10 երեխա սննդի կարիք ունի․ ընտանիքը չնչին օգնություն է ստացել

10 երեխա սննդի կարիք ունի․ ընտանիքը չնչին օգնություն է ստացել

Արարատի մարզի Գոռավան համայնքում ապրում է Տալոյանների ընտանիքը, որտեղ մեծանում են տասը երեխաներ։

«Հրապարակ»-ին դիմած ընտանիքի անդաներից Աննա Տալոյանը մեզ պատմեց, որ Գոռավանում ապրում են վարձով, ունեն բնակվարձը տալու, ինչպես նաեւ սննդի խնդիր։

«Մենք 3 ընտանիք ենք․ եղբորս ընտանիքն է, 6 անչափահաս երեխա իրենն են, իմ 2 երեխան եւ քույրիկիս 2 բալիկները։ Մայրիկս է եւ ես։ Ընդհանուր 10 երեխա եւ 4 մեծերով ենք ապրում՝ մայրս, հարսս, ես եւ քույրս։ Մենք սովորական դաշտում ենք աշխատում, ամեն օր չի գործը, որ կարողանանք աշխատել։ Սեզոնային աշխատանք է, հազիվ կարողանում ենք երեխաներին պահել»։

Դիմել են մարզպետարան, ստացել են ձմռան փայտի գումար եւ մեկ անգամ 50 հազար դրամ․ «20 հազար դրամ գյուղապետարանն է օգնել։ Մեկ անգամ էլ եկեղեցին սնունդ էր բերել՝ որպես անապահով ընտանիք եւ վերջ։ Եղբայրս եւ ամուսինս արտագնա աշխատանքի են մեկնել, մի քանի ամիս է չեն աշխատում, նոր գնացել են գործ վերցրել, որ կարողանան տոմսի գումարը հավաքեն, որ հետ գան։ Որտեղ գնացել էին, աշխատել էին, գումարը չէին տվել»։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ Աշտարակ քաղաքում ունեցել են բնակարան, 2012 թվականին պարտքերի պատճառով այն կորցրել են։

Ընտանիքի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ Աննային․ 094842384