Այդ գույքը բանկը գնել է աճուրդով ու վաճառել է

Այդ գույքը բանկը գնել է աճուրդով ու վաճառել է

Անցած ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին, աշխատանքից անսպասելի ազատման դիմում է գրել «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։ Բանկը չոր հաղորդագրություն տարածեց այս մասին՝ հայտնելով նաեւ, որ Օսիպյանն աշխատանքի է անցնում միջազգային ֆինանսական կառույցում։ Սակայն կարծիք կա, որ Օսիպյանի պաշտոնանկությունը պատահական չէր, եւ դրան նպաստել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնեմասի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի փաստաբան Հակոբ Ճարոյանի կողմից ուղղված բողոքը՝ մի գործարքի վերաբերյալ, որից բանկը ֆինանսական խոշոր կորուստ է ունեցել։ Ճարոյանը հայտնել է բանկի սեփականատիրոջը, որ  2013 թվականին «Ամիլա-Նաղաշ» ՍՊԸ-ին 130 հազար դոլար վարկ տրամադրելու համար 10 հազար դոլարի կաշառք են վերցրել։ «Ամիլա-Նաղաշ» ՍՊԸ սեփականատիրոջ ամուսինը Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր, ոստիկանության գնդապետ Արտակ Գասպարյանն է։

Այդ 130 հազար դոլարի դիմաց գրավադրվել է Ճարոյանի եղբորը պատկանող տունը, որն արժե 200 հազար դոլար եւ գտնվում է Նոր Նորք համայնքում։ ՍՊԸ-ն չի կարողացել վերադարձնել վարկը։ Սակայն գրավադրված գույքին տիրանալու ու այն վաճառքի հանելու փոխարեն բանկի կառավարիչ Օսիպյանը դատարան է մտել ու պահանջել սնանկ ճանաչել «Ամիլա-Նաղաշ» ՍՊԸ-ն, նաեւ գումարային պահանջ է ներկայացրել՝ մոտ 240 հազար դոլարի չափով։ «Ամիլա-Նաղաշ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ 200 հազարանոց տունը գնահատվել է 105 հազար դոլար։ Տունը դրվել է աճուրդի։ Նույն բանկը նոյեմբերի 15-ին ընդամենը 50 հազար դոլարով գնել է այն եւ մոտ 80 հազար դոլարով վաճառել Արտակ Գասպարյանին։ «Սրանից հետեւում է, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի ղեկավարությունն ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար գումար շուկայական գին ունեցող անշարժ գույքը վաճառելով ընդամենը 79 հազար 663 դոլարով՝ վնաս է կրել, իսկ ՍՊԸ-ի տերերը 200 հազար դոլարանոց գույքը գնել են 79 հազար դոլարով։ Ես վստահ եմ, որ բանկի կառավարիչն օգտվել է այս սխեմայից, կարող եմ փաստաթղթերով հիմնավորել իմ բերած փաստերը»,- ասում է Հակոբ Ճարոյանը։ Բողոքը Բարսեղ Բեգլարյանին նա ներկայացրել էր Օսիպյանի պաշտոնանկությունից 10 օր առաջ։

Մենք զանգահարեցինք Արարատբանկ եւ խնդրեցինք պատասխանել, թե արդյոք Արարատբանկի վարչության նախկին նախագահը նշված գործարքի պատճառո՞վ է հեռացվել գործից, եւ որքանո՞վ են հավաստի նրա կատարած գործարքի արդյունքում բանկին հասցված վնասի մասին տվյալները։ Բանկի լրատվական ծառայության ղեկավար Աննա Բաղդասարյանը պատասխանեց, որ Օսիպյանը վաղուց, դեռ անցյալ տարվա նոյեմբերից, հրավեր ուներ միջազգային կառույցից եւ աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում է գրել այդ աշխատանքին տեղափոխվելու պատճառով։

10 հազար դոլար կաշառք վերցնելու մասին տեղեկություններն Աննա Բաղդասարյանը համարում է սուտ, մերկապարանոց արտահայտություններ։ «Այդ բոլոր տվյալները դատախազությունը ստուգել է, եւ որեւէ հանցակազմ չի հայտնաբերվել,- ասաց նա։- Կա մի տարրական բացատրություն՝ գույքը դրվել է հրապարակային աճուրդի։ Եթե իրենք գտնում էին, որ այդ գույքն արժե 200 հազար դոլար, բայց աճուրդով գնանկում է տեղի ունեցել, որի արդյունքում գինը հասել է 50 հազար դոլարի, ապա Հակոբ Ճարոյանը կարող էր մասնակցել աճուրդին եւ իր ասած 200 հազար դոլար արժողության գույքը գներ 50 հազար դոլարով։ Արդյունքում նա 150 հազար դոլարի օգուտ կստանար, եթե իր հայտնած տեղեկությունները ճիշտ լինեին։ Բայց նա աճուրդի չի մասնակցել, ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Հիմա հեշտ է հեռվից ասել, որ այդ գույքն արժեր 200 հազար դոլար, բայց աճուրդում վաճառվել է 50 հազար դոլարով»։ Այսինքն՝ Ձեր բանկի սեփականատերերի համար այս տվյալները նորություն չէի՞ն։ «Ոչ, դա մի 4-5 տարվա գործ է, այդ գույքը բանկը գնել է աճուրդով ու վաճառել է։ Սակայն ոչ մի ապօրինություն, իրավախախտում տեղի չի ունեցել»,- ի պատասխան մեր հարցին՝ նշեց Արարատբանկի լրատվական ծառայության պետը։