Ասում է՝ խաղաղության աղավնի եմ, աղավնին ո՞նց է քացի տալիս․․․

Ասում է՝ խաղաղության աղավնի եմ, աղավնին ո՞նց է քացի տալիս․․․

Երեկ Հ1- ում Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ընթացքում Վահագն Ալեքսանյանը մի այնպիսի դիրք էր ընդունել, ասես երկնքից աղավնի էր իջել ու թառել Պետրոսի դիմաց։ Պետրոսն էլ փորձված, անգղային հայացքով  թռչուն է,  գիտեր, որ նա աղավնի չէ, իրենցից է, բայց այնպես էր ցույց տալիս, թե Վահագն Ալեքսանյանը սպիտակ աղավնի է,  ինքն էլ Նոյն է։ Աշխարհաքաղաքական  ջրհեղեղից հետո  ճերմակ աղավնին կանաչ ձիթենու ճյուղ է բերել՝  որպես խաղաղության, մեղմության  Աստծո ավետաբեր և Պետրոսի միջոցով փոխանցում է հայ ժողովրդին։

Ասենք, որ վերջին շրջանում Պետրոսը լավ է կատարում իր դերը, այնպիսի տեսք է ընդունում, որ իբր չգիտի, թե զրուցակիցն ի՜նչ թռչնատեսակ է և չռվածության աստիճանի   կլորացրած աչքերով հարց է տալիս՝ ժողովուրդն ասում է, որ դուք հող հանձնող եք, դավաճան եք, թուրք եք․․․ Այդպես զրույցն ավելի  հետաքրքիր է ստացվում, ժողովրդին կթվա , թե դա հանրային ալիք է և Պետրոսը  հանրությանը   մտահոգող հարցեր է բարձրացնում։ Այնինչ հնարավորություն է տալիս, որ իր թռչնատեսակը կլկլա այն, ինչ երգ գիտի, ինչ գենետիկորեն փոխանցվել ու հրահանգվել է նրան։  
Սուրբ Հոգին Աղավնակերպ է, Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին մկրտելիս ասում է. «Տեսնում էի Հոգին, որ Աղավնու պես իջնում էր երկնքից նրա վրա»․․․ Նիկոլ Փաշինյանը, իրեն դնելով Հիսուսի տեղ,  վերևից Վահագնին իջեցրել է Հ1-ի տաղավար՝ Պետրոսի մոտ, որպեսզի նա ավետի, որ ՔՊ-ն խաղաղության աղավնի է։ Ու հիմա Վահագն Ալեքսանյանը  բարբառում է․ ՔՊ-ն խաղաղության աղավնի է, երբևէ ատելության խոսք չի տարածել, երբևէ որևէ մեկին չի վիրավորել։ Բառացի կարող եք լսել նրա երեկվա զրույցը։ Ասում է, որ ընդդիմությունն է ատելության խոսք տարածում, իրենց անվանում հողեր հանձնող, դավաճան․․․ Պետրոսն էլ ավելացրեց՝ թուրք։ 
Ինչևէ, Պետրոսը չհարցրեց՝ բա ո՞վ էր սև ու սպիտակի բաժանում,  ո՞վ էր  դագաղներով, ծաղկեպսակներով մարդ թաղում,  ատելության թույնով մարդկանց դասդասում։ Կամ եթե վիրավորական է թուրք բառը, ինչու՞ Փաշինյանն ասում է, որ ինքը  դրանից չի վիրավորվում․․․ Ինչ վերաբերվում է հողեր հանձնելուն, դա արդեն իրողություն է, բա ժողովուրդն ի՞նչ ասի։  Եթե մի բան կատարվել է ձեր իշխանության օրոք, ու՞մ ասեն․․․ Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ին խաղաղության աղավնի է անվանում ու խնդրում Պետրոսին, որ մի օրինակ բերի, երբ ՔՊ-ականը որևէ ընդդիմադիրի վիրավորել է։ Այստեղ է որ Պետրոսը պետրոսություն է անում․ լռում և ցույց տալիս, թե նման օրինակ չկա։ Հաղորդումից հետո իրար կնայեն ու մի կուշտ կծիծաղեն՝ իրենց, այո, իրենց վրա․․․