Էդ Սորոսը դարձել է ամբողջ հայ ազգի թշնամի՞ն. ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ստացած դրամաշնորհի մասին

Էդ Սորոսը դարձել է ամբողջ հայ ազգի թշնամի՞ն. ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ստացած դրամաշնորհի մասին

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Խոսքը հատկապես վերաբերում է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդմանը: Մինչ ուսանողները մի քանի դասախոսների հետ միասին, բողոքի ակցիա են կազմակերպել, տեղեկացանք, որ դասախոսներից ոմանք շարունակել են դասապրոցեսը նրանց հետ, ովքեր բողոքի ակցիային չեն էլ միացել: ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն hraparak.am-ին վստահեցրեց,որ դասադուլը տևել է ընդամենը 10-15 րոպե, որից հետո ուսանողները վերադարձել են լսարան, մասնակցել դասապրոցեսին:

«Այն նույն մարդը, ով այսօր դուրս էր եկել բողոքի,ընդամենը մի քանի օր առաջ նախարար Արայիկ Հարությունյանը մեր բուհում էր, նրան ներկայացրել է իր դժգոհությունը: Ես չգիտեմ, թե հիմա ինչ ենթատեքստ են փնտրում,այսինքն՝ չեմ ուզում դրան անդրադառնալ»,- ասաց նա: Իսկ ահա անդրադառնալով բուհի նախկին աշխատակից Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը , թե «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակը (այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը ) վերջերս 17.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել ՇՊՀ-ին,եւ տեղյակ է արդյո՞ք բուհի անձնակազը, և սկսվել են արդյո՞ք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ էդ Սորոսը դարձել է ամբողջ հայ ազգի թշնամի՞ն, ի՞նչը: Դրամաշնորհների մրցույթ են հայտարարում,մարդիկ էլ մասնակցում են, իհարկե բուհի ղեկավարությունը գիտեցել է այդ դրամաշնորհի մասին: ՇՊՀ աշխատակիցների մի խումբ՝ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու նպատակով մասնակցել է մրցույթին, եւ ուրախ ենք, որ շահել են»:

Նշենք,որ բուհի նախկին աշխատակից Նարեկ Միրզոյանը, ով ի դեպ, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի զարմիկն է, տարակուսանք հայտնելով՝ հետևյալ գրառումն է կատարել. «Ջորջ Սորոսի ձեռքերը «հասան» Հայաստանյան մարզային բուհերին: Օրերս, ուսումնասիրելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (այլ կերպ ասած «Սորոսի հիմնադրամ») պաշտոնական կայքը, հանդիպեցի հետաքրքիր մի իրողության (ինձ համար անգամ զարմանալի). պարզվում է, որ վերոնշյալ կազմակերպությունից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը դրամաշնորհ է ստացել, որը կազմել է 17.000 ԱՄՆ դոլար, իսկ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2 դրամաշնոր է ստացել՝ 17.740 և 17.580 ԱՄՆ դոլարի չափով: Դրամաշնորհները տրամադրվել են սույն թվականի օգոստոսի 30-ին:

Տեղյա՞կ են արդյոք բուհերի անձնակազմերը և ուսանողները հիշյալ դրամաշնորհային ծրագրերից, ու սկսվել են արդյոք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը վերոնշյալ բուհերում՝ դժվարանում եմ պատասխանել:
Կոչ եմ անում Շիրակի և Վանաձորի պետհամալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և բուհերի ճակատագրով հետաքրքրված անձանց, որպեսզի հետևողական լինեն, որ դրամաշնորհային ծրագրերի իրականացումը լինի բաց և թափանցիկ, և ուսանողները ու դասախոսները «միամտորեն» մասնակից չդառնան «Սորոս»-ի միջոցով «վնասակար» ծրագրերի կյանքի կոչելուն»: