Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ կատարել․ պաշտպանի հայտարարությունը

Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ կատարել․ պաշտպանի հայտարարությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատախազությունն ու դատարանը թույլ չեն տալիս, որ մեկնի արտերկիր անհրաժեշտ բուժում ստանալու համար։ Այս մասին «Հրապարակին» ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Խաչատրյանի խոսքով՝ անընդհատ խոչնդոտներ են ստեղծվում, չնայած որ բազմիցս ապացուցվել է, որ նա ունի հիվանդություն, որը Հայատսանում հնարավոր չէ բուժել․

«Պարբերաբար այս գործով խնդիրներ են լինում, երբ մենք խնդրում ենք, որ  թույլ տան մեկնել արտերկիր՝ կոնկրետ հիվանդության հետ կապված բուժում ստանալու, ձգձգվում է, հետաձգվում է, մերժվում է, և որպեսզի մերժումները իրենց՝ դատարանի և դատախազության կարծիքով, լինեն ձևականորեն քիչ թե շատ հիմնավորված, իրենք սկզբում, օրինակ, որոշում են կոնսիլիում նշանակել։ Օրինակ, երբ նախաքննության փուլում էր, և Գագիկ Խաչատրյանը ընդամենը մեկ զանգով ընդհատել էր հետվիրահատական բուժումը և ներկայացել էր, որից հետո բժիշկն ասում էր՝ արի, շարունակիր հետվիրահատական բուժումդ, որովհետև եթե չանես, կրկնակի վիրահատության կարիք կառաջանա, այն ժամանակ Քննչականն ու դատախազությունը որոշեցին, որպեսզի հանձնարարեն առողջապահության նախարարին, կոնսիլիում անեն, առաջատար մասնագետները որոշեն՝ կա՞ հիվանդություն, թե՞ չկա, և եթե կա, ապա Հայաստանում հնարավո՞ր է բուժել, թե՞ ոչ։ Այդ պատասխանը առողջապահության նախարարությունը հատուկ չէր ուղարկում, ձգձգում էին, որովհետև մենք բոլոր հետազոտություններն անցել էինք և պարզվել էր, որ կա ողնաշարի վիրահատության կարիք և դա Հայաստանում հնարավոր չէ կատարել։ Պատասխանը ձգեցին, և տրամադրեցին միայն Գագիկ Խաչատրյանին ձերբակալելուց հետո, այսինքն՝ նպատակն այն էր, որ կալանք լինի, ձերբակալում լինի, որ հետո դա պատճառ բռնեն, ասեն, որ դրա համար թույլ չեն տալիս»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։