Ինչ ակնկալել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից

Ինչ ակնկալել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները փոփոխություններ են խոստանում ոչ այնքան ամերիկացիների, որքան մնացյալ աշխարհի համար։ Այս միտքը Սթենֆորդի համալսարանի աշխատակից Ֆրենսիս Ֆուկույամային է պատկանում։ Փորձագետը ճիշտ է, քանի որ Դոնալդ Թրամփի կամ Քամալա Հարիսի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց շարքային ամերիկացին քիչ տարբերություն կզգա։ Նա կշարունակի գնալ աշխատանքի, կունենա եկամուտներ, կվճարի հարկեր, կստանա որոշակի սոցիալական կամ այլ օգնություն, կապրի իր առօրյա կյանքով։ Շարքային ամերիկացուն, մեծ հաշվով, շատ բան պետք չէ, ինչպեսեւ ցանկացած երկրի շարքային քաղաքացուն՝ երաշխավորված վաղվա օր, բարեկեցիկ ու հետաքրքիր կյանք։ Շարքային քաղաքացին նույնն է՝ Միացյալ Նահանգներում լինի, Եվրոպայի որեւէ երկրում, հետխորհրդային տարածքում թե Հայաստանում։

Պարադոքսն այն է, որ այդ շարքային քաղաքացին Միացյալ Նահանգներում գնում է ընտրության՝ իր առօրեական հարցերի կամ, ինչպես Ֆուկույաման է ասել, կարճաժամկետ հեռանկարի խնդիրների լուծման համար եւ ընտրում է նրան, որին տեսնում է, որ այդ խնդիրներն ի վիճակի է լուծելու։ Սակայն հետեւանքը ոչ այնքան ԱՄՆ շարքային քաղաքացունն են, որքան մնացյալ աշխարհինը։ Իսկ աշխարհը մտածելու շատ բան ունի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն արդեն շնորհավորել է Թրամփին եւ պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։ Բայց Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի հիշողությունները ՆԱՏՕ-ի համար առանձնապես հաճելի չեն։ Թրամփը պարտադրում էր, որ դաշինքի անդամներն ավելի լայն բացեն իրենց գրպանները եւ դաշինքի ծախսերի մեծ մասը չթողնեն Միացյալ Նահանգների վրա։ Թերեւս այս քաղաքական գիծը կշարունակվի։

Հատկապես ԵՄ-ում Թրամփի նախագահ դառնալուց առանձնապես ուրախ չեն, քանի որ Թրամփի քննադատությունների թիրախ հաճախակի դարձել են հենց եվրոպական երկրները։ Թրամփը բացահայտ պահանջել է եվրոպական երկրներից՝ «ուզում եք անվտանգություն ու պաշտպանություն՝ համարժեք վճարեք»։ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն էլ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետում բավականին կբարդանան։ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում չեն լինի պատերազմներ։ Թե որքանով նրան կհաջողվի դադարեցնել, օրինակ, մերձավորարեւելյան էսկալացիան, ռուս-ուկրաինական պատերազմը, դժվար է ասել։ Սակայն Հունգարիայի ԱԳ նախարար Պետրո Սիյարտոն արդեն հայտարարել է, որ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձով հույս կա, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի, եւ խաղաղություն կհաստատվի։ Թեեւ նույն Ֆուկույաման կարծում է, որ այդ կարգավորումը կարող է լինել ի հաշիվ Ուկրաինայի։ Բայց դե, Կիեւին շատ մեծ ընտրություն չի մնացել կարծես։

Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում բավականին սրված էին չին-ամերիկյան ֆինանսատնտեսական հարաբերությունները։ Խոսվում էր չին-ամերիկյան առեւտրային պատերազմի մասին։ Թրամփը նաեւ արդեն ոչ նախագահ կարգավիճակում հաճախ է քննադատել Չինաստանին, համարել, որ չինական տնտեսությունը հարվածում է ամերիկյան տնտեսությանը։ Հնարավոր է, որ առաջիկա քառամյակում Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններում նորից լարվածություն սկսվի, գոնե մինչեւ այն պահը, երբ կողմերը կարողանան որոշակի գործարքի հասնել։
Թրամփն իր նախագահության ընթացքում Իրանի հետ հարաբերությունները կոշտացրեց եւ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս բերեց Միջուկային գործարքի համաձայնագրից։ Արդյոք Թրամփն այժմ կպահպանի՞ իր նախագահության առաջին ժամկետում Թեհրանի հանդեպ որդեգրած կեցվածքը, թե՞ ամեն դեպքում չափավորական Փեզեշկիանի՝ Իրանի նախագահ լինելու հանգամանքը որոշակի դրական փոփոխությունների նախադրյալներ ստեղծում են։ Ամեն դեպքում, այնպես էլ չէր, որ Բայդենի վարչակազմն առանձնապես ջերմացրել էր հարաբերությունները Թեհրանի հետ։
Թրամփի համար Ռուսաստանն ավելի փոքր չարիք է, քան Չինաստանը։ Ենթադրելի է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս աննախադեպ լարվածությունը որոշակի փոփոխություններ կկրի։ Հնարավոր է, որ ի վերջո կայանա Մոսկվայի երազած «Յալթա-2»-ը, եւ աշխարհն աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայից մի փոքր շունչ քաշի։