Մի բանում հանրային կոնսենսուսը կարելի է կայացած համարել

Մի բանում հանրային կոնսենսուսը կարելի է կայացած համարել

Որքան ավելի է հստակվում Նիկոլ Փաշինյանի հեռանալու շուրջ հանրային կոնսենսուսը, այնքան ավելի է համառություն ցուցաբերում վարչապետի աթոռին նստած անձը։ Նա նորանոր փաստարկներ է գտնում, փորձում բացատրել, թե ինչու էր պարտությունն անխուսափելի, մեղադրում է բոլորին՝ այդ պարտության եւ իր բերած փաստարկներին չհավատալու համար։ Տպավորություն է ստեղծվում, թե նա ապրում է իր կյանքով՝ մեզնից անջատ ու մեր «ինադու»։ 
Իսկ վերջին հոդվածից հասկանալի է դառնում, որ ոչ միայն մեր «ինադու» է պաշտոնավարում, այլեւ թքած ունի մեր հոգսերի ու զգացմունքների, մեր զոհերի ու կորուստների, մեր տառապանքների ու հուսախաբության վրա։ Ոչ մի ափսոսանքի տող ու բառ չկա այդ հոդվածում, ոչ մի զղջման խոսք ու մեղքի զգացում։ Ինքն ամեն ինչ ճիշտ է արել, ինքը բոլորիցս լավ է հասկանում, ինքը մեր միջի ամենաանմեղն է, ինքը հոյակապ վարչապետ է ու կառավարիչ, իսկ մենք ապիկարների մի մեծ հասարակություն ենք՝ երախտամոռ, անհասկացող, տգետ ու չար։ 

Մի խաբվեք նոյեմբերի 9-ից հետո կեսբերան արված արտահայտություններին, թե՝ «ինքն է թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»։ Դրանք դատարկ խոսքեր են՝ աթոռը պահպանելու եռանդուն ու ստոր քայլերի շարքից։ Եւ դրանք ասվել են բացառապես մթնոլորտը մի փոքր լիցքաթափելու համար ու բացարձակապես նրա սրտից չեն բխում։ Նրա սրտից բխող խոսքերը մեղադրանքներն են՝ ուղղված ընդդիմախոսներին եւ իր հրաժարականը պահանջողներին։ Արդարացումներն են, որ ինքն արել է առավելագույնը։ Մեսիջներն են՝ ուղղված միջազգային հանրությանն ու իրեն իշխանության բերած խմբակներին։ Հավաստիացումներն են, թե՝ վեց ամսում ամեն ինչ կարգավորելու է։ Հոգեթերապիան է՝ ուղղված հանրության վրդովված հատվածին, թե՝ հայրենիք չենք կորցրել, տվել ենք այն, ինչ պետք է տայինք։ Մի խոսքով՝ քայլերի ու խոսքերի մի ամբողջականություն, որի գլխավոր իմաստը աթոռը պահպանելն է։

Սակայն նույնիսկ եթե ամբողջությամբ համաձայնենք այս վերջին հոդվածի փաստարկների հետ եւ հանրային կոնսենսուսով որոշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, մի բանում հանրային կոնսենսուսը կարելի է կայացած համարել․ նրանում, որ Նիկոլ Փաշինյանը վատ, ձախողված վարչապետ է եւ նա դեռեւս 2018 թվականին իր ուժերից վեր բեռ է ստանձնել, չի կարողացել այդ բեռը պատվով տանել, ուստի պետք է հեռանա։ Եւ այդ ձախողման փաստը միայն պատերազմում պարտությամբ չէ ապացուցվում, այլ նրա երկուսուկես տարվա ամեն օրվա գործունեությամբ։ 
Եթե մտովի փորձենք վերականգնել այս երկուսուկես տարվա ընթացքը եւ վարչապետի կատարած քայլերն ու արտաբերած խոսքերը դնենք մի հարթության մեջ, ուղղակի կարելի է սարսափել, թե ում ենք մենք վստահել մեր երկրի ու մեր ժողովրդի բախտը։ Այնքան չարություն եւ ատելություն, որ բխել է նրա խոսքից։ Այնքան անհասկանալի որոշումներ եւ հակազգային քայլեր, որ արվել են նրա ու նրա կառավարության կողմից։ Այնքան սխալ ու վտանգավոր հրահանգներ, տգետ կադրեր, հակասական ու իրարամերժ քաղաքականություն, որ նա է իրականացրել, եւ վերջապես՝ ծրագրի ու անելիքի բացակայություն, չիմացություն։ 

Դրան գումարած անբացատրելի մեծամտություն եւ վնասակար ինքնավստահություն։ Արդյունքում 2021 թվականի մեկնարկին ունենք մի կատարյալ ավերված երկիր, անիշխանություն, կաթվածահար ապարատ, հուսահատ հասարակություն եւ հեռանկարում նոր վտանգներ ու տագնապներ։ Այս իրավիճակում ցանկացած մեկը հասկացած կլիներ սեփական անկարողությունն ու հրաժարական կտար, սակայն նա համառ է եւ շարունակելու է կառչել իշխանությունից՝ հանրությանը համոզելու եւ իր ճշմարտացիությունը բացատրելու հույսով։ Այն հույսով, որ կանցնի ժամանակ մարդիկ կհաշտվեն կատավածի հետ, կներեն իրեն ու կհամակերպվեն իր գոյության հետ։

Երբ 2018 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ հրապարակում ինչ որ մեկը վանկարկեց «Նիկոլ-վարչապետ», փոքրաթիվ խելացի մարդիկ հասկացան, որ դա մեր երկրի կործանման սկիզբն է, բայց նրանց ոչ ոք չլսեց։ Եւ խելացիներն ընկրկեցին՝ մի հույսով, որ իրենք գուցե սխալվում են եւ փողոցից կառավարությունում հայտնված կիսագրագետ ու անփորձ պատանուց մի հրաշքով լավ վարչապետ կստացվի։ Հույսեր փայփայեցին, որ նա ընդունակ կլինի եւ արագ կյուրացնի կառավարման հմտությունները։ Լայնախոհ կլինի եւ կգնա ազգը համախմբելու ճանապարհով։ Հեռատես կլինի եւ մեր երկրին սպասվող վտանգները կզգա ու կկարողանա կանխել։ Իմաստուն կլինի եւ իրեն կշրջապատի իրենից խելացի ու փորձված մարդկանցով։ Դրական իմաստով՝ փառասեր կլինի եւ կուզենա հայ ժողովրդի պատմության մեջ մնալ որպես լավ կառավարիչ։ 

Բայց, պարզվեց, մենք գործ ունենք սովորական իշխանասեր ու իշխանամոլ մեկի հետ, որն իշխանությունը պատկերացնում է որպես իր մերձավորներին ու իրեն նորանոր արտոնություններ ու շատ փող բաշխելու միջոց։ Եւ կարճ ժամանակում իշխանության բերած էյֆորիան այնպես խփեց գլխին, որ ոչ միայն չզգաց պետության գլխին կուտակվող վտանգները, այլեւ սեփական անմիտ ու սխալ քայլերով աղետ բերեց երկրի գլխին։ Աղետ, որի չափերը չի գիտակցում եւ որն նրան տառապանքի ու զղջումի զգացում չի պատճառում։ Եւ հիմա միայն մի բանի մասին է մտածում՝ ինչպես անի, որ երկարաձգի իր պաշտոնավարումը, անգամ եթե դա մեր պետությունը վերջնականապես կործանելու վտանգով է հղի։