Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռին վրացական ներկայացնող հրապարակման համար
Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Վրաց դիվանագետի համար անընդունելի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը։
Նա օրեր առաջ սոցիալական ցանցերի իր էջում վերահրապարակել էր վրացական տուրիստական ընկերության գովազդային նյութը, որտեղ Հայաստանի հյուսիսային որոշ շրջաններ (մասնավորապես Լոռու մարզում գտնվող) նշված են որպես «պատմական Վրաստան»:
«Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում, հիշեցրել, որ այս տարի Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել, որը երկրների հարաբերությունները բարձրացրել է որակապես նոր մակարդակի։
Կարծիքներ