ՀՔԾ-ի համար լրիվ մեկ է, թե որ հոդվածով գործ կհարուցի

ՀՔԾ-ի համար լրիվ մեկ է, թե որ հոդվածով գործ կհարուցի

Հատուկ քննչական ծառայությունը սխալների ուղղում է սկսել եւ դրա մեկնարկը տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գործով։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրված Հ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ «Սահմանադրական կարգը տապալելը», որով սահմանվում էր․ «Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: 

Հիմա ՀՔԾ-ն վերաորակել է Միքայել Հարությունյանի մեղադրանքը եւ առաջադրել մեղադրանք 309 հոդվածի 3-րդ մասով․ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը», որով սահմանվում է «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Սա ավելի թեթեւ հոդված է՝ պատժի տեսանկյունից, սակայն նույնպես հստակ հանցակազմ է պարունակում եւ նախաքննական մարմինը պետք է կարողանա ապացուցել, թե պաշտպանության նախարարն իր որ գործողությամբ է առաջացրել ծանր հետեւանքներ եւ այդ հետեւանքներն ինչքանով են ծանր։