ՀԱՊԿ-ն լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր ՀՀ քարտեզը․ այն հեռացված է

 ՀԱՊԿ-ն լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր ՀՀ քարտեզը․ այն հեռացված է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ՀՀ սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։

ՀԱՊԿ քարտուղար Զասը, ով գտնվում է Հայաստանում` ՀԱՊԿ առաքելության հետ, չորեքշաբթի օրը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։

Մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հնարավոր հետագա ձեռնարկելիք միջոցները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից, որտեղ վերոնշյալ հանդիպումից այս պահին միայն մեկ լուսանկար է հրապարակված, մինչդեռ տևական ժամանակ առաջ ևս մեկ լուսանկար էր տեղադրվել, որն այժմ հեռացվել է։ Հեռացված լուսանկարում պատկերված էր նաև ՀՀ քարտեզը, որում Սյունիքի հատվածում ուղիղ գծանշում կար արված։ Քաղաքացիներից մեկը զանգահարեց մեզ ու մտավախություն էր հայտնում, թե արդյոք դա կարո՞ղ է հայտնի միջանցքը լինել։ Մենք տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ 

«Հարցը, թե ինչու են տեղադրել և ջնջել լուսանկարը, պետք է ուղղել ՀԱՊԿ մամուլի ծառայությանը»,- ասաց Թորոսյանը։ Քաղաքացու մտավախության վերաբերյալ մեր դիտարկումներին ի պատասխան, թե` արդյոք դա կարող է միջանցքի գծանշումը լինել, Թորոսյանը արձագանքեց․ «Ոչ»։