Սիրան Գրիգորյան․ Սրտի թալան

Սիրան Գրիգորյան․ Սրտի թալան

ՄՈՌԱՑՈՒՄ 

Կատուները ոռնում էին սիրուց, 
Մեր սերը շշուկ էր կիսաձայն, 
Չեմ հիշում երբ եկար, որտեղից, 
Իրար դեմ մենք մենակ, անպաշտպան: 

Դու մի կատու էիր տաքուկ,
Իմ սառցե թե հրե ամրոցում, 
Քեզ սիրելով ինձ ատում էի ծածուկ, 
Ինչու էի ատում, էլ չեմ հիշում: 

Խնդրում էիր ինձ անել մի բան,
Ես հեկեկում էի վախից, 
Կատուներն ազատ էին այնքան, 
Չեմ հիշում` ինչու էի լալիս... 

Կատուներն այդպես էլ չմեծացան, 
Նրանք դեռ ոռնում են սիրուց, 
Մեր սերը շշուկ էր կիսաձայն, 
Ի՞նչ սեր էր, որ մոռացվել է վաղուց...

 

ԱՆՍԵՐ 

Ես խաբում եմ քեզ, 
Դու խաբում ես ինձ, 
Ուժեղ ենք մենք այսպես: 

Ես ներում եմ քեզ, 
Դու ներում ես ինձ, 
Բարի ենք մենք կարծես: 

Ես գրկում եմ քեզ, 
Դու գրկում ես ինձ, 
Հրճվում ենք մենք անտես: 

Իբր սիրում եմ քեզ, 
Իբր դու էլ ինձ, 
Երջանիկ ենք ասես:


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

...քեզ փնտրեցի հրապարակներում, 
աղավնավաճառների եւ լումայափոխների մեջ, 
ավազակների որջերը փորփրեցի թաքուն, 
փարիսեցիների ամբոխներում ման եկա ես, 
օրենսգետների շարքերին խառնվեցի,
մի պահ ինձ թվաց, թե գտա քեզ, 
արեւի, լուսնի ու աստղերի վրա,
նշաններ տեսա կարծես, 
աղոթք արեցի՝ փորձության մեջ չընկնես, 
քնով անցա տրտմությունից եւ երազներ շահեցի, 
ուռկանը ծովը գցեցի, ձկներ քաշեցի դեպի մեզ
ինձ քարերով հարվածում էին, 
մեկն էլ հուդայաբար համբուրեց... 
այս ամենն ինձ դուր եկավ, նրանք բոլորն էլ հուզեցին ինձ, 
եւ մատնեցի քեզ անառիթ, փնտրելն էր ինձ դուր գալիս 
մեղավոր եմ ես, մարդ, հասկացիր ոնց կուզես, 
քեզ, մերձավոր ի՛մ, չսիրեցի ես քեզ, 
Աստված ինձ կների, որքան էլ դու դատես...

 

ՈւՇԱՆՈՒՄ ԵՍ 

Մեկի մահվան օրն է այսօր, 
Մեկ ուրիշի տարեդարձը,
Ես ներում եմ քեզ ամեն օր, 
Ուշանում է վերադարձդ: 

Մի տեղ հացի կռիվ է լուրջ,
Ուրիշ մի տեղ ջուրն է պակաս, 
Դու ինձ համար հույսի կամուրջ, 
Ուշանում ես, ուր ես, չկաս:

Մեզ մոտ հիմա աշուն է ցուրտ, 
Անձրեւներ են համատարած, 
Ես դարձել եմ բառերի կույտ, 
Ձմեռ, քաոս, հավատ, հարված… 

Եղած-չեղած նույնն դատարկն է,
Մարդն ու կյանքը խաղալիք,
Ես մեր սիրո սուտ պահակն եմ, 
Թալանում են ինձ մարդիկ…
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ