Նիկոլը եւ Փաշինյանը տարբեր կատեգորիաներ են

Նիկոլը եւ Փաշինյանը տարբեր կատեգորիաներ են

Նիկոլն Ազգային ժողովում մեզ իրազեկում էր, որ ոստիկանը պաշտպանում է պետության շահը եւ ոչ թե Նիկոլի շահը, որ ոստիկանը պետության ոստիկանն է եւ ոչ թե Նիկոլի: Ամեն ինչ ճիշտ է: Ես այս հարցում համամիտ եմ նրա հետ: Պարզապես այստեղ մի փոքրիկ, ես կասեի՝ աննշան նյուանս կա: Բանն այն է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, «պետությունը Փաշինյանն է», հետեւաբար՝ ոստիկանը ոչ թե Նիկոլի, այլ Փաշինյանի շահերն է պաշտպանում, ոստիկանը ոչ թե Նիկոլինն է, այլ՝ Փաշինյանինը: Այնպես որ, ճիշտ են թե՛ Նիկոլը եւ թե՛ շարժման կողմնակիցները՝ ոստիկանությունը պետությանը հավասարեցված Փաշինյանինն է:

Շատ երկիմաստ իրականության մեջ ենք ապրում, այնպես չէ՞: Նիկոլն ո՞վ է, նա ոչինչ չի որոշում: Երբ նրան հարցնում են՝ Դուք Պուտինին կձերբակալե՞ք, երբ նա ժամանի Հայաստան: Նիկոլը զարմանում է՝ ե՞ս, ես այդ հարցերով չեմ զբաղվում, մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, դատական իշխանություններն անկախ են, դա նրանք կորոշեն: Արտասահմանցի լրագրողը խնդմնդում է, իսկ Նիկոլը լուրջ-լուրջ շարունակում է լղոզել հարցը: Վերջը չիմացանք՝ Միջազգային դատարանի անդամ դարձած Հայաստանի պլոճիկը կհերիքի՞ Պուտինին բռնելու համար, թե՞ չի հերիքի: Հիմա դա ո՞ւմ պլոճիկն է՝ Հայաստանի՞, թե՞ Փաշինյանի: Պարզվում է՝ Հայաստանն ու Փաշինյանը մեկ պլոճիկ ունեն, որը կա՛մ կհերիքի ինչ-որ բան անելու, կա՛մ չի հերիքի:

Հայաստանցիների մեջ մարդ կա՞, որ իր կյանքում դատավոր չի տեսել: Կարծում եմ՝ ոչ: Բոլորն էլ գիտեն, որ դատավորը մեր հասարակության մեջ ամենահարգված մարդկանցից մեկն է, բոլորը նրան բարեւում են, հարգանքով են խոսում հետը, ընդհուպ նրան հավասարեցնում են դատարանին՝ դիմելով «հարգելի դատարան» ձեւով: 2018 թ. թավշյա խեղկատակությունից հետո դատավորների կյանքը գրեթե 180 աստիճանով փոխվեց: Փողոցից պատահաբար վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Նիկոլի շուրթերով հայտարարեց. «Ընչի` էս երկրում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»: Ուշադրություն․ դա ասվում էր Նիկոլի շուրթերով, բայց ասողը Փաշինյանն էր՝ իրեն պետության հետ նույնացրած մարդը: Պետությունը ես եմ, օրենքը ես եմ, եւ դատավորը պարտավոր է անել իմ ասածը՝ ահա այս «մտագարությունն» էր ընկած այդ հայտարարության հիմքում:

Երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանները սկսեցին ուտել խաղաղ ցուցարարներին, ԱԺ դահլիճում իրավիճակը միանգամից լարվեց: Ընդդիմադիր պատգամավորներն աշխարհի տակ էլ մեղք չթողեցին՝ թափեցին Փաշինյանի, նրա կառավարության, նրա քաղաքական մեծամասնության եւ նրա ոստիկանության գլխին: Ընդդիմադիրները պնդում էին, որ ոստիկանությունը Փաշինյանինն է, ծառայում է Փաշինյանին, կատարում է Փաշինյանի «ֆաս» հրամանները եւ այլն: Քաղաքական մեծամասնության պատգամավորները եւ ՆԳ նախարարը, որ այդպես էլ չիմացանք՝ մասնակցում էր հարցուպատասխանին, թե ոչ, շփոթահար էին, չգիտեին ինչ անել: Այս իրավիճակը կարող էր փրկել միայն Նիկոլը, եւ հենց նա էլ փորձեց անել դա: Անկախ այն բանից՝ հարցն իրեն էր ուղղված, թե իրեն չէր ուղղված, թռնում էր ամբիոնի մոտ ու «մեթոդաբար» «մեթոդաբանություն» սովորեցնում ընդդիմադիրներին, իր թիմին էլ ցույց տալիս, թե ոնց պատասխանեն: Բոլորն էլ գիտեին, որ Նիկոլի այս «մեթոդաբանության» վերջը պրիպադկան է, որի մեջ նա հայտնվում է «մեթոդաբար»: Այդպես էլ եղավ: Ճղճղոցն աշխարհ էր բռնել՝ վախկոտ, վախկոտ, վախկոտներ, վախկոտներ… Իսկ երբ հասավ ոստիկանությանը, իբր ինքը չէր ճղճղացողը, մի պահ լրջացավ, ու թե՝ «մեթոդական» սխալ կա այստեղ, քանզի «ոստիկանը պաշտպանում է պետության շահը եւ ոչ թե Նիկոլի շահը, ոստիկանը պետության ոստիկանն է եւ ոչ թե Նիկոլի»: Հիմա ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ մի հավատացեք, բայց նա ճիշտ էր ասում: Մեր ոստիկաններն իսկապես Նիկոլ անունով մարդու չեն ճանաչում: Նրանց համար կա «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան»: Այսքանը: Նրանք ծառայում են մի պետության, որը նույնացված է այդ նույն «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանի» հետ: Իսկ կարո՞ղ է այս երկրում լինել մի ոստիկան, որ Փաշինյանի ասածը չանի: Մեռնեմ հրամանին՝ «ֆաս»: Ոստիկանների գործը դատավորներից ավելի հեշտ է: Դատավորներն այնքան էլ կազմակերպված չեն եւ որպես պետությունից անկախ համակարգի ներկայացուցիչներ, անձամբ ու անհատական պատասխանատվություն են կրում Փաշինյանին ծախվածության համար: Ոստիկանների պարագայում անձնական պատասխանատվության հարց չկա: Պետությունը հրամայել է, իրենք կատարել են: Պետությունը… Ասել է թե՝ «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանը»: