Ֆրանսիայում ներողություն են խնդրել հայերից ՀՀ քարտեզի հետ կապված սկանդալի համար

Գրել էինք, որ 2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 minutes» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։
Այդ քարտեզի վրա Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունը, ամբողջությամբ ջնջված էր։
Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։
Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։
Քարտեզի հետ կապված վտանգավոր միջադեպին, հատկապես, որ Ադրբեջանն արդեն սկսել է շահարկել կատարվածը՝ իրեն ձեռնտու լույսի ներքո, անդրադարձել է Le Figaro հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
Նա իր միկրոբլոգում գրել է. «Ես մի վայրկյան անգամ չեմ հավատում, որ սա դիտավորյալ է @28minutes-ի կամ @ARTEfr-ի կողմից կամ ադրբեջանական լոբբիի գործողությունն է, բայց այս սխալը շատ ցավալի է աչքի և սրտի համար. Հայաստանւ պարզապես ջնջվել է Կովկասի քարտեզից. Էրդողանի և Ալիևի երազանքը»:
Եվ ահա, «Հայաստան» մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզայանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Arte-ն ներողություն է խնդրել սխալ քարտեզի համար: Ըստ նրա հրապարակած տեսանյութի՝ հաղորդավար Էլիզաբեթ Քուինը «28 րոպե» հաղորդման անունից ներողություն է խնդրել.
«Եվ հատկապես ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ հեռարձակեցինք Թուրքիայի թեմայով բանավեճի ժամանակ»:
Կարծիքներ