Իրավական միտքը Կիլիկիան Հայաստանում

Իրավական միտքը Կիլիկիան Հայաստանում

«Իմ իրական փառքը նրա մեջ չէ, որ ես հաղթել եմ 40 ճակատամարտերում: Վաթերլոն կջնջի դրանց հիշողությունը, բայց այն ինչը չի մոռացվի և կապրի հավերժ, իմ քաղաքացիական կոդեքսն է»:

Խոսքերն այս պատկանում են Նապոլեոն Բոնապարտին: Եվ իսկապես Աուստերլիցի, Ուլմի, Վագրամի և Էյլաուի ճակատամարտերը ռազմական արվեստի տեսանկյունից երբեք չեն կորցնի իրենց հմայքը, բայց Վաթերլոյի պարտությունը փոշիացնում է դրանց արդյունքները` վերածելով ռազմական գիտության դասագրքային նմուշի: Իսկ քաղաքացիական կոդեքսը երբեք չի կորցնի իր արդիականությունը, դրա շունչը մինչև օրս ապրում է Եվրոպայում` հանդիսանալով իրավունքի հիմնարար սկզբնաղբյուրներից մեկը: Դա ռեֆորմ էր, որի միջոցով կանխորոշվում էին ֆրանսիական պետականության հիմնային դրույթները: Այն կարգավորում էր քաոսը` գերակա դարձնելով տիեզերական կարգն ու ներդաշնակությունը` մեկ բազումի տրամաբանությամբ: Ֆրանսիական կայսրության ընթացքը` ծնունդից մինչև մայրամուտ, ամբողջացնող այս խոսքերի հիման վրա էլ կկառուցենք մեր բուն շարադրանքը` որպես խնդրո առարկա դիտարկելով իրավական պետության պատմական մոդելը հայոց մեջ:

Սմբատ Գունդստաբլը Կիլիկիայի հայկական թագավորության խոշորագույն պետական գործիչներից մեկն է՝ զորավար և դիվանագետ: Նրա հրամանատարությամբ հայկական զորքերը ոչ մեկ անգամ է, որ պատվով պաշտպանել են պետության սահմանները, իսկ հարկ եղած դեպքում նաև ջախջախել հակառակորդին ճակատամարտի դաշտում: Պետության համար ստեղծված բարդագույն ռազմաքաղաքական իրավիճակներում Սմբատը դրսևորել է նաև դիվանագիտական բացառիկ ունակություններ` տարաբնույթ խաղարկումների և խուսանավումների արդյունքում միջազգային հարաբերություններում Կիլիկիայի Հայոց թագավորության համար ստեղծելով շահեկան պայմաններ: Անմիջականորեն նրա անձի հետ է կապված Հայ-մոնղոլական կարևորագույն նշանակության պայմանագրի նախապատրաստումն ու կնքումը: Այս ամենի համատեքստում վերադառնանք վերևում նշված բանաձևին. Սմբատի իրական փառքը հաղթած ճակատամարտերի ու հայ-մոնղոլական պայմանագրի մեջ չէր, տասնամյակներ անց մոնղոլ զորապետ Բիլարղուի կողմից Անարզաբայում կազմակերպված սպանդը և Այասի անկումը ջնջեցին դրանց հիշողությունը, բայց այն, ինչը չմոռացվեց և ապրեց հավերժ, Սմբատի Դատաստանագիրքն էր: Կիլիկիայի հայկական պետության պատմության մանրամասներին ոչ այնքան լավ տիրապետողների համար ավելացնենք, որ 1307 թ․ Լևոն 4-րդ արքան, նրա հորեղբայր Հեթումն ու շուրջ 40 հայ իշխաններ Անարզաբայում սպանվեցին մոնղոլ իշխան Բիլարղուի կողմից։ Փաստորեն հայկական պետությունն այս դաժանագույն ակտից հետո գլխատվեց։ Իսկ մյուս օրինակում նկատի ունենք 1337 թ․ Այասի անկման փաստը, երբ նավահանգստից մինչև Պիռամոս գետն ընկած հսկայական տարածքի զիջումով սկիզբ դրվեց թագավորության անկման գործընթացը։

1226 թ. Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցավ Հեթումյաններին: Երկրի գրեթե բոլոր կարևորագույն պաշտոնները սկսեցին վերահսկել այդ տոհմի ներկայացուցիչները: Նախորդ միտքը ելակետային նշանակություն ունի այս շարադրանքի համար այնքանով, որ իրենց ձեռքում կենտրոնացնելով պետական կառավարման ողջ համակարգը, Հեթումյանները երկիրը չվերածեցին հայրական կալվածքի, այլ տիրապետող էր դեռևս Արտաշես 1-ի ժամանակ ձևավորված պետականության ավանդույթը, այն է` իշխել արդարությամբ և օրինականությամբ (իհարկե եզրույթները կիրառվում են միջնադարյան խիստ առանձնահատուկ ընկալմամբ): Ասվածի վառ դրսևորումն է կիլիկյան պայմաններում նոր Դատաստանագրքի ի հայտ գալը: Այն առաջին հերթին միտված էր համակարգելու և ճշգրտելու ավատատիրական պետության տարբեր միավորների (արքա, իշխաններ, եկեղեցի, գյուղացիներ և այլն) փոխհարաբերությունների դաշտը: Սմբատի Դատաստանագիրքը այն փաստաթուղթն էր, որը պետք է ամրացներ պետականության հիմքերը` հասարակական տարբեր շերտերի համար ունենալով ցեմենտի միավորիչ նշանակություն: Դատաստանագիրքը նոր շունչ էր տալիս Լևոն 2-ից ժառանգություն ստացած հզոր պետությանը: Այն բացառում էր քաոսը և երաշխավորում էր կարգը` թագավորից մինչև ամենավերջին գյուղացի:

Դատաստանագրքի գրման պատճառներն իհարկե բազմաթիվ են։ Ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ․ Եթե հայկական միջավայրում Սմբատ Գունդստաբլից շատ ավելի վաղ արդեն գրվել էր Դատաստանագիրք, որի հեղինակը Մխիթար Գոշն էր, ապա ի՞նչ անհրաժեշտություն կար կազմելու նորը: Մխիթար Գոշի Դատաստանագիրքը ստեղծվել էր Հայաստանում (Մխիթար Գոշից առաջ Դատաստանագիրք էր ստեղծել նաև Դավիթ վարդապետ Ալավկաորդին։ Վերջինիս Դատաստանագիրքը շրջանառության մեջ չի մտել, բայց հետագայում կարևորագույն աղբյուր է դարձել Գոշի համար): Այն իր նշանակությամբ հայ իրավական-քաղաքական մտքի խոշորագույն աշխատություններից մեկն է: Գոշի Դատաստանագրքի նպատակը վերածնվող Զաքարյան Հայաստանում կարգի և օրինականության հաստատումն էր: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ նա իրավական հիմքեր էր նախապատրաստում անկախ Հայկական թագավորության վերականգնման համար: Բայց այդ փաստաթուղթը հնարավոր չէր լինի ամբողջապես գործարկել Կիլիկիայում: Անհրաժեշտ էր այնպիսի մի օրենսգիրք, որն ամբողջությամբ կհամապատասխաներ երկրամասի առանձնահատկություններին և պայմաններին: Եվ ահա Սմբատը նախաձեռնում է նոր դատաստանագիրք կազմելու գործը, որի կարևորագույն աղբյուրը դառնում է Գոշի Դատաստանագիրքը:

Ինչպես նշեցինք, Սմբատի Դատաստանագրքի առաջնային աղբյուրը Գոշի դատաստանագիրքն էր: Դա է պատճառը, որ տարբեր հետազոտողներ Սմբատի աշխատությունը հաճախ փորձել են ներկայացնել որպես մեխանիկական արտագրություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Գիտությունն արդեն վաղուց ժխտել է այդ վարկածը: Մյուս կարևորագույն աղբյուրը սովորութային իրավունքն էր: Միով բանիվ, ինչպես Գոշի, այնպես էլ Սմբատի աշխատությունները հայոց սովորութային իրավունքի համակարգված արտացոլանքն էին:

Անտիոքի ասիզները թարգմանել և կիլիկյան պայմաններում գործարկելու փորձ էր արել հենց Սմբատ Գունդստաբլը (1876 թ․ Ղևոնդ Ալիշանը հայերենից ֆրանսերեն է թարգմանել ու իրավական մտքի այդ հուշարձանը վերադարձրել համաշխարհային գիտությանը, քանի որ պահպանվել էր միայն հայերեն տարբերակը): Բայց բնական է, որ փաստաթղթերն այդ չէին կարող ամբողջությամբ բավարարել Կիլիկյան Հայոց թագավորության իրավական համակարգին: Եվ դրանից ելնելով ասիզները հանդիսանում են որպես կարևոր սկզբնաղբյուր Սմբատի համար: Այսինքն Դատաստանագրքի վրա իր ազդեցության կնիքն ունի նաև նորմանդական իրավունքը, որը եվրոպական իրավագիտության սյուներից մեկն է:

Գոշի ու Սմբատի Դատաստանագրքերի տարբերություններն ու նմանությունները բազմաթիվ են` հատկապես նմանությունները, քանզի ինչպես նշեցինք վերջինը կազմվել էր առաջինի հիմքի վրա: Բայց բազմաթիվ տարբերությունների մեջ, թերևս ամենաէականը վերաբերում էր պետականության դրույթներին: Գոշի Դատաստանագրքում առաջնային տեղ է տրված եկեղեցուն: Իսկ Սմբատը առաջնային պլան է մղում պետությունը: Պատահական չէ, որ աշխատությունը սկսվում է պետական և վարչական իրավունքից, որին միայն նոր հաջորդում են եկեղեցական իրավունքը, այնուհետև քաղաքացիական իրավունքը: Գոշի մոտ հակառակն է` սկզբում եկեղեցական իրավունքը: Բանն այն է, որ Քրիստոնեության պետական կրոն դառնալուց ի վեր եկեղեցին և պետությունը գտնվում էին մրցակցության և դիմակայության մեջ: Փոխհարաբերություններն այդ երբեմն վերածվել են սուր հակամարտության, իսկ երբեմն էլ երկու ինստիտուտները գտնվել են դաշինքի մեջ: Հայ Արշակունիների` եկեղեցին պետությանը ենթարկեցնելու ծրագիրը ձախողվեց: Փորձն այդ կարծես թե ստացվել էր Պապ թագավորի օրոք, որը սակայն սպանվեց, և եկեղեցու խնդիրը մնաց առկախված: Փոխհարաբերությունները հարթ չէին նաև Բագրատունիների օրոք: Վերջիններս նույնպես չհասցրեցին ինչպես հարկն է զբաղվել այդ խնդրով: Պառակտված քաղաքական-պետական համակարգի և արտաքին կոշտ միջամտության ներգործության արդյունքում Բագրատունիների Հայոց պետությունը անկում ապրեց: Հայաստանում եկեղեցու դերը էլ ավելի բարձրացավ: Նկարագրված իրավիճակի լրիվ հակառակ պատկերն էր Կիլիկիայում: Այստեղ առաջնությունը տրվում էր բացառապես աշխարհիկ իշխանությանը: Իհարկե պետություն-եկեղեցի մրցակցություն ,այնուամենայնիվ, կար, բայց Լևոն 2-ը կարողացավ վճռականորեն հպատակեցնել եկեղեցուն: Ավելին` Սմբատի Դատաստանագրքի մեջ Հռոմի պապը և Կ.Պոլսի պատրիարքը ավելի բարձր կարգավիճակ ունեին, քան Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մխիթար Գոշը Հայաստանի «Արեւելաց կողմի» վարդապետների «կլանի» ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Կլան բառի օգտագործումը խիստ պայմանական է` բառի դրական իմաստով, քանի որ վարդապետներն այդ Հայոց պատմության ամենավառ անհատականություններից են: Եվ այսպես` վարդապետներն այդ բավականին լուրջ ազդեցություն ունեին ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայում: Առանց նրանց որևէ հարց չէր լուծվում: Պատահական չէ, որ Մխիթար Գոշին սիրաշահում էին նույնիսկ Լևոն 2-ը և Զաքարե Ամիրսպասալարը: Այս տեսանկյունից պատահական չէր, որ Գոշի Դատաստանագրքում առաջնությունը տրված էր եկեղեցուն: Բայց, ինչպես նշեցինք, այն հայկական նոր ստեղծվող պետության իրավական հիմքն էր:

Չխորանալով գիտական մանրամասների մեջ փորձեցինք գիտահանրամատչելի կերպով ներկայացնել Սմբատ Գունդստաբլի Դատաստանագրքի էությունն ու նշանակությունը` իհարկե ոչ ամբողջությամբ, քանզի հնարավոր չէ: Արդի Հայաստանի առաջնային խնդիրը իրավական պետություն ստեղծելու հեռանկարն է: Փոքրիկ այս հոդվածի միջոցով փորձեցինք ցույց տալ, որ հայոց մեջ նույնպես կան իրավական պետության լավագույն ավանդույթները, ինչպես եվրոպական մի շարք զարգացած հասարակություններում: Սմբատի և Գոշի Դատաստանագրքերը իրենց արժանի տեղն ունեն Սալիական օրենսգրքի, «Մագնա Կարտայի», «Ռուսսկայա Պրավդայի» և այլ խոշորագույն իրավական փաստաթղթերի կողքին: