Փաստը կա, նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ էլ դիմի ՍԴ. փաստաբան

Փաստը կա, նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ էլ դիմի ՍԴ. փաստաբան

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման շուրջ աղմուկը դեռևս չի դադարում։

Փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին ու կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը, վերջինս կայծակնային արագությամբ Գասպարյանին ազատելու հրամանագիր ուղարկեց նախագահ Արմեն Սարգսյանին։ Սակայն վերջինս չստորագրեց այն և նույն օրն առարկություններով հետ ուղարկեց։ Իմքայլական վարչապետը կրկին ուղարկեց հրամանագիրը՝ իր հիմնավորումներով, որը դեռևս չի ստորագրվել։ Այնուհետև իմքայլական քարոզիչները սկսեցին պնդել, որ Գասպարյանը երեք օր անց իրավական ուժով համարվում է ազատված։
Սահմանադրագետները, իրավաբանները հետագայում նշեցին, որ նախագահը ԳՇ պետին ազատելու լիազորություն չունի, Փաշինյանի առաջարկը հակասահմանադրական է, և Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել։

Սակայն իմքայլական շրջանակները շարունակում են պնդել ու տեղեկություններ տարածել, թե իբր Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է համարվում։ Այս տեղեկության ջերմեռանդ տարածողներից է նաև Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ-ում զբաղեցնում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Մարտին 5-ին «ՖԱԿՏՈՐ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր. «Մեր պաշտպանության նախարարը [Վաղարշակ Հարությունյանը] ինչ-որ տեղ բացի նախարարի լիազորություններից, իրականացնում է նաև Շտաբի պետի լիազորություններ»։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, քաղաքացիական ու վարչական հարցերով արցախցի փաստաբան Թամար Սիմոնյանի հետ։

- Տիկի՛ն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ «Գասպարյանն էլ ԳՇ պետ չէ»։ Այսինքն՝ իշխանություններն առաջ են տանում այն թեզը, որ «նախագահը չի ստորագրել հրամանագիրը, երեք օր հետո ուժի մեջ է մտել ազատման միջնորդությունը, և Գասպարյանը համարվում է ազատված»։ Քոչարյանը նաև ասում է, որ «Վաղարշակ Հարությունյանն է կատարում ԳՇ պետի լիազորությունները»։ Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ են փորձում անել։

- Նախագահը ԳՇ պետին ազատելու լիազորություն չունի։ Մեր Սահմանադրությամբ՝ նախագահը լիազորություն ունի միայն նշանակել Գլխավոր շտաբի պետին։ Ուրիշ հարց է, որ երկու տարբերակներից մեկը պետք է արվի, այսինքն՝ եթե ստացել է հրամանագիրը, կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։ Ընդդիմությունը մինչև մարտի 9-ը ժամանակ է տվել, որ նախագահը դիմի ՍԴ, որ հրամանագիրը հակասահմանադրական ճանաչվի։ Բայց, իմ կարծիքով, այդ հրամանագիրը չի կարող նախագահի կողմից ընդունվել։ Որովհետև նախ դա ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խախտմամբ, նախագահն ազատելու իրավունք չունի, այսինքն՝ ԳՇ պետի լիազորությունները դադարելու են նշանակումից [Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020-ի հունիսի 8-ին] 5 տարի հետո։ Եթե չկան Սահմանադրությամբ սահմանված այլ դեպքեր, օրինակ՝ եթե [ԳՇ պետն] անգործունակ է ճանաչվում, եթե դատապարտվում է, եթե այլ աշխատանքի է փոխադրվում։ Սրանք այն հիմքերն են, որոնց դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել։ Բայց ինչպես տեսնում ենք նրանք [իմքայլականները] ասում են, որ Գասպարյանի լիազորությունները դադարել են։ Այն թեզն են առաջ տանում, որ «եթե նախագահը չի ստորագրել եռօրյա ժամկետում, պետք է ուժի մեջ մտնի»։ Այսինքն՝ քայլ է արվում, որպեսզի հասարակությանը, ավելի շուտ՝ ընդդիմությանը, ապացուցվի, որ Գասպարյանն իր լիազորությունները չի կատարում։ Ուղղակի «ցեխ են» շպրտում ընդդիմության դեմքին, որ «մենք մեր արածն արել ենք արդեն»։ Դա իրենց կարծիքն է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ այս իշխանությունները միայն արտահայտում են այնպիսի դիրքորոշումներ, որոնք ձեռնտու են իրենց։ Մենք էլ տարբեր խմբերով քննարկումներ ենք արել, որովհետև, գիտեք, ամեն փաստաբան մեկնաբանում է իր ձևով։ Այն, որ նախագահը «չի ստորագրում, եռօրյա ժամկետում ուժի մեջ է մտնում», կա այդպիսի բան, բայց դա վերաբերում է ոչ թե ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու հրամանագրին, այլ ուրիշ դեպքերին։ 

- Եթե Վաղարշակ Հարությունյանն իրեն վերապահի ԳՇ պետի լիազորությունները, կամ իշխանությունները նշանակեն Շտաբի պետ, սա ի՞նչ կնշանակի։

- Սա փաստացի կնշանակի, որ իշխանությունները կատարում են հակաօրինական քայլեր։ Այսինքն՝ գործող օրենքը կա, օրենսդրությունը կա, Սահմանադրությունը կա, որով նախատեսված է ամբողջ ընթացակարգը, ու արվելու են հակառակ գործողություններ։ Եթե մենք չենք պահում մեր Սահմանադրությունը, էլ ինչի՞ մասին ենք կարող խոսել։ Սահմանադրության մեծ մասն արդեն մերօրյա Հայաստանում ոտնահարվում է։ Մենք չենք կարող ասել, որ ունենք ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։

- Դրա դեմն առնելու քայլերը որո՞նք են, եթե օրինակ՝ ԳՇ պետ նշանակեն։

- Քանի որ իշխանությունը հիմա իրենք են, այսինքն՝ մեծամասնությունը ԱԺ-ում կազմում են իրենք, հատկապես ով [Անդրանիկ Քոչարյանը] որ ասել է դրա մասին, ով ունի կարևորագույն պաշտոններից մեկը։ Եթե այդպիսի բան անեն, դա կնշանակի, որ բացահայտ խախտում են օրենքը։ Եթե նախագահը դիմի ՍԴ, պետք է վիճարկվի ընդհանուր հրամանագիրը։

- Մեծ թվով փաստաբաններ, իրավաբաններ, Փաստաբանների պալատը կոչ են արել Արմեն Սարգսյանին դիմել ՍԴ։ Եթե Սարգսյանն ազատելու լիազորություն չունի, դիմելն իմաստ ունի՞:

- Այստեղ է, որ խճճվում է։ Ինքն իրավունքի ունի դիմել ՍԴ՝ ապացուցելու, որ հրամանագիրը հակասահմանադրական է։ Փաստը կա, որ վարչապետն ուղարկել է այդ հրամանագիրը, հիմա նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ էլ դիմի ՍԴ՝ որոշելու հրամանագիրը սահմանադրական է, թե ոչ։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանն ասելու է, որ «մեր Սահմանադրությամբ մեր նախագահը նշանակելու լիազորություն ունի, բայց ազատելու լիազորություն չունի»։ Եվ այդ հրամանագիրը հակասահմանադրական է ճանաչվելու։ Եթե չդիմեց, իմ կարծիքով, նախագահը փաստացի դառնում է իրենց [իմքայլականների] կազմակերպած հակաօրինական քայլերի մասնակիցը։ Սահմանադրական դատարանն է կարող ապացուցել, որ ազատելը չի մտնում նախագահի լիազորությունների մեջ։ ՍԴ-ն է պատասխան տալիս բոլոր իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ։