Հայաստան վերադարձողներին տնային պայմաններում մեկուսացնելու հարցը քննարկվում է

Հայաստան վերադարձողներին տնային պայմաններում մեկուսացնելու հարցը քննարկվում է

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 4-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մարտի 15-ից սկսած՝ Մոսկվայից Հայաստան է տեղափոխվել 234 հոգի, որից 80-ը՝ անվճար, այնուհետեւ՝ մյուս ինքնաթիռով՝ 234 հոգի, որից 150-ը՝ անվճար, իսկ ապրիլի 12-ին՝ 230 հոգի, որից 200-ն անվճար է տեղափոխվել: 

Այս պահին, սակայն, անվճար, թե վճարովի են գալիս մարդիկ՝ այնքան էլ էական չէ: Շատերը համաձայն են նույնիսկ պահանջվածից ավելի գումար վճարել, միայն թե հասնեն հայրենիք: Բայց ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու հարցը ոչ մի կերպ չի լուծվում: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տվյալներով, ինքնաթիռի սպասող հայերի թիվն այժմ մոտ 3 հազար է: Մեր տեղեկություններով, այս պահին ինքնաթիռի սպասող մոտ 5 հազար քաղաքացի կա: 
Մեր հայրենակիցները կապվում են «Հրապարակի» հետ ու պատմում, որ դիմում են դեսպանատուն, խնդրելով վարձի գումար տրամադրել՝ Մոսկվայում ինքնաթիռի սպասելու համար, եւ որ այդպիսիք շատ են: 

Մայիսի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայկական հեռուստաալիքներից մեկով հայտնեց, որ իր հնարավորության սահմաններից դուրս է բոլոր դիմող քաղաքացիներին բնակվարձի գումարով ապահովելը: 

Երեկ փորձեցինք տեղեկություններ ստանալ ներգաղթի կազմակերպման տարբեր ասպեկտներով զբաղվող պետական մարմիններից, հասկանալու համար, թե ինչ է արվում Ռուսաստանից հայերին վերադարձնելու համար: Զրույցների արդյունքում պարզեցինք, որ հստակ պատկերացում, թե որ մարմինն ինչ պետք է անի, այս պահին չկա: 

ՀՀ կառավարությունից մեր հարցերին պատասխանեց պարետատան խոսնակ Մանե Գեւորգյանը: «Մինչեւ մայիսի 10-ը Ռուսաստանի Դաշնությունից թռիչք նախատեսված չէ,- ասաց նա։- Հարցով զբաղվում է ՀՀ արտգործնախարարությունը: Խնդրում եմ խոսել իրենց հետ»: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանից հայերին չենք կարողանում բերել նրանց 14-օրյա կարանտինն ապահովելու բարդություններով պայմանավորված, եւ չի՞ քննարկվում արդյոք տնային պայմաններում կարանտինի անցնելու կարգը: Մանե Գեւորգյանի պատասխանն է. «Առողջապահության նախարարությունը բազմիցս դրան անդրադարձել է՝ նշելով, որ առաջնորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցով եւ նպատակահարմար է գտնում կազմակերպել եւ պետության հոգածության տակ վերցնել մեր այն բոլոր քաղաքացիների ինքնամեկուսացումը, որոնք ունեն դրա կարիքը: Եթե այս հարցով որեւէ բան փոխվի, առողջապահության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:
Առողջապահության նախարարության խոսնակը ներկայացրեց մեկուսացման բարդությունները․

«Նախարարությունը չի կարող իր հաշվին հյուրանոցներ վարձել, որոշներն ընդհանրապես հրաժարվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածներին սպասարկելուց: Այդ հարցն այնքան բարդ է կազմակերպել»: Չի՞ քննարկվում արդյոք կարանտինը տանը կազմակերպելու հարցը: «Այդ հարցը քննարկվում է, բայց ՌԴ-ի դեպքերը տեսա՞ք, որ 10 հազար դեպք ունեցան հաստատված: Իսկ թեստեր եթե անենք, այդ պահին կարող է ցույց չտալ»: Լավ, ինչո՞ւ չեք ուզում կիրառել մեկուսացվածներին հեռախոսով հետեւելու՝ տեղորոշելու տարբերակը, մարդկանց բերեք, թող գնան տները, ու հեռախոսով իրավապահ մարմինը կամ այլ ծառայություններ հետեւեն: «Մեզ մոտ չեն պահում այդ կանոնները: Չես կարող իմանալ, մարդը հանգիստ կարող է հեռախոսը տանը թողնի, դուրս գա, չենք իմանա: Բայց հենց տեսնենք, որ հյուրանոցները չեն բավարարում, Ձեր ասած դեպքերը գնալու են տանը մեկուսացվելու»,- պատասխանեց Արսեն Թորոսյանի խոսնակը:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր պարտքը համարեց հիշեցնել, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել է՝ մինչեւ մայիսի 10-ը թռիչքներ նախատեսված չեն: Ինչո՞ւ։ «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչեւ տեղում եւ տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում եւ դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում»: Արդյոք քննարկվո՞ւմ է նոր եկողներին տնային պայմաններում մեկուսացնելու հարցը, ինչպես դա արվում է ՌԴ-ում։ «Այդ հարցը ՀՀ ԱԳՆ իրավասության դաշտում չէ»,- պատասխանեց Աննա Նաղդալյանը: 

Մեր տեղեկություններով, Վրաստանը պատրաստ է բացել դեպի Հայաստան եկող ավտոբուսների ճանապարհը, իսկ Հայաստանը դրան դեմ է: Եվ դրսում մնացած մարդկանց մնում է նստել ու սպասել, թե երբ ՀՀ իշխանությունը չվերթ կկազմակերպի դեպի Հայաստան։