Լեւոնի, փոքրիկ նավակի եւ կեղծ քաղաքական կատեգորիաների մասին

Լեւոնի, փոքրիկ նավակի եւ կեղծ քաղաքական կատեգորիաների մասին

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին դուր չի եկել կամ, որ ավելի ճիշտ է, չի բավարարել չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից ստորագրված՝ «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը: Դե հիմա՝ ՀՀ առաջին նախագահ է, նրան միշտ էլ կարող է որեւէ բան չբավարարել՝ կմտածի միջին վիճակագրական ընթերցողը եւ կանցնի առաջ: Ես, սակայն, կառաջարկեի շատ առաջ չանցնել եւ մի փոքր ավելի ուշադիր կարդալ վերոնշյալ հայտարարությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը, որը, իմ կարծիքով, բավականին նյարդային է: Ի՞նչ արժե միայն այդ արձագանքի վերնագիրը՝ «Ողորմելի մանիֆեստ»: Այսկերպ է Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատել չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից ստորագրված հայտարարությունը, որին ավելի ուշ շատ այլ մարդիկ են միացել:

Ինչո՞ւ է նեղսրտել ՀՀ առաջին նախագահը: Նա դրա համար պատճառներ, պարզվում է, ուներ: Եվ այսպես՝ Տեր-Պետրոսյանն սկսում է հեգնանքով. «Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար, թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները»: Ինչ արած, ստիպված եմ նույնկերպ արձագանքել առաջին նախագահի «Ողորմելի մանիֆեստ» երկտող հոդվածին:

Ահավասիկ, այդ մասին գրում եմ օրեր անց՝ տեսնելով, որ առաջին նախագահի հոդվածին միացողներ առհասարակ չկան: Ի վերջո, մի երկու խոսք պե՞տք է ասել, թե՞ ոչ, Լեւոնն է խոսել, իսկ դա արդեն իրադարձություն է: Այստեղ մի փոքր փոխենք հարցադրումը՝ ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանն անդրադարձել այդ «ողորմելի մանիֆեստին», մանավանդ, երբ այնտեղ, իր խոսքով՝ «ամեն ինչ կա, բացի քաղաքական մտքից»:

Պրպտումներս շատ արագ արդյունք տվեցին: Գտա 1994թ. ապրիլի 25-ին ՀՀ Գերագույն խորհրդի նիստում «Սահմանադրության ընդունման եղանակի մասին» վերտառությամբ ՀՀ առաջին նախագահի ելույթը, որտեղ «ազգային համաձայնություն» եւ «ազգային գաղափարախոսություն» հասկացությունները հայտարարվել էին «կեղծ քաղաքական կատեգորիա»: Հետո նորից աչքի անցկացրի չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից ստորագրված՝ «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը… Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ այդ հայտարարությունը ստորագրած մարդիկ, ակամա, սխալ են հանել Տեր-Պետրոսյանի ամբողջ քաղաքական կարիերան եւ, ըստ էության, քաղաքական կեղծ կատեգորիա հռչակել նրա հանրահայտ «պարտվողականության գաղափարախոսությունը»: Այս հայտարարության մեջ հանդիպող «ազգային համաձայնություն», «ազգային անհամաձայնություն» արտահայտությունները, բնականաբար, չէին կարող Լեւոն Տեր-Պետրոսյանին չհիշեցնել իր վերոբերյալ ելույթը: Եվ ահա նա խոսել է, խոսել է նյարդայնացած, ես կասեի՝ պեչենու բաղերն ընկնելով: Բոլորի կողմից սիրված երգերի ինչպիսի՜ իմացություն: Հապա կարդացեք. «Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։

Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»:

Լավ երգեր են, բան չունեմ ասելու, մանավանդ՝ «Իմ փոքրիկ նավակ»-ը… Պարզապես անհասկանալի է, թե ինչպես կարող էր քաղաքագիտական մտքի գիգանտ ՀՀ առաջին նախագահը քաղաքական միտք չտեսնել մի հայտարարության մեջ, որտեղ ոտքից գլուխ մերկացված են իր եւ իր հոգեզավակի կեղծ քաղաքական մտածումները «ազգային համաձայնություն» եւ «ազգային գաղափարախոսություն» հասկացությունների մասին: