Հակաբարոյական և պիղծ

Հակաբարոյական և պիղծ

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «սգո երթի» վերաբերյալ հատկանշական  մի արձանագրում․ դա ոչ միայն ոգեղենությունից, այլև հոգևոր տեսանելի բաղադրիչից զուրկ միջոցառում էր՝ ընթացքի անբարոյությամբ ուղիղ համեմատական գաղափարի հղացման  անբարոյությանը։ Այո, նիկոլականների երթին ոչ մի հոգևորական չէր մասնակցում։ Ակնհայտ է, որ հոգևոր դասը արժանապատվորեն մերժել է իշխանության ակնկալիքը՝ վերածվելու իր հերթական քաղաքական մանիպուլյացիայի գործիքներից մեկի։ 

Բայց առավել հատկանշական է իշխանության «վստահության երթից» ընդամենը երկու ժամ հետո մեկնարկած ընդդիմության «սգո երթի» ավարտին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցելու Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի պատրաստակամությունը, որով հստակ գծվեց ջրբաժանը հայ հոգևոր էլիտայի և նիկոլական պլեբսի միջև։ Եվ չափազանց ուշագրավ  ու խորհրդանշական է, որ պատարագը մատուցելու պատրաստակամությունը հայտնվել է Հայ առաքելական եկեղեցու հենց Արցախի թեմակալ առաջնորդի կողմից, որը պատարագ մատուցելու ծանրաբեռն պարտականությունը պիտի կատարեր մարմնապես տկար վիճակում՝ օրերս ԱՄՆ-ում կատարված վիրահատությունից հետո։  Այո, Պարգև Սրբազանի վարքն անթաքույց կերպով նաև քաղաքական շեշտադրում ունի, իսկ դա միանգամայն խոստումնալից շեշտադրում է՝ մեր երկրում ստեղծված ներքաղաքական թնջուկը լուծելու և բարոյահոգեբանական խոր ճգնաժամը արժանապատվորեն հաղթահարելու տեսանկյունից։ 

Հայոց եկեղեցին այսօրվա կեցվածքով աներկբայորեն մատնանշեց իր տեղը ընդդիմության կողքին՝ դեմ գնալով իշխանությանը։  Հետևաբար, ոչ միայն բանիվ (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությամբ), այլև գործնականում իշխանությունը զրկվեց եկեղեցու հոգևոր օժանդակությունից։ Ընդ որում՝ դա ոչ թե ժամանակին իշխանության կողմից հոգևոր դասի բարձր ներկայացուցիչների հանդեպ մերժողական, արհամարհական վերաբեմունքին եկեղեցու «պատասխանն» է, ինչպես փորձում է մեկնաբանել նիկոլամերձ մամուլը, այլ Հայ առաքելական եկեղեցու հստակ գծած սահմանաբաժանը՝ իշխանությունից։ Եվ միայն Նիկոլն ու իր տկարամիտ մանկլավիկները կարող են այս ամենը չընկալել իբրև ահազանգ իրենց համար, ահազանգ՝ որ իշխանությունը կորցրել է բացառիկ  նշանակության մի հենակետ, որն իր գոյության ողջ ընթացքում երբեք ընդդիմադիր չի եղել պետությանը, բայց այսօր ահա, ինչպես դասականը կասեր՝  իրավիճակ է փոխվել։ Նիկոլականները պետք է հստակ գիտակցեն նաև, որ ետ գրավել այդ հենակետը՝ այլևս հնարավոր չէ։

Այո, հոգևոր իշխանության (մինչև քահանայից դաս) կողմից նիկոլականների «սգո» երթին չմասնակցելը մատնացուցում է երթի անընդունելիությունը նախ և առաջ բարոյական տեսանկյունից։ Հոգևոր էլիտան անսխալ կերպով հասկացել է միջոցառման սադրիչ բովանդակությունը, նրա հույժ քաղաքական բնույթը, իշխանության անթաքույց շահախնդիր կեցվածքը զոհերի հիշատակի հանդեպ՝ այն քաղաքական պայքարի միջոց դարձնելու քստմնելի նկրտումների առումով, հետևաբար չէր կարող թեկուզ արարողակարգային մասնակցություն ունենալ մի բանի, ինչը ծայրից ծայր հակաքրիստոնեական էր, հակաբարոյական և պիղծ։