Հրանտ Բագրատյան․ Չգնահատված հանճարը

Հրանտ Բագրատյան․ Չգնահատված հանճարը

Վերջերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ տեղեկատվական արշավ է սկսել, նրան մեղադրում են ամենամահացու մեղքերի մեջ, նույնիսկ պնդում են, թե նա քանդել ու ոչնչացրել է Հայաստանի ծաղկուն տնտեսությունը։ Իհարկե Բագրատյանը միշտ էլ ինչ-որ շրջանակների թիրախում է եղել, բայց վերջերս այդ ալիքը առանձնահատուկ դրսևորումներ է ստացել, ինչն էլ միգուցե բացատրվում է այն հանգամանքով, որ նախկին վարչապետը խիստ քննադատաբար է տրամադրված Նիկոլ Փաշինյանի վարչակազմի նկատմամբ։ 

Ամեն անգամ, երբ Հրանտ Բագրատյանին և նրա թիմակիցներին մեղադրում են երկրի տնտեսությունը քանդելու մահացու մեղքի մեջ, ուզում եմ ընդամենը մի հարց տալ․ ո՞ր տնտեսությունը, սնանկացած Խորհրդային Միության կազմաքանդված տնտեսությո՞ւնը։ Հասկանում եմ, որ պրոպագանդայի ազդեցությունը չափազանց մեծ է, բայց արդեն, կարծես թե, ինֆորմացիոն վանդակից դուրս գալու ժամանակն է։

Եվ այսպես, արհեստականորեն ստեղծել են այնպիսի մի իրականություն, իբրև թե Խորհրդային Հայաստանը ծաղկուն տնտեսություն ունեցող պետություն էր և ահա հանցագործ ու պիղծ ՀՀՇ-ականները եկան ու կործանեցին ամեն ինչ։ Սա իհարկե հեքիաթ է, անգամ զավեշտալի է խոսել ծաղկուն Խորհրդային Հայաստանի տնտեսության մասին, լուրջ միջավայրում նման բան պետք չի ասել, հակառակ պարագայում ծաղրի առարկա կդառնանք։

Նախ սկսենք նրանից, որ Խորհրդային Հայաստանը չի կարելի Միությունից անջատ դիտարկել, իսկ 1989 թ․-ի դրությամբ Միությունն արդեն իսկ սնանկացել էր՝ կանգնելով հումանիտար աղետի առջև։ Խանութները դատարկ էին, իսկ նավթի գինն էլ օր օրի անկում էր ապրում։ Այսինքն պետությունը կանգնած էր սովի և քաղաքացիական պատերազմի սպառնալիքների առջև, իսկ փլուզումն էլ՝ անխուսափելի։ Ավելի շուտ կայսրությունը չէր կարող գոյություն ունենալ այն նույն ձևով ու բովանդակությամբ, ինչ նախկինում էր, կա՛մ պետք է փլուզվեր կա՛մ էլ բովանդակությունն ու ձևը փոխեր։ Ինչպես տեսնում ենք ԽՍՀՄ-ը փրկելու բոլոր փորձերը ապարդյուն անցան, քանի որ դրան դեմ էր առաջին հերթին հենց Ռուսաստանը՝ Ելցինի գլխավորությամբ։

Չխորանալով պատմական մանրամասների մեջ՝ նշենք, որ ԽՍՀՄ-ի փլատակների տակ հայտնված ու անկախացած հանրապետությունների առջև խնդիր է դրվում չգոյությունից պետություն և տնտեսություն ստեղծել, փտած ու ճահճացած համակարգի փոխարեն նոր համակարգ ձևավորել։ Այդ ճանապարհի ամենակարևոր քայլերից մեկը ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման հրամայականն էր։ Ազատ շուկայի ձևավորման համար առնվազն հինգ-վեց տարի է անհրաժեշտ, իսկ նախկին խորհրդային հանրապետությունները ստիպված էին այդ խնդիրը կյանքի կոչել ամիսների ընթացքում, քանի որ այլընտրանքը սովն էր։ Ասվածի համատեքստում նրանք ստիպված էին պլանային տնտեսության պայմաններում ազատականացնել գները և նախաձեռնել սեփականաշնորհման գործընթաց՝ չունանելով նորմալ օրենսդրություն, մաքսային և ոստիկանական ծառայություն, դատական համակարգ։ Այսինքն հանրապետությունները չունեին ոչ մի կենսունակ ինստիտուտ և ստիպված էին ազատ շուկա ստեղծել առանց ինստիտուտների, ինչը չափազանց ծանր և անմարդկային գործընթաց էր։ Շատերը կասեն, թե ինչո՞ւ ինստիտուտներ չէին ստեղծում, չէ՞ որ այդ կարևոր գործընթացի համար կենսունակ համակարգեր էին անհրաժեշտ։ Բայց այդ շատերը հաշվի չեն առնում, որ ինստիտուտի ստեղծման համար տարիներ են անհրաժեշտ, իսկ դրսում ժողովուրդը կանգնած է սովի առջև։

Ահա սա է պատճառը, թե ինչու նախկին խորհրդային տարածքում ազատ շուկայի ստեղծման և սեփականաշնորհման գործընթացը կյանքի կոչվեց այդքան ցավոտ և ողբերգական։ Բայց իմ համոզմամբ այլընտրանք չկար, պարզապես հնարավոր չէր սպասել, ժամանակ շահել, մարդիկ ստիպված էին գնալ այնպիսի սեփականաշնորհման, որի մեջ չափազանց մեծ էին անարդարության տարրերը, մարդիկ ստիպված էին հանդուրժել հանցագործ կապիտալիզմի որոշ դրսևորումների ի հայտ գալը։ Խնդիրը մեկն էր․ ամեն գնով ստեղծել ազատ շուկա և ժողովրդին փրկել սովից։ Ի տարբերություն այլ Հանրապետությունների Հայաստանի վիճակը եռակի ծանր էր, քանի որ մենք ունեինք Արցախյան պատերազմ, երկկողմանի շրջափակում, 300 հազար փախստականներ և աղետի գոտի։ Բայց նույնիսկ այսպիսի ծանրագույն պայմաններում Հայաստանը բոլորից շուտ կարողացավ ինքնակազմակերպվել և արդյունքներ արձանագրել։

Վրաստանն ու Ադրբեջանը ներքաշվեցին քաղաքացիական պատերազմների հորձանուտի մեջ, իսկ Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ՝ 1998 թ․ կանգնելով դեֆոլտի առջև։ Մերձբալթյան երկրներին եթե չհաշվենք, ապա Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների հետ համեմատած ամենաթեթևը հաղթահարեց այդ ցավոտ անցումը։ Իհարկե սխալներ եղան, բայց դրանք անխուսափելի էին, փաստը մնում է փաստ, որ մեր երկիրը առաջիններից մեկը կարողացավ վերականգնվել ու տնտեսական աճ արձանագրել։ Տնտեսական աճը դեռ մի կողմ, Միության փլատակների տակ հայտնված փոքրիկ Հայաստանը կարողացավ բանակ ստեղծել և հաղթել պատերազմում։ Մի՞թե այս ամենը քիչ է։ Դե հասկանալի է, հիմա խոսելը հեշտ է, ԽՍՀՄ փլուզումը մարդկանց ընկալումներում խաղուպար է։ Մարդիկ չեն հասկանում, որ դա համամոլորակային ցնցում էր, որի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն։

Իհարկե սրանք շատ բարդ հարցեր են՝ գիտական համալիր հետազոտության արժանի ։ Բնականաբար փոքրիկ այս ակնարկը չի կարող և չի էլ հավակնում ամբողջությամբ բացահայտել հիմնախնդրի էությունն ու պատասխանել բոլոր հարցերին։ Միտքը ուզում եմ ավարտել հետևյալ եզրակացությունով․ ԽՍՀՄ փլուզումն ու դրան հաջորդած զարգացումները ողբերգական հետևանքներ ունեցան շատ հայաստանցիների համար, մարդիկ կորցրեցին այն ամենը, ինչ-որ կուտակել էին տասնամյակներով, բայց դա օբյեկտիվ իրականության պարտադրանքն էր։ 1991 թ․ ստեղծված Հանրապետությունը ընդհանուր առմամբ ճիշտ հունով է զարգացել, նույնիսկ բազմաթիվ սխալների և ավտորիտարիզմի տիրապետության պայմաններում։ Ներկայիս նոր հորջորվող Հայաստանը դրա ժառանգորդն է ու տրամաբանական շարունակությունը։ Որքան էլ որ Փաշինյանի վարչակազմը ամենայն երեսպաշտությամբ փորձի փախչել անցյալից, միևնույն է դա է ճշմարտությունը։ Այս բոլոր նվաճումների մեջ չափազանց մեծ է Հրանտ Բագրատյանի դերը, որը փլատակների վրա տնտեսություն և տնտեսական փոխհարաբերությունների նոր համակարգ ստեղծեց, իհարկե միայնակ չէ, ամբողջ թիմի հետ միասին։ Սա իհարկե մեծագույն ձեռքբերում է, որի արժեքը մենք ամբողջությամբ չենք կարողանում պատկերացնել։ Մարդիկ այդպես էլ չկարողացան  հասկանալ, որ աղետներով շրջապատված պետությունը չէր կարող եղածից ավելի արդար լինել, պարզապես չէր կարող ու վերջ։

Մեծամիտ և մարնտչող հեղափոխականները միգուցե Հրանտ Բագրատյանի աշխատանքի արժեքը կհասկանան այն ժամանակ, երբ համավարակի ճգնաժամից հետո կանգնեն տնտեսության վերակազմակերպման ծանրագույն մարտահրավերի առջև։ Արդյոք կհաջողվի՞ նրանց վերականգնել քարուքանդ եղած տնտեսական համակարգը, իհարկե դժվար է ասել, բայց ես, այնուամենայնիվ, այս հարցում լավատես չեմ։ 

Լուսանկարը՝ Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարից