«Հայկական ժամանակի» բաժնեմասը գնել ցանկացողներ կան

«Հայկական ժամանակի» բաժնեմասը գնել ցանկացողներ կան

Մի քանի հոգի ցանկանում են գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Պետրոս Մակեյանին պատկանող 10 տոկոսի չափով բաժնեմասը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը․

«Բանակցությունների փուլում է, ցանկացողներ կան՝ մի քանի հոգի»,- ասաց Մակեյանը։ Նրան հարցրինք, թե ի՞նչ պատասխան եղավ Փաշինյանին ուղղված դիմումին, որով առաջարկում էր Փաշինյանին գնել այդ 10 տոկոսը․
«Ոչ միայն դրա պատասխանը չեղավ, այլեւ պահանջել էի այդ բաժնետիրական որոշակի փաստաթղթեր, ոչ մի պատասխան չեմ ստացել»։

Մակեյանին հարցրինք, թե ովքե՞ր են գնել ցանկացողները, քաղաքական գործիչնե՞ր են․

«Ասել չեմ կարող, դա ճիշտ չի լինի։ Գործարար մարդիկ են, բայց ինչ-որ թևերի հետ կարող են փոխկապակցված լինել, ենթադրում եմ»,- ասաց Մակեյանը։ 

Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը։ Մեզ հետ զրույցում Մակեյանն ասել էր, որ Փաշինյանի հետ որևէ տեսակի առնչություն ունենալ չի ցանկանում այլևս, հետևաբար՝ վաճառում է իր մասնաբաժինը․

«1996-97 թվականներին, երբ մենք, լինելով իշխանության մեջ, լուսահոգի Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ դուրս եկանք իշխանությունից՝ «Հանրապետություն» միավորումից, ձևավորեցինք հայրենիք պատգամավորական խումբը, 1997 թվականին մենք ձևավորեցինք և ստեղծեցինք նաև «Հայկական ժամանակ» թերթը։ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթը երբ դատական գործընթացների մեջ էր ընկել, Փաշինյանը դիմել էր մեր կուսակցությանը, որ տայինք մեր թերթը, որպեսզի ինքը կարողանա հրապարակումներ անել և պաշտպանվել այդ պայքարում, և մենք թերթը ժամանակավոր հանձնեցինք Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակման։ Երբ Եգորյանը մահացավ 1999 թվականին, մենք որոշ մասնաբաժիններ թողեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ որոշն էլ` մեր խմբի տարբեր մարդկանց։ Տարիների ընթացքում այդ սեփականության իրավունքը տրվեց Նիկոլ Փաշինյանին, ինձ մնաց միայն 10 տոկոսը։ Այս փուլում, բնականաբար, ես մարդկայնորեն չեմ կարող գործ ունենալ մի մարդու հետ, որը երկիրը հասցրել է այս վիճակին, ուստի դիմել եմ սեփականատիրոջը՝ իմ փայաբաժինը վաճառքի հանելու համար։ Արդեն անցել է մոտ 2 ամիս ժամանակ, և, բնականաբար, այլ գնորդների կառաջարկեմ այդ մասը գնել, որովհետև այլևս որևէ ձևով առնչվելը ինձ համար ընդունելի չէ»,- ասել էր Մակեյանը։