Հայ Առաքելական եկեղեցին պետք է բարենորոգվի

Հայ Առաքելական եկեղեցին պետք է բարենորոգվի

1517 թ. աշնանային մի գեղեցիկ օր Վիտտինբերգում հայտնվեցին Մարտին Լյութերի 95 թեզիսները, որոնցով և նշանավորվեց մարդկության պատմության խոշորագույն հեղափոխական շարժումներից մեկի՝ Ռեֆորմացիայի մեկնարկը։ Գործընթացն այդ դարձավ այն մեկնակետը, որի հիման վրա Արևտմյան Եվրոպան հայտնվեց զարգացման անկասելի ընթացքի մեջ՝ նույնիսկ այն երկրները, որտեղ Կաթոլիկ եկեղեցին պահպանեց իր գերակա կարգավիճակը։ Անկախ ամեն ինչից եկեղեցին ծանրագույն պարտություն կրեց և աստիճանաբար սկսեց հեռանալ ակտիվ քաղաքական արենայից։

Հայկական մշակութային միջավայրում անհաղթահարելի ու շարունակական ճգնաժամի առաջնային պատճառներից մեկն այն է, որ հայ հանրությունը այդպես էլ չհաղորդակցվեց Ռեֆորմացիայի գաղափարների հետ՝ շարունակելով պարփակվել «Հայկական Վատիկանի»՝ Հայ առաքելական եկեղեցու, աստվածապետության անսահման սահմանափակվածության տիրույթում։ Իր հերթին ճգնաժամի մեջ է նաև Հայ առաքելական եկեղեցին, որը վերջին 600 տարիներին ո՛չ բարենորոգվել է և ո՛չ էլ մոդեռնիզացվել: Այսինքն եկեղեցին՝ որպես ինստիտուտ մնացել է ուշ միջնադարում, իսկ դրսում արդեն 21-րդ դարն է: Փաստորեն Էջմիածինը ո՛չ ինքն է բարենորոգվել և ո՛չ էլ թույլ է տվել ազգին մոդեռնիզացվել ու ռեֆորմների ենթարկվել: Ահա սա է պատճառը, թե ինչու հայ ժողովուրդը ավելի քան 600 տարի մատնվել է անտերության ու ապրել ծայրահեղ հետադիմության պայմաններում՝ չկարողանալով նույնիսկ մի  կարգին ազատագրական պայքար նախաձեռնել: Ի վերջո անգրագիտության և հետադիմության մեջ պարփակված անտեր ժողովուրդը ցեղասպանվել է, քանի որ հարյուրամյակների ընթացքում այդպես էլ չի գտնվել կենսունակ այնպիսի մի ինստիտուտ, որը կառաջնորդեր ազգի բարենորոգվելու և մոդեռնիզացվելու բնական պահանջարկը: Այդ գործընթացը եկեղեցին չէր կարող առաջնորդել, քանի որ հենց ինքն էր հետադիմության աղբյուրը: 

Ներկայումս թեկուզ հապաղած պայմաններում հայ հանրությունը, այնուամենայնիվ պետք է հաղորդակցվի Ռեֆորմացիայի գաղափարների հետ: Խոսքը եկեղեցուն կազմաքանդման ենթարկելու գործընթացի մասին չէ, այլ՝ մտածողության փոփոխության: Եկեղեցին և ազգը պետք է կարողանան ազատագրվել միջնադարի հետադիմական տիղմից ու անցում կատարել դեպի ժամանակակից աշխարհ, որտեղ մարդկանց ո՛չ այրում են և ո՛չ էլ կտտանքների ենթարկում: Մտածողության փոփոխությունը կօգնի նաև եկեղեցուն վերաիմաստավորել իր գոյությունը ժամանակակից աշխարհում, քանի որ նա էլ դեռևս չի կարողանում հասկանալ իր բուն առաքելությունը անկախ Հայաստանում: Հոգևորականները գիտեն շփվել պարսից շահի, թուրքական սուլթանի, ռուսաց ցարի և խորհրդային ԿԳԲ-ի աշխատակիցների հետ, ավելին՝ նրանք սովոր են հանդես գալ որպես միջնորդ հայ ժողովրդի և օտար տիրապետությունների միջև: Բայց նրանք դեռևս չգիտեն, թե ինչպե՞ս պետք է փոխհարաբերվեն անկախ պետության իշխանությունների և քաղաքացիների հետ: Սա չափազանց լուրջ մարտահրավեր է եկեղեցու համար: 

Ցավոք սրտի պետք է  արձանագրենք, որ եկեղեցու սպասավորների մի զգալի մասը անգրագետ են և չեն տիրապետում իրենց բուն առաքելությանը: Կարծես թե հոգևորականները չեն կարողանում հասկանալ Աստվածաշնչի բուն էությունը, չնայած, որ անգիր են սովորել դրա բոլոր գլուխները: Աստվածաշունչը դիցաբանական և փիլիսոփայական գիրք է կամ գրքերի ամբողջություն: Այլ խոսքով` այն ժողովածու է, որի մեջ տեղ են գտել պատմական տարբեր ժամանակաշրջաններում գրված գրքեր: Դրանից ելնելով դրա մեջ առկա են բազմաթիվ և նույնիսկ անհաշվելի քանակության հակասություններ: Այդ հակասությունները հնարավոր է հավասարակշռել միայն, եթե գրքին նայենք քրիստոնեական համապարփակ վարդապետության և էկզեգետիկայի տեսանկյունից: Մեծ հաշվով աստվածաշնչյան ընթերցանությունը հավատացյալին ոչ մի տեղ չի տանի, եթե ընթերցողը դրան չմոտենա այլաբանական տեսանկյունից: 

Եկեղեցու ծայրահեղական սպասավորները այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում, նրանք Աստվածաշնչին Շարիաթի (Իսլամական իրավունք) կարգավիճակ են տալիս: Շարիաթում կետերով թվարկված են անհատի համար հարամ կամ էլ հալալ գործողությունները, ցույց են տրված պատժի չափերը, դատավճռի տեսակները և այլն՝ նայած, թե խնդրո առարկային որ իրավական դպրոցի (մազհաբ) տեսանկյունից ես նայում: Բայց Աստվածաշունչը Շարիաթ չի, և եթե ինչ-որ գլխում գրված է, որ աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, ապա չի նշանակում, որ 21-րդ դարում այդ նույն տրամաբանությամբ մենք էլ պետք է այրենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին: Աստվածաշնչում գրված ամեն առասպել հենց այդ նույն քրիստոնեական վարդապետության մեջ կրեդոյի կարգավիճակ չունի և չի էլ կարող ունենալ: Այսինքն չի կարելի ինքնուրույն մեկնաբանություններ անել, վերցնել կամայական որևէ աստվածաշնչյան տող և դրան բացարձակ ճշմարտության կարգավիճակ շնորհել: Դա նույնն է, երբ մեր «քուչի բիսետկայում» փորձեն վերլուծել Արիստոտելի Պոետիկան: 

Եվ վերջապես պետք է հաշվի առնել Հին Կտակարանի և Նոր Կտակարանի տարբերությունները: Տեքստերը պատմահամեմատական վերլուծության ենթարկելուց հետո պարզ է դառնում, որ դրանց վրա իրենց էական դրոշմն են թողել նաև գրման ժամանակաշրջաններում տիրապետող հասարակարգերը: Աստվաշաշնչյան առաջին գլուխները գրվել են հրեական ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանում, իսկ Նոր կտակարանը գրվել է 1-ին դարի կեսին: Սոցիալական փոխհարաբերությունների տարբերությունները չափազանց ակնբախ են, դրանք պարզ դրսևորված են ինչպես Հնգամատյանի առասպելաբանական ընկալումներում, այնպես էլ 1-ին դարի արդեն կոնկրետ ձևավորվող դավանաբանական տեքստերում: Հին կտակարանում աստված ահեղ է, չի ներում, երկնքից կրակներ է իջեցնում, Նոր Կտակարանում Հիսուս Նազովրեցին խաչի վրա խնդրում է հորը ներել բոլորին և մահանում ու հարություն է առնում բոլորի փրկության համար: Էս տարբերությունները պետք է հաշվի առնվեն, այլ ոչ թե վերցնենք մի աստվածաշնչյան տող ու ինքնագլուխ ոնց ուզենք մեկնաբանենք: 

Վերջապես քրիստոնեական վարդապետության մեխը սիրո գաղափարն է: Հենց այս ճշմարտությունը չեն կարողանում հասկանալ մոլեռանդ հավատացյալներն ու կղերականները: Նրանք քրիստոնյա են ձևով, բայց հոգու խորքում թքած ունեն քրիստոնեական սիրո գաղափարի վրա: Վերջերս միշտ հիշում եմ Նապոլեոն Բոնապարտին վերագրվող այս խոսքերը. «Ալեքսանդր Մեծի, Հուլիոս Կեսարի և իմ զենքի ուժով իրականացրած նվաճումները ժամանակի ընթացքում կորցրեցին իրենց արժեքն ու հմայքը և դարձան հիշողություն՝ ամփոփվելով պատմության փոշու մեջ։ Բայց կա մեկը, ով պատառոտված շորերով իջավ խաչից ու իր սիրով նվաճեց ողջ աշխարհը»։ 

Անկախ ամեն ինչից հանրային դիսկուրսում պետք է առաջնային պլան մղվի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը: Եկեղեցին պետք է հստակ տարանջատվի պետությունից, իսկ հանրային կյանքի կրոնականացման ցանկացած փորձ պետք է արմատախիլ արվի: Սա է մեր զարգացման ճանապարհը, որն այլընտրանք չունի: Կբարենորոգվի՞ եկեղեցին, թե ոչ, դա Էջմիածնի խնդիրն է, իսկ մեր խնդիրը ժողովրդավարական, իրավական, սոցիալական և աշխարհիկ պետության կառուցումն է: Եթե հայ հանրությունը չառերեսվի Ռեֆորմացիայի գաղափարների հետ, ապա չի բացառվում, որ օրերից մի օր Հայաստանի վարչապետը համբուրի կաթողիկոսի կոշիկը՝ ձիու սանձից բռնած ուղեկցելով նրան Էջմիածնի Մայր տաճարի բակում, ինչպես՝ Ֆրիդրիխ Շիկամորուսը` Ալեքսանդր 3-րդին Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում։ Չի բացառվում նաև, որ կաթողիկոսը Գրիգոր 7-րդ պապի օրինակով գա այն համոզմանը, թե կաթողիկոսի միակ առաքելությունը աշխարհիկ իշխանությանը տիրելն է։ Ինչու՞ եք ծիծաղում։ Չէ՞ որ հայաստանցիները միջնադարյան ավանդույթներ սիրող ու հարգող հանրություն են։ Նրանք թքած ունեն ապակրոնական գիտության համար ճանապարհ բացող «այլասերված» Ռեֆորմացիայի վրա։