Ովքե՞ր են ընդգրկված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում

Ովքե՞ր են ընդգրկված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում

Այսօր պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, որը բաղկացած է լինելու իրավաբան-գիտնականներից, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից, պատգամավորներից եւ տարբեր պաշտոնյաներից, որոնք հանձնաժողովում կընդգրկվեն ի պաշտոնե, օրինակ՝ արդարադատության նախարարը։ 

Մենք տեղեկացանք, թե ովքեր են դիմել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Օրինակ՝ ընդգրկվելու հայտ է ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը, որը համարվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներից եւ ՔԿ նախագահի տեղակալ է աշխատել հենց Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ։ Նա կոչումով դոկտոր է, բայց քրեական իրավունքի մասնագետ է։ Դիմել է նաեւ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Սերգեյ Մեղրյանը, որը 2019 թ․ հունիսին հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Ուշագրավ է, որ Մեղրյանն այս հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելուց առաջ ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է բոլոր հակաիշխանական գրառումները։ Թերեւս դրանով փորձել է ապահովագրել իրեն, որ իշխանությունների մոտ «հակահեղափոխականի» տպավորություն չթողնի, եւ հանձնաժողովի անդամ դառնալու շանսերը մեծ լինեն։ Իսկ ավելի ուշ նաեւ ամբողջությամբ ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ դառնալու հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախարարության նախկին աշխատակից Տիգրան Մարկոսյանը։ ՀԿ սեկտորից հայտ է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը, որը նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում եւս ընդգրկված էր։ Հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն ունի նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է գրվեր բացառապես իր կողմից, իր խորհրդով, եւ որ ինքն է ՀՀ Սահմանադրության կնքահայրը։ Այս հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել նաեւ գործող իշխանությունների ամենասուր քննադատներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նախկինում եւս ընդգրկված է եղել սահմանադրական փոփոխությունների աշխատանքներում եւ համակարգել է բարփոխումներից բխող օրենսդրական ակտերի մշակման գործընթացը ու թերեւս ներկայացված ցանկից ամենաշատ փորձառություն ունեցողն է։

Իրավաբան-գիտնականների հատվածից այլ թեկնածուներ եւս կան՝ միջազգայնագետ Լեւոն Գեւորգյանը, Արմեն Եզեկյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Մանասյանը, որը, ըստ էության, միակ սահմանադրագետն է վերը թվարկված անձանցից։ Հանձնաժողովի կազմում պետք է 6 իրավաբան-գիտնական լինի։ ԱԺ խմբակցություններից ԲՀԿ-ն ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանը»՝ Տարոն Սիմոնյանի, իսկ «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի, որը, դժվար է ասել՝ ինչ կապ ունի իրավաբանության եւ, առհասարակ, Սահմանադրության հետ։ Ի պաշտոնե ներկայացված կլինի նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որն «Իմ քայլից» է։ Ի պաշտոնե հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաեւ արդարադատության նախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված մեկ թեկնածու։