Փաշինյանի քեռու տղային տուգանել են․ դատախազությունը չի բողոքարկել որոշումը

Փաշինյանի քեռու տղային տուգանել են․ դատախազությունը չի բողոքարկել որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղային դատարանը մեղավոր է ճանաչել եւ նրան տուգանել 200 հազար դրամ։ «Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու Մամիկոն Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանքները` դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը բավարար կլինի նրա ուղղման ու վերադաստիարակման համար»,- նշված է դատարանի որոշման մեջ։ 

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ որոշումը իրենք չեն բողոքարկել։

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

Հիշեցնենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ 

Այս տարվա ապրիլին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»։ Դատաքննությունն իրականացվել է արագացած կարգով, Հովհաննիսյանն ընդունել էր մեղքը։