Հակառակորդը հայկական համազգեստով էր․ նրանք խոսում էին հայերեն․ հրամանատար

Հակառակորդը հայկական համազգեստով էր․ նրանք խոսում էին հայերեն․ հրամանատար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հրամանատար Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը։ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը: Վկաներից Կարեն Առուստամյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է դիվիզիոնի հրամանատար, մի շարք մանրամասներ ներկայացրեց պատերազմից։

«Հոկտեմբերի 10-ին հակառակորդը նախ դիվերսիոն խմբերով է ներթափանցել Հադրութ, Նորաշեն ուղղություններով, եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին և խոսել են հայերեն։ Հոկտեմբերի 8-ին մենք անցել ենք պաշտպանության, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար ու  հրետանու միջոցներով։ Արդեն ամսի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ և խոսել են հայերեն։ Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»,- ասաց Առուստամյանը։