Եթե երկիրը չի կառուցվում, այդ դատարկ տարածությունը լցվում է լոզունգով, որի համար միլիոններ են հատկացնում

Եթե երկիրը չի կառուցվում, այդ դատարկ տարածությունը լցվում է լոզունգով, որի համար միլիոններ են հատկացնում

Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ

- Պարոն Չալիկյան, հեղափոխությունից հետո սիրո եւ համերաշխության մթնոլորտը շուտ խաթարվեց մեզանում, դրան զուգահեռ, ավելացավ ատելության խոսքը՝ հատկապես սոցիալական հարթակներում։ Ո՞րն է խնդիրը։  

- Դա պայմանավորված է նրանով, որ ցանկացած գեղեցիկ, իրական ճշմարտություն կենդանի օրգանիզմ է, եւ չի կարելի կամային վարվել երեւույթների հետ։ Այն, ինչը ժողովրդին փողոց հանեց, այն ժամանակ այդ ակնկալիքների ճշմարիտ ընկալումը չկար, այսինքն՝ տիեզերքից եկած պատվերը բոլորովին այն չէ, ինչ այսօր՝ հեղափոխությունից հետո իբր թե արվում է։ Այդ տեսանկյունից որ նայում ենք, ամեն ճշմարտություն նախ հոգեւոր դաշտում է կայանում։ Երեւույթի հոգեւոր ընկալումը չի գիտակցվում բացարձակ, ավելին՝ դա խանգարում է, մշակույթի նախարարություն են փակում, միացնում են իրար այդ կարեւոր նախարարությունները, այստեղ ոչ թե այդ ոլորտները կառավարելու խնդիր է, այլ՝ վերաբերմունքի։ Եթե մեկ նախարարություն պետք է գործեր, դա պետք է լիներ հենց մշակույթի նախարարությունը, որովհետեւ դա ամեն ինչի հիմքում է, մինչդեռ այդ ոգեղեն նկարագրի հանդեպ պատասխանատվությունն ընդհանրապես չի գիտակցվում։ Ինձ համար, օրինակ, վիրավորական էր վարչապետի խոսքը համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ամբողջ իմաստն այն էր, որ շատ փող տվեք, որովհետեւ ճանապարհ ենք սարքում, բայց ամենակարեւորը չի ասում, թե այդ ճանապարհն ուր պետք է տանի։ Եթե մենք չգիտենք ուր ենք գնում, ցանկացած ներդրում անիմաստ է, այսինքն՝ նպատակը փող հավաքելը չպետք է լինի, եթե ինձ չի ոգեւորում վաղվա տեսիլքը, որին իմ լուման պետք է ծառայի, ես երբեք այդ լուման չեմ տրամադրի, քանի որ այս դեպքում գումարը ճիշտ հակառակ նպատակին է ծառայում։ Ո՞նց կարելի է նյութն առաջնային համարել, քան այդ նյութի միջոցով կայանալիք գաղափարները։ Այսօր բոլոր ոլորտներում պետք է առաջնորդվել գերխնդիրներով, որովհետեւ այս տասնամյակների ընթացքում մենք հարյուրամյակներով հետ ենք գնացել։ Եթե հոգեւոր դաշտում մենք հակադրվում ենք տիեզերքից եկող այդ պատվերին, դատարկ տարածություններն իսկապես լցվում են չարությամբ, նախանձով, ատելությամբ, այն, ինչ այսօր մեզ մոտ տեղի է ունենում։ Փոթորի՞կ պետք է լինի, որ այս մարդիկ գիտակցեն՝ չի կարելի այսպես շարունակել։

- Ասացիք՝ ակնկալիքների ճշմարիտ ընկալումը չկար, այսինքն՝ մարդկանց ակնկալիքներն ավելին էին, քան այսօրվա իրականությո՞ւնը։

- Այստեղ մի նրբություն կա, որ ժողովուրդը կարող է այդ ակնկալիքների մեջ չունենալ կոնկրետ նպատակային հանգրվաններ։ Եթե ինքը ոտքի է կանգնում, իրեն շատ ավելի մեծ նպատակ է ոտքի հանում, ոչ թե կոնկրետ գիտակցված իր նպատակը։ Դա հենց այն ոգին է, որ պատվերի ձեւով հանկարծ պայթեց, դա նշանակում է, որ ժողովուրդը դեռ կենդանի է, բայց դրանից հետո այդ գիտակցությունը պետք է նաեւ երկիրն առաջնորդողներն ունենան եւ անընդհատ հենվեն ժողովրդի ոգին արթուն պահելու վրա։ Ժողովրդի այդ ոգին մեծ գերխնդիրներ լուծելու իմպուլսներ էր կրում իր մեջ, հիմա դա ենք տանուլ տալիս, եթե անգամ միլիարդների ներդրումներ լինեն, ի վերջո, այդ միլիարդներն ինչի՞ն են ծառայելու՝ նույն արվեստի առումով։ Մենք երեւույթների ոգեղեն ընկալումը նախ պետք է գիտակցենք, եւ այդ  պատասխանատվությունն էլ պետք է մեզ դրդի ոչ ստանդարտ քայլերի։ Մեր ժողովրդի մոտ կա այդ գերխնդիրները լուծելու գենետիկ կոդը, որովհետեւ, եթե կոշկակարին ասում ես՝ դու աշխարհի լավագույն կոշիկը պետք է կարես, նա չի կարող չկարել, մեզ մոտ կա այդ գիծը։ Ամեն մեկի առաջ՝ իր ոլորտում, պետք է երկիրը կայացնելու գերխնդիրը դնել, երկիրն էլ իր հերթին այդ գերխնդրի տեսիլը պետք է ունենա։ 

- «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը բիլբոլրդների վրա տիրաժավորելու համար պետբյուջեից հատկացվեց 100 հազար դոլար։ Այս ուղերձն ո՞ւմ է ուղղված, եւ արդարացվա՞ծ է այդ ծախսը։

- Իմ մասնագիտությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ մարդու գեղարվեստական կերպարը միշտ խոսում է այն մասին, ինչն իր մոտ դատարկ է, նկատի ունեմ՝ կա՛մ այդ օջախը պետք է կառուցել, կա՛մ այդ մասին լոզունգ անել։ Եթե երկիրը չի կառուցվում, այդ դատարկ տարածությունը պետք է լցվի լոզունգով, որի համար միլիոններ են հատկացնում։ Մինչդեռ այդ լոզունգը կայացնելու համար, ես հավատացնում եմ՝ շատ ավելի քիչ նյութական միջոցներ են պահանջվում, առաջին հերթին՝ ճշմարիտ սրտին ուղղված խոսք ու գործողություն։ Կառուցելու համար ամենավտանգավոր բանը դրա մասին խոսելն է, եթե խոսում են սիրո մասին, ուրեմն արդեն սեր չկա։ Նույնը՝ այս դեպքում, ո՞նց կարող է դա թեմա դառնալ, սա գործունեության իմպուլս պետք է լինի։ 

- Մենք տեսանք, որ նոր իշխանություններն էլ առանձնապես ժուժկալությամբ աչքի չեն ընկնում, դրա վկայումը պարգեւատրումներն էին, նախարարների աշխատավարձի կրկնապատկումը՝ վարչապետի գաղտնի հանձնարարականով։ Ստացվում է՝ ունենք նոր իշխանություն՝ հին բարքերո՞վ։

- Եթե իրենց պատճառաբանությունները լսենք, որ քիչ են վճարվում, դրա համար են վատ աշխատում, ուստի պետք է լավ վճարվեն՝ լավ աշխատելու համար, ես այդ կարծիքին չեմ։ Եթե երկիրը կայացնող այրերը փողով պետք է սիրեն իրենց գործն ու երկիրը, ուրեմն ես ո՛չ իրենց եմ ընդունում, ո՛չ իրենց գործը։ Մենք շատ ենք ամեն ինչ նյութով՝ փողով պայմանավորում։ Ինքնապարգեւատրումների պահով հիշեցի, որ ֆաշիստական Գերմանիայում նման ցուցումներով մի փաստաթուղթ էր հրապարակվել, որպեսզի իրենց նվաճած երկրներում կառավարելը հեշտ լինի, եւ իշխանություններն իրենց հավերժացնեն, նախ այնպես էին անում, որ անկարող մարդիկ ղեկավարեն, ոչինչ չնախաձեռնեն։ Եվ մի տարօրինակ բան էլ կար՝ անպայման պարգեւատրել նրան, ով ոչինչ չի անում։ Ես հիմա նույնիսկ վախենում եմ, որ սա զուգադիպություն չէ, որովհետեւ չեմ կարծում, որ այս աստիճանի տգիտությունը կարող է օկուպացնել երկիրը։ Ես նաեւ վախենում եմ, որ դա ծրագրված է արվում, ինչն ամենամեծ վտանգն է։

- Իսկ ո՞ւմ կողմից է ծրագրված։

- Ես չգիտեմ, ու եթե անգամ ծրագրված է, ամենամեծ ծրագիրը ոլորտները տգետներին հանձնելն է, դա կառավարելու, ոչնչացնելու ամենակարեւոր խնդիրն է, որովհետեւ նույնիսկ սխալ ծրագիրն այնպես չի ոչնչացնում, ինչպես անծրագիր, տգետ գործունեությունը։ 

- «Վերնատուն» մշակութային բրենդն էլ քաղաքականացվեց, վերջերս ձեւավորվեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ՝ որպես այլընտրանք ներկա քաղաքական դաշտին։ Անդամների կազմը համոզի՞չ է Ձեզ համար։ 

- Երբ այսօր փորձում ենք հեղափոխության արժեքները փրկել հեղափոխությունն անողներից, դա, իհարկե, ողբերգություն է։ Բնականաբար, այդ դատարակ տարածքը լցվում է կեղծ արժեքներով, ու եթե այսօր չկա «Վերնատուն», այդ դատարկ տարածքը լցվում է կեղծ «Վերնատուն» հասկացությամբ։ Ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ «Վերնատան» հետ…։ Ընդհանուր առմամբ, փորձ է արվում ինչ-որ բան անել, ինչպես որ մենք ձեւավորել ենք «12-ի խորհուրդ» եւ փորձում ենք առանց «Վերնատան» անվան հոգեւոր, մշակութային, գիտական, մտավոր դաշտ ձեւավորել։ 

- «12-ի խորհուրդը» միավորո՞ւմ է, կուսակցությո՞ւն, ովքե՞ր են ընդգրկված։

- Դա հենց խորհուրդ է, ո՛չ միավորում, ո՛չ կուսակցություն, եւ նույնիսկ չեմ ուզում անուններ ասել, որովհետեւ անձնավորված չէ։ Միայն ասեմ, որ 3 ակադեմիկոս Ռուսաստանից կա, Ամերիկայից, Եվրոպայից՝ ավելի շատ, նույնիսկ Հարավային Կորեայից կան, ընդհանուր ստորագրել է մոտ 30 անձնավորություն։ Եթե անգամ հազար մարդ ներգրավվի, դա կոչվելու է «12-ի խորհուրդ», որտեղ պետք է բարձրաձայնվեն այն իրական արժեքները, որի անհրաժեշտությունն այսօր մեր բոլոր ոլորտներում կա։ Եթե մենք այսօր ժամանակակից, կենդանի, արդի արվեստ չենք ստեղծում, այդ տարածքներն էլ են լցվում կեղծ, ագրեսիվ արժեքներով։ «12-ը» տարբեր խորհուրդներ է կրում՝ սկսած տիեզերական դարաշրջաններից, ամիսներ, նաեւ առաքյալներ, որն ավելի շատ սիմվոլ է, քան թվաքանակ։ Հիմնական խնդիրը՝ այսօր ստեղծել երկրի ոգեղեն, մշակութային արվեստի պատվերը, որովհետեւ ցանկացած երկիր նախ այդ դաշտում է կայանում, նյութական ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Ոգու մասին մենք միշտ մոռանում ենք, դա բոլոր ոլորտների ակունքն է, եթե մենք այդ իմպուլսով չենք առաջնորդվում, չի կարող լինել տնտեսական հեղափոխություն։ Մարտի 1-ից հետո, երբ հանդիպեցինք Սերժ Սարգսյանի հետ, ես իրեն ասացի, որ մենք՝ արվեստի գործիչներս, անիմաստ գործով ենք զբաղված, եթե դուք չգիտեք, թե ինչ երկիր եք կառուցում, մենք այդ երկիրը նախ ոգեղեն դաշտում պետք է կայացնենք։ Հիմա էլ նույնն է․ եթե արվեստը դառնում է էլի ինքնաբավ, ընդամենը փող աշխատելու մասնագիտական խնդիր, դա կործանմանը համարժեք բան է, այսինքն՝ նախ հոգեւոր դաշտում պետք է ձեւավորենք այն երկիրը, որը վաղը պետք է կայանա նյութական դաշտում։