«Հրապարակ». Մարդը, որը չունի ինֆորմացիա, գիտելիք, դիմացինին համոզում է, որ չափանիշը դա է

«Հրապարակ». Մարդը, որը չունի ինֆորմացիա, գիտելիք, դիմացինին համոզում է, որ չափանիշը դա է

Մարտի 15-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձեւ է» բանախոսությունների շարքի առաջին ընդլայնված հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդել է. «Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին եւ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Աննա Հակոբյանը նշեց, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգեւորում է, եւ աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։ Ավելի ուշ տեղեկացանք, որ իշխանական ընտանիքը նույն վայրում երկրորդ հանդիպումն է նախատեսում, որի բանախոսը նույնպես լինելու է Նիկոլ Փաշինյանը: Հիմնադրամը տեղեկացրել է, որ հանդիպմանը կարող է ցանկացած անձ մասնակցել` նախապես ինչ-որ դիմումի ձեւ լրացնելով: Բնականաբար` ընտրված մարդիկ հնարավորություն կունենան մասնակցելու, բայց կձեւացնեն, թե վարչապետի հետ յուրաքանչյուր ոք կարող է հանդիպել: Իշխանական ընտանիքը փնտրտուքների մեջ է` մի ժամանակ ընտանեկան փոդքաստ էին անում, հիմա էլ որոշել են «ընտանեկան բանախոսություններ» կազմակերպել եւ պարզունակ մտքեր գեներացնել, օրինակ` «գիտելիքը հնանում է»․ նախորդ բանախոսությանն ասում էր Փաշինյանը: Թեպետ Նիկոլ Փաշինյանն ակադեմիական կրթություն չունի, սակայն որոշել է ամբողջ հասարակությանը «կրթել»: Քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իշխանական զույգի նոր նախաձեռնությանը, նկատում է.

- Եթե ուշադիր դիտարկենք ընդհանուր աշխարհակարգը, կտեսնենք, որ այժմ ստեղծվում է թվային մարդ, որը պետք է լինի առավելագույնս ենթարկվող ու հիմարացած: Ամբողջ աշխարհում այսօր չկա ճշգրիտ ինֆորմացիա: Բոլոր սոցիալական ցանցերը, հարթակները ինֆորմացիան ուղղորդում են կարծիքային դաշտ, դարձնում են այն էմոցիաների եւ տեսակետների բախման հարթակ, ինչի արդյունքում մարդը կորցնում է օբյեկտիվ գիտելիքի այն հենարանը, որը կարող էր երբեւէ ունենալ: Կլինեն դրանք փաստեր, թե բարոյական արժեքներ, թեպետ բարոյական արժեքներն առավել կարեւոր են, քանի որ եթե փաստերը փոփոխման ենթակա են, ապա բարոյական արժեքները` ոչ: Այս ամենի արդյունքում եթե նայենք կառավարման համակարգերին, ապա կտեսնենք, որ շատ երկրներում իշխանության են եկել ուժեր, որոնք բառացիորեն ոչ ադեկվատ են: Նման մարդիկ արձակում են ոչ ադեկվատ մտքեր, որոշումներ, իսկ ժողովուրդն այլեւս կորցնում է ադեկվատության եւ անադեկվատության սահմանագիծը: Երբ աշխարհակարգի բոլոր մարդիկ` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում եւ ամենուր, խոսում են կրթվելու մասին, դա իրականում հերթական քողարկումն է: Ինչպես, օրինակ, «խաղաղության պայմանագրի» տակ փորձում են թաքցնել կապիտուլյացիան, այնպես էլ «կրթվել» եւ «նորաձեւ» բառերի տակ փորձում են թաքցնել նոր տիպի մարդ ձեւավորելու մարմաջը: Ի դեպ, դա նույնպես կրթության միջոցով է լինում: Նոր մարդու փորձարկումը նախ եղավ քովիդի շրջանում, երբ մարդուն տվեցին հսկայական քանակության կեղծ ինֆորմացիա, մտան նրա առողջական համակարգը, անձնական դաշտը, մարդը ենթարկվեց այդ ամենին, ինչից հետո էքսպերիմենտն ունեցավ շարունակություն: Հայաստանում այսօր նման էքսպերիմենտ է արվում: Այսօր հարվածի տակ են այն բոլոր ազգերը, որոնք ձեւավորում են ազգային պետություն` էթնոսի միատարրության հիման վրա: Միատարր մարդը կառչում է ազգային արժեքներից, ուրեմն ժամ առաջ պետք է «կրթել» այդ մարդկանց, որպեսզի բացարձակապես զրկվեն բարոյական արժեքներից, հայրենասիրությունը համարեն պաթոս, զոհվելը, կռվելը համարեն ոչինչ, մարդասիրությունը` խաբվածություն, ու այդպես շարունակ: Այս ամենի նպատակն այն է, որ պատմությունն իր տեղը զիջի կարծիքին: Օրինակ` մենք ունենք ցեղասպանության մասին դիսկուրս, այս ամենի նպատակն այն է, որ այդ դիսկուրսը վերածվի որոշակի անձերի տեսակետների: Փաստը փոխարինվում է կարծիքով, ճշմարտությունը փոխարինվում է կեղծիքով: Սա այլեւս համատիեզերական պրոցես է, դժվար է ասելը` այս ամենին կդիմանա՞ բանական մարդը, թվային մարդուն: Մենք այս համակարգի մեջ ենք տեղավորվում: Մեր վեճը առ այն, թե արդյո՞ք այն մարդը, որը կրթում է, չպետք է արդյոք կրթված լինի, իհարկե, սակայն մենք արդեն խոսում ենք անցած ժամանակների ստանդարտներով: Այն ժամանակ մարդը, որն ուներ ավելի շատ գիտելիք, նա էր խելացին, սակայն հիմա դրված է այլ խնդիր. մարդը, որը չունի ո՛չ ինֆորմացիա, ո՛չ կրթություն, ո՛չ գիտելիք, պետք է դիմացինին համոզի, որ չափանիշը դա է:

- Այսինքն` իշխանական զույգը հերթական ծրագի՞րն է իրականացնում:

- Դա համաշխարհային տենդենց է: Չեմ կարծում, թե նրանք կատարող են, պարզապես նրանք հիանալի կրկնում են բոլոր բռնապետական երկրների օրինակները: Բոլորի խնդիրն իշխանություն պահելն է, չկա մի ավտորիտար պետություն, որը չունի իշխանություն պահելու խնդիր:

- Իսկ ի՞նչ տեսակի մարդիկ են մասնակցում նման հավաքներին:

- Մենք՝ բոլորս գիտենք, թե ինչ բան է իշխանությունը: Իշխանությունը շատ գայթակղիչ երեւույթ է, եւ այդ մարդիկ պատրաստ են ամեն գնով մոտ գտնվել իշխանական ռեսուրսներին: