Հարցազրույց

Հայ չե՞նք, լավ չի՞, եկեք հարգենք իրար․ Բոլորը խոսում են փրկությունից, բայց ոչ ոք չի ասում` ոնց․ արցախցի ռեփեր

Հայ չե՞նք, լավ չի՞, եկեք հարգենք իրար․ Բոլորը խոսում են փրկությունից, բայց ոչ ոք չի ասում` ոնց․ արցախցի ռեփեր

2020-ից հետո բոլորն անխտիր խոսում են հայրենիքի փրկության մասին՝ բոլորը, բայց ոչ ոք չի ասում` ոնց։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց արցախցի ռեփեր, աարցախյան երկու պատերազմների մասնակից Վալերի Լյոկա Ղազարյանը։

Լուծումը ռեփերը կարճաժամկետ հատվածում չի տեսնում։ Առաջարկում է ճիշտ կրթություն տալ աճող սերնդին ու հարցնում է՝ այսօր ի՞նչ կրթություն կամ դաստիարակություն է ստանում աճող սերունդը։

«Ամենաառաջինն ինձ համար դա տունն է, ընտանիքը։ Տան մեջ ոնց մեծացավ երեխան, ու եթե տանը դաստիարակությունը, կրթելը, ընկերությունը, շփումը եղավ լիարժեք, դրսից ոչինչ չի ազդի երեխայի վրա, ու դա ասում եմ իմ փորձից։ Մարդը եթե գիտի ինչ է տունը, հարգում, գնահատում է տուն գաղափարը, ոչ թե չորս պատը, ինքը չի կարա հայրենիք չսիրի, որովհետև հայրենիքը սկսվում է տնից։ Եթե երեխան ոչ առողջ մթնոլորտում է մեծանում, իսկ մեր հասարակությունում, երկրում ոչ առողջ մթնոլորտ է, որովհետև բոլորն իրար քֆրտում են քաղաքական տարբեր հայացքներ ունենալու պատճառով։ Իսկ դա, վստահ կարող եմ ասել, որ դա մտնում է տուն։ Հիմա անորոշություն է ամենուր, մարդիկ անորոշության մեջ են՝ չգիտեն ինչ է լինելու։ Արցախցիները հիմա քնում են ու չգիտեն՝ հանգիստ քնելու՞ են մինչև առավոտ, թե՞ մնալու են քնած»,-ասաց ռեփերը։

Մեր հարցին, թե որքանով է վտանգավոր արհեստականորեն ուռճացվող արցախցի- հայաստանցի թեզը, որ հետո այլևս հնարավոր չլինի վերացնել այդ անջրպետը, ասաց, որ նույնիսկ այդ թեմայով քննարկման արդյունքում ընկերներ է ձեռք բերել։ Հատկանշական է, որ վատ արցախցիների մասին բոլոր պատմությունները մի գծով են գնում՝ սցենարներն անընդհատ կրկնվում են։ Իսկ եթե ավելի խորը հետաքրքրվենք, ապա մարդիկ, ովքեր ասւոմ են՝ ես եմ եղել Արցախում ու տեսել եմ դա սեփական աչքերով, հետագայում կպարզեք, որ այդ ասող մարդը երբևէ Արցախում չի էլ եղել։

Վալերի Լյոկա Ղազարյանն ասում է, որ գիտի, թե ով է դա սկսել, ովքեր են այդ թեզերը մտածված տարածում ու ուռճացնում, սակայն, եթե որևէ մեկը նման պատմություններին հավատալով բարիեր է դնում Արցախում բնակվողի և Հայաստանի այլ բնակավայրերում ապրող մարդկանց միջև, ինքը գերադասում է նման մարդկանց հետ չշփվել։

«Իրականում դա վտանգավոր բան է, ո՞նց կարող է մի պետության մեջ մարդիկ իրար հանդեպ թշնամություն անեն, աբսուրդ է նման բանը։ Առավել ևս` Հայաստանում։ Դա գեներացնողներին պիտի բռնել ու վատ-վատ բաներ անել, չգիտեմ»,- ասաց արցախյան պատերազմների մասնակիցը։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` Վալերի Լյոկա Ղազարյանը հիշեցնում է, որ դեռևս 1986 թվականին Արցախը գտնվում էր շատ ավելի վտանգավոր ու ծայրահեղ վիճակում, ավելի ծանր բլոկադայում, սակայն պայքարեցինք ու հաղթեցինք, չնայած իրավիճակն այն ժամանակ շատ ավելի վատ էր։

«Նախիջևանն այն ժամանակ ինչպե՞ս հայաթափեցին, սկզբից փակեցին, հետո ճանապարհից սկսեցին մարդիկ գողանալ, հետո սկսեցին կրակել, սպանել, մարդկանց մոտ վախ առաջացնել, որ այդ ճանապարհն էլ չօգտագործեն։ Նույն բանը հիմա կատարվում է Արցախում։ Ես խորհուրդ եմ տալիս մեզ լսողներին և խնդրում եմ, որ ուղղակի ուսումնասիրեն Նախիջևանի հայաթափման սցենարը, թե ինչեր է կատարվել, և համեմատել ու հասկանալ փաստացի, թե ինչ է սպասվում Արցախին։ Միայն պատմությունն ուսումնասիրելով կարելի է հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ, և դեպի ուր է տանում մեր հակառակորդը»,- ասաց Վալերի Լյոկա Ղազարյանը։

Ռեփերը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես մի հասարակության մեջ կարող են ապրել այդքան տարբեր մարդիկ, որոնց մի մասն ասի, որ լավ է՝ Արցախը տվեցին՝ հանգիստ կապրեն, մյուս մասն ասի՝ լավ է, որ այսպես եղավ, մի այլ մասը՝ Նիկոլ վարչապետ, իսկ չորրորդ հատվածը՝ Նիկոլ դավաճան։

«Մենք այնքան փոքր ենք, որ այսքան մասի բաժանումը մեզ ավելի շատ է կործանման տանում ու վստահ կործանման է տանում»,-նկատեց արցախցի ռեփերը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, նշում է, որ Ադրբեջանը երեսուն տարի լուրջ ու համակարգված աշխատանք տարավ, սերունդ մեծացրեց, որն ատում է հայերին ու ամեն ինչ հայկականը, իսկ մենք միայն պարծենալով էինք զբաղված։ Եթե որևէ բան արվել է, ապա արվել է կիսատ կամ անփույթ, դրա հետևանքով էլ ունեցանք այս իրավիճակը։

ԻՆչ վերաբերում է արցախցիների ի վերջո կոտրվելուն, Վալերի Լյոկա Ղազարյանը վստահ է, որ արցախցիները չեն կոտրվի, քանի որ նրանք չափազանց համառ են ու պինդ, ու, ի վերջո, դա պայթելու է, իսկ պայթյունը լինելու է չափազանց հզոր։

«Հարգենք իրար, հայ չե՞նք, լավ չի՞, լսենք իրար, ինչքան էլ համաձայն չլինենք՝ լսենք իրար, ի՞նչ կարիք կա ատելություն սերմանել, հետո` հայ չե՞նք բոլորս։ Եթե վաղը մի բան լինի, այդ մարդն է, չէ՞, գալու քեզ օգնի՝ ուրիշը չի գալու քեզ օգնի։ Կամ` ասում են՝ ռուսը չի գալիս բացի ճանապարհը, հասկանու՞մ եք, թե ինչ օրի ենք հասել։ Մենք մեր երկրի ներսում պահանջում ենք, որ մի երրորդ պետություն գա ու բացի ճանապարհը, որ փակել է թշնամի պետություն։ Մենք միայն պահանջում ենք՝ ես էլ պահանջում եմ Ջո Բայդենի հրաժարականը․ մենք միայն պահանջում ենք և խստորեն դատապարտում ենք ու ասում ենք՝ դիմացեք։ Լավ, դիմանանք, բայց ինչքա՞ն։ Ո՞նց կարող է երեխան նստի ու մոր հետ սկսի մտածել, որ` մամա, հիմա եթե ես այս դեղը չսրսկվեմ, մահանալո՞ւ եմ, ինչի՞ չեմ կարողանւոմ սրսկվել, որովհետև ադրբեջանցին ճանապարհը փակե՞լ է։ Այդ երեխան դա հասկանալով` այդ մասին մոր հետ է խոսում, իսկ մենք այստեղ ասում ենք` կդիմանան»,- եզրափակեց ռեփերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image