Զվարճալի ֆուտբոլ

Զվարճալի ֆուտբոլ

• Մեկնաբան - Այսօր մեր ֆուտբոլիստներն անսովոր, ուղղակի հրաշալի մտածված ու սուր կոմբինացիայի շնորհիվ բացառիկ գեղեցիկ գոլ խփելով՝ բաց արեցին հաշիվը, արժանանալով հանդիսականների հիացմունքին։ Դրան մրցակիցները պատասխանեցին երեք պատահական գոլով…
• Ժամադրության եկած աղջիկը հարցնում է ընկերոջը.
- Դուք երեւի ֆուտբոլիստ եք։
- Ինչպե՞ս կռահեցիք,- զարմացավ երիտասարդը։
- Չափից դուրս ջերմ եք գրկախառնվում ու համբուրում…
• Մարզական լրագրողը հարցնում է ֆուտբոլիստին.
- Աշխարհում շա՞տ են մեծատաղանդ խաղացողները:
- Ավաղ, մեր նմանները խիստ նվազել են։
• Հարցազրույց հանրաճանաչ մարզչի հետ։
- Ինչպիսի՞ն եք պատկերացնում մեծ, իդեալական ֆուտբոլը, ի՞նչ որակներով պետք է օժտված լինի լավ խաղացողը։
- Գերակա դերակատարություն, անշուշտ, ունեն տեխնիկա-տակտիկական ու ֆիզիկական նուրբ ունակությունները, բարձր ինքնակարգապահությունը, ինչ խոսք, խիստ կարեւոր են պահանջվող ռեժիմի պահպանումը, մարզչի ցուցումների անվերապահ կատարումը, կոռեկտ վարվեցողությունը մրցակցի հետ, հարգանքը մրցավարների նկատմամբ, թիմում տիրող առողջ ընկերականության մթնոլորտը…
- Բայց նման կարգի թիմեր ու խաղացողներ անչափ քիչ են...
- Նման թիմեր ու խաղացողներ որքան ուզեք՝ կան, սակայն նրանք մի թերություն ունեն՝ չգիտեն ֆուտբոլ խաղալ…
• Պարտություն կրած թիմի մարզիչը՝ ֆուտբոլիստներին.
- Տղերք, ախր ձեզ ես խնդրել էի՝ գոնե այս անգամ դաշտում գործել այնպես, ինչպես դուք երբեւէ չեք խաղացել, իսկ ձեր գործողություններից ակամա գալիս ես այն եզրակացությանը, որ, թվաց, դուք ընդհանրապես ու երբեք ֆուտբոլ չեք խաղացել:
- Այսօր մեծ ուրախություն պարգեւեց մեր հավաքականը, սակայն՝ իտալացի ֆուտբոլասերներին…
• Մարդիկ բաժանվում են երկու խմբի` ֆուտբոլասերների եւ նրանց, ովքեր արդար չեն։
- Ինչո՞ւ ես դու շարունակ շեղ հարվածում, երբ ջանում ես գրավել մրցակցի դարպասը.
- Ես միշտ ճիշտ նշան բռնելով եմ հարվածներ կատարում, ուղղակի երեւի թե այդ պահերին զգացնել են տալիս երկրագնդի պտույտները…
• Խաղի ընդմիջման ժամանակ մարզիչը դիմում է խաղացողներին.
- Տղերք, մտքներովդ թող չանցնի, թե ես սնահավատ եմ, բայց 0:7 հաշվի պարագայում սկսում եմ կասկածել, որ կարող ենք հաղթել…
• Ֆուտբոլի մրցավարը խաղի կանոններին վերաբերող քննություն է հանձնում.
- Որքա՞ն խաղացողներ պետք է գտնվեն խաղադաշտում,- հարցնում է հրահանգիչը։
- Խաղի սկզբի՞ն, թե՞ ավարտին։

Տարբեր աղբյուրներից հավաքագրեց
Միսակ ՆԱԶԱՐՅԱՆԸ