իր կապիտուլյացիոն հանգրվանով, նախկին  իշխանությունների, նրանց սպասարկողների եւ պարագլուխների պահվածքը, հետեւությունն այն է, որ 2018-ի գործընթացները նախաձեռնել են ռուսները, եւ հիմնական գործող անձինք են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, եւ այդ արարը 2020թ․ լավրովյան պլանի կյանքի կոչելու հիմնական  մասն էր։ Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ ինքը  2018-ին որոշեց դառնալ վարչապետ, որպեսզի լուծեր Ղարաբաղի հարցը, այն է՝ կյանքի կոչեր լավրովյան պլանը, չի համապատասխանում իրականությանը, նույնիսկ Փաշինյանը, իրեն Քրիստոս  հռչակելով, չկարողացավ բարձրաձայնել 5+2 շրջանները հանձնելու մասին, ավելին՝ նախկիններին մեղադրում էր հողերը հանձնելու պատրաստակամության մեջ, որ ինքը ստիպված է իր կետից բանակցել։

Իրականում պատերազմը՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, մեր «դաշնակից» Ռուսաստանի պահվածքը, ավելի ճիշտ՝ նրանց դավադիր դաշինքը թուրքերի հետ, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կրավորական պահվածքը թույլ են տալիս եզրակացնել, որ կար միջազգային կոնսենսուս՝ մադրիդյան պլանը կյանքի կոչելու, որին աջակցում էին Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական վերնախավերը։ Ռուսներն  առայժմ շարունակում են պահել Նիկոլ  Փաշինյանին։ Միաժամանակ 17-ը եւ մյուս շարասյուները երկիրը պահում էին անկայուն վիճակում՝ խորացնելով քաոսը, փորձելով պարտադրել հրաժարվել ինքնիշխանությունից եւ Հայաստանը բռնակցել Ռուսաստանին։ Այս կործանարար հանգրվանի սկիզբը դրվեց 2018-ին, երբ  բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀՊՃ-ն, մեկուսացվեցին, եւ արենայում մնաց միայն Նիկոլ Փաշինյանը՝ իր չկայացած ջահելներով։ 

Այդ գործընթացը պետք է վերահսկելի եւ կառավարելի լիներ, որին խոչընդոտում էր ՀՀՊՃ-ն, այդ պատճառով էլ ճակատը պետք է դուրս մղվեր, ինչը եւ արվեց։ Այս գործընթացների նկատմամբ դիտորդի դերում չէր նաեւ Արեւմուտքը։ Այսպես կոչված՝ տարատեսակ քաղաքացիական նախաձեռնություններն ակտիվորեն մասնակցում էին շարժմանը, մի մասն ընդգրկված էր ՀՀՊՃ-ում, որոնք շարժման ակտիվ փուլում առանձին հանդես եկան «Մերժիր Սերժին» նախաձեռնությամբ, եւ, ի տարբերություն ճակատի, նրանց թույլատրվեց համագործակցությունը Փաշինյանի հետ։ Արեւմտյան աղբյուրներից սնվող տարատեսակ հասարակական  կազմակերպությունների մասնակցությունը շարժմանը եւս համաձայնեցված եւ ծրագրավորված էր, որպեսզի ռուսական քարոզչամեքենան Հայաստանում ընթացող գործընթացները ներկայացնի որպես գունավոր հեղափոխություն եւ նոր ձեւավորվող իշխանությանը՝ սորոսականների իշխանություն։

Սերժ Սարգսյանը պարտադրված ներքաշվել էր ռուսական կողմի նախաձեռնած, Արեւմուտքի ակտիվ մասնակցությամբ գործընթացներին, որտեղ լուրջ դերակատարում ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարժման օրերին հռչակվեց ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, իսկ որպեսզի դե յուրե դառնար վարչապետ, պետք է ձեւացներ, թե հաղթահարելու է ռուսական արգելքը, ինչը եւ արվում էր յուրաքանչյուր օր։ Ցանկացած հրապարակային միջոցառումների եւ հանրահավաքների ժամանակ Փաշինյանը եւ իր թիմակիցները երդվում էին, որ արտաքին  քաղաքական վեկտորում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, ավելին՝ նույնիսկ գովաբանում էին ժամանակին իրենց կողմից մերժված ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն։ Եվ եթե մինչեւ ապրիլի 23-ը ռուսական քարոզչությունը նույն չեզոք տոնայնությունն էր պահում, ապա ապրիլի 23-ից հետո կտրուկ փոխվեց, եւ ներկայացվում էր որպես գունավոր հեղափոխություն՝ Արեւմուտքի կողմից նախաձեռնված։

Ռուսաստանը տպավորություն էր ձեւավորում, թե իր ցանկալի թեկնածուն Կարեն  Կարապետյանն էր, նաեւ գործնական քայլեր նախաձեռնեց, մասնավորապես՝ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որին հաջորդեց Կարապետյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու փորձը, ինչին, ըստ մամուլի հրապարակումների, դեմ են եղել ուժայինները, որոնք ինքնուրույն ի վիճակի չէին որոշումներ ընդունել, քանի որ  հիմնականում ռուսական ազդեցության տակ են։ Ռուսները ցույց էին տալիս, որ իրենց ցանկալի թեկնածուն  Կարեն Կարապետյանն է, բայց իրականում աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլի հետ բանակցությունների ընթացքում ներքուստ զգում էի, որ կան ստվերային  գործընթացներ, ինչը համոզմունք դարձավ ապրիլի 12-ին։ Պտղնիում եւ դրան հաջորդող իրադարձությունները՝ ապրիլի 13-15-ը, եւ վերջնական հանգրվանը՝ Ս․ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, 5 օր հետո հրաժարականը, մնացածն այլեւս տեխնիկայի խնդիր էր, որը ոսկերչական ճշգրտությամբ տարվում էր։ Ըստ իս, Սարգսյանը հրաժարականից հետո էլ ակտիվ խաղի մեջ էր, ինչի վկայությունն  է արտահերթ ընտրությամբ ձեւավորված ԱԺ-ն։ Եվ, ուրեմն, թավշյա «հեղափոխությունը» շարունակվում է՝ կազմաքանդվում են ազգային եւ պետական հենասյուները։

Շարունակելի
 Պետրոս Մակեյան