Թմրամիջոց օգտագործող մարդիկ այլ ձև են տեսնում իրականությունը
ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Քոչարյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկել են փոփոխություններ մտցնել՝ պայմանագրային զինծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար։ Առաջարկվել է՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանելով` պահեստազորայիններին վերադառնալ բանակում պայմանագրային զինվորական ծառայության` Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետի կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոններում: Իմաստն այն է, որ տարեց կենսաթոշակի անցած զինծառայողները իրենց ներկայությամբ սաստեն, զգաստացնեն երիտասարդներին եւ բանակում որոշակի կարգուկանոն հաստատվի: Որովհետեւ ժամկետային զինծառայողները գերակշռում են եւ 19-20 տարեկանների նման քանակի կուտակումները` առանց մեծահասակների, երբեմն աղետալի հետեւանքների է հանգեցնում:
Ազգային ժողովը հոկտեմբերի 31-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց և ընդունեց այս երկու օրենքներում լրացումներ անելու նախագծերի փաթեթը։ Մենք հետաքրքրվել էինք, թե ինչու օրենքի փոփոխությամբ ավելի բարձր կոչում ունեցող զինվորականներին եւս չեն ներգրավում:
Մեզ պատասխանել էին, որ կարող են նաեւ ավելի բարձր կոչում ունեցողները վերադառնալ բանակ, բայց պետք է զբաղեցնեն մինչեւ փոխգնդապետի կոչմանը հասավարազր պաշտոններ:
Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասում է. «Ինչո՞ւ են հիմա նման առաջարկ արել․ փաստացի դասակ, վաշտ, գումարտակ հրամկազմը բացակայում է կամ քիչ է։ Այդ փոխգնդապետը, եթե զորամասերով նայենք, ապա գումարտակի հրամանատարի հաստիք է՝ փոխգնդապետի կոչումը՝ մայոր-փոխգնդապետ, կախված, թե ինչ գումարտակ է։ Ինչո՞ւ են դա հիմա արել, կարող եմ ենթադրել, որ մեծ արտահոսք կա բանակից։ Այսինքն, սպայակազմի քանակն է պակասել։ Ովքեր որ պահեստազորում են կամ առողջական վիճակով են զորացրված, կամ տարիքային խնդրով, ոչ թե գաղափարական առումով զորացրվածները՝ այս այլանդակությունների ֆոնի վրա։ Իրենք էլ չեն կանչում գրասենյակային աշխատանքի, ես հասկանում եմ, որ գործող բանակ են կանչում։ Հիմա այդ մարդիկ իրենց առողջական խնդիրներով, իրենց տարիքով բավարար ատեստացիա կանցնե՞ն»,-հարց է տալիս Նահապետյանը։ Այս իշխանություններն իրենց գցել են հիմար վիճակի մեջ՝ նկատում է պահեստազորի գնդապետը։
Ատեստավորման մի ամբողջ ինստիտուտ ստեղծեցին, այնինչ այդ ատեստացիայի պատճառով բազմաթիվ կադրեր դուրս են մնացել․«Սակայն այնքան տխմար են, հո ախուրյանցի անոները չեն գա ծառայելու, կամ` այս դասալիքները...սրանք հազիվ փախնում են։ Իսկ իրենց համար մեկ է՝ տարիքով, առողջականով զորացրվածներին ասում են՝ եկեք, սահմանին ծառայեք։ Ո՞վ է գնալու, ինչքան փող էլ տան։ Նորմալները դուրս եկան, ատեստացիա մտցրեցին իրենց կարճ խելքով։ Գնդապետի հաստիքով և կոչումով գնդապետին ֆիզիկական պատրաստություն էին առավելագույնը ստուգում` այնպես, ինչպես ասենք մոտո-հրաձգային վաշտի կամ դասակի հրամանատարինը, այն դեպքում, երբ որ այս գնդապետի միայն փորձառությունն ու անցած ճանապարհը բավարար էր շատ հարցերում օգտակար և արդյունավետ ծառայություն կազմակերպելու համար։ Դիլետանտներ են, սրանք կապիկ են` ում ձեռքը նռնակ են տվել, ուղղակի այդ նռնակը չի պայթում՝ նռնակը դուրսն են տվել, արտաքին կառավարում, պաշտպանուկանության զրոյացում, վերջում ասելու են՝ թույլ ենք»,-ասաց Նահապետյանը։
Նա շեշտեց, որ այս իշխանություններին ամեն ինչ թույլ են տալիս արտաքին կառավարման դիմաց. «Կորզում են մեզանից, պարտադրում են, որովհետև այս տգետներին թույլ են տալիս նաև լափել բյուջեն՝ 6 միլիարդ պարտք կա մեր ժողվորդի վրա, ամեն քաղաքացու վրա, չծնված երեխաներն արդեն պարտքով են ծնվում։ Իսկ իրենք շոուներ են կազմակերպում՝ հեծանվավազք, շորերի, հագուստների ցուցադրություն, մեծահարուստների ընդունելություն։ Սրանք պետք է վախենան ոչ միայն երկնային հատուցումից, այլև երկրային՝ չեմ ասում վրեժից, բայց հատուցումից, իսկ այդ հատուցման ժամանակը գալու է։ Թե ում որտեղ կբռնացնի այդ հատուցումը, ես դժվարանում եմ ասել, բայց բավականին սարսափելի է լինելու, որովհետև այս բոլոր կորուստները՝ հայրենիքի, մարդկային և ոչ միայն, այս բոլորի պատասխանատվությունն առաջին հերթին սրանց ուսերին է։ Պարզապես թմրամիջոց օգտագործող մարդիկ այլ ձև են տեսնում իրականությունը՝ հիմա սրանք այդ թմրամիջոցի ազդեցության տակ են»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։
Կարծիքներ