Բոլորն ասես կրակի են սպասում՝ «ձեռքները տաքացնեն»

Բոլորն ասես կրակի են սպասում՝ «ձեռքները տաքացնեն»

Լիբանանը բարեկա՞մ երկիր է: Այո: Լիբանանի համար ցավու՞մ ենք: Ուրեմն բարի լինենք հարգել այդ երկրի վարչապետի պաշտոնական հայտարարությունը՝ պայթյունի պատճառը տեխնիկական է, ամոնիակային սելիտրայի պահեստարանում զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել բռնկում, ապա՝ դետոնացիա: Վերջ: Իսկ հայ օգտատերը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ դրոնից ինչ-որ բան է ընկնում եւ գրել. «Բեյրութ, պայթյունից վայրկյաններ առաջ: Սա պետական ահաբեկչություն է»: Հարյուրավոր, հազարավոր հայերի տպավորությամբ՝ Բեյրութը պայթեցրել են թուրք-ամերիկա-իսրայելական հատուկ ծառայությունները: Ասում են, որպեսզի ավելացնեն՝ «հաջորդը մենք ենք»: Լավ, Լիբանանը հատուկ ծառայություններ, ՀՕՊ եւ, առհասարակ, անվտանգության համակարգ չունի՞: Լիբանանը մերձավոր հարեւան-ռազմաքաղաքական դաշնակից չունի՞:

Տեղի է ունեցել ողբերգություն, Հայաստանի, Արցախի իշխանություններն իրենց զորակցությունն են հայտնել բարեկամ երկրին, նրա ժողովրդին, հայ համանյքին: Բայց՝ ոչ, քաղաքական եւ մերձքաղաքական յուրաքանչյուր ոք պարտքն է համարում անձնական վերաբերմունք արտահայտել: Շատ հաճախ՝ ենթատեքստով: Ոմանք արդեն քննարկում են բոլոր լիբանանահայերին Հայաստան տեղափոխելու թեման: Բեյրութում անօթեւան է մնացել 300 000 մարդ: Սա միջազգային աղետ է: Եւ եթե համարենք, որ նրանցից 30 000-ը հայ է, ապա Հայաստանն այդքան մարդու օթեւան տալու հնարավորություն ունի՞: Իսկ լիբանանահայերը Հայաստան գալու ցանկություն հայտնե՞լ են, դիմե՞լ են Լիբանանում Հայաստանի դեսպանին: Ոչինչ չգիտենք: Տեղեկությունները կցկտուր են, երբեմն՝ հակասական: Բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում բոլորն սպասում են կրակի՝ «ձեռքները տաքացնեն»: Հիշեցնեն իրենց մասին:

Ինչ-որ «ազգափրկիչ» ծրագրեր հնչեցնեն: Ասես ոչ թե պետականակիր ազգ, այլ անգլուխ համայնք ենք: Ինչ ծավալի օգնություն, երբ, ում հասցեով եւ ինչպես կհասցվի Բեյրութ՝ կառավարության խնդիրն է, որ, հաստատ, կապի մեջ է Լիբանանի իշխանությունների եւ հայկական համայնքային կառույցների հետ: Մնացած հարցերից գլուխ կհանեն հատուկ ծառայությունները, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հանրությունը պարտավոր է գործի դնել ինքնազսպման մեխանիզմները եւ պատրաստ լինել իր լուման բերելու աղետյալների օգնության գործին, եթե դրա կարիքն զգացվի: