Գագիկը հերոսությունը պապից էր ժառանգել

Գագիկը հերոսությունը պապից էր ժառանգել

Մեր հերոսների կարճ կյանքն ու զոհվելու պատմությունները մենք դեռ շատ պետք է ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է պատահում, որ նույն երկրում ծնված, իրար կողքի ապրող երիտասարդներից մեկը ապրում մորթապաշտ ու միայն իր անձնական շահի համար, մյուսը հանուն հայրենիքի կյանքն է զոհաբերում։

Գագիկ Վաչիկի Ղուկասյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 23-ին Ապարանի Ձորագլուխ գյուղում։ 2006-2018 թթ. սովորել է Ձորագլխի Յուրիկ Հովհաննիսյանի անվան դպրոցում։ Ուսուցիչները, ամեն անգամ մտնելով այն դասարան, որտեղ սովորել է Գագիկը (որն արդեն անվանակոչել են իր անունով) վերհիշում են, թե ինչպիսի աշակերտ էր Գագիկը։ Ուսուցչուհին այդ դասարանում սովորող աշակերտներին մի անգամ պատմել է, որ Գագիկը գրավոր աշխատանքների և նույնիսկ քննության ժամանակ երբեմն ղուշ ու գիր էր նետում եւ բարձր ստանում։ Դպրոցում նա լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն այնքան շատ էին սիրում Գագիկին, որ միշտ բարձր գնահատականներ էին նշանակում։ Բոլոր ջերմ հիշողություններն ուսուցիչները բարձրաձայնում են թաց աչքերով։ 
«Գագիկը շատ համեստ, հավասարակշռված ու աշխատասեր տղա էր,- պատմում է Գագիկի քույրը,-երբեք ոչ մի այնպիսի բան չի արել, որ ծնողները գլուխը կախեն։ Միշտ օգնում էր բոլորին. գյուղի փրկիչն էր»։

Գագիկը ընտանիքի ամենափոքրն էր` ավագ քույրերից ու եղբորից հետո։ Նա եղբոր հետ հոր թև ու թիկունքն էին. հայրական տունը պիտի շենացնեին, բայց պատերազմը կիսատ թողեց Գագիկի երազանքները, երկու եղբայրներին էլ վիճակված էր անցնել պատերազմի թոհուբոհի միջով (ավագ եղբայրը` Տարոնը, մասնակցել է նաեւ քառօրյա պատերազմին), սակայն Գագիկն այդպես էլ տուն չդարձավ։ Շատ քաջ էր՝ ոչնչից չէր վախենում, անհամբեր սպասում էր, թե երբ է բանակ գնալու։ Եկավ այն օրը, որին Գագիկն այդքան երկար սպասում էր. պիտի ծառայության անցներ հայոց բանակում, պիտի պատվով կրեր զինվորի համազգեստը, ավագ եղբոր օրինակով նա 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցնում էր Ջրականում (Ջաբրաիլ)։ 
Ընկերներից մեկը Գագիկի մասին պատմեց․ «Գագոյի ընկերասիրությունը սահմաններ չէր ճանաչում, մեր բոլոր հավաքույթներին ինքն իր աթոռն ուներ, որը հիմա ցավոք դատարկ մնաց։ Գագոն ընկերների համար ամեն ինչի պատրաստ էր, հումորի լավ զգացում ուներ, մարդամոտ ու շփվող տղա էր ընկերս։ Ամեն անգամ, որ հավաքվում ենք Գագոյին մտքով միշտ մեր հետ տանում ենք, առանց իրա մեր ուրախությունը կիսատա։ Պատմում են` Գագիկը սիրած աղջիկ է ունեցել, ասում են՝ Էնքան շատ էր սիրում էդ աղջկան, որ մտքով բանակ տարավ հետը ու երբ ամեն ինչ պիտի Գագիկի սրտով լիներ, պատերազմը հենց սրտին էլ կպավ»։ 

«Գագիկն ազատ ժամանակը հիմնականում անցկացնում էր ընկերների հետ,- վերհիշում է Գագիկի քույրը,- շատ էր սիրում էլեկտրականության հետ գործ անել»։ Մեր հերոս Գագիկը մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, այնուհետև տեղափոխել են Հադրութ, այնտեղ դիմակայել է թշնամու դիվերսիոն խմբերի դեմ։ Մարտի դաշտում պայքարել Է 17 օր, անմահացել է Հադրութում՝ հոկտեմբերի 13 ին, մեքենայի վրա ընկած անօդաչուի հարվածից։ Գագիկին հուղարկավորել են Ձորագլուխ գյուղի (որտեղ անցել է հերոսի մանկության տարիները) Հայրենական մեծ պատերազմից չվերադարձած զինվորների հուշարձանի կողքին, որը նվիրված է նաև Գագիկի մեծ պապին։ Գուցե հերոսությունն էլ է ժառանգաբար անցնում։