140 հազար դրամ հավելյալ ծախս՝ մեքենա ներկրողի համար

140 հազար դրամ հավելյալ ծախս՝ մեքենա ներկրողի համար

Քաղաքացին արտերկրից Հայաստան մեքենա ներմուծելու ընթացքում մոտ 140 հազար դրամ հավելյալ գումար է վճարել։ «Հրապարակին» դիմած քաղաքացին ասաց, որ Մեղրիի մաքսային տարածք մեքենայի մուտք գործելուց հետո այն պետք է 3 ժամվա ընթացքում հեռացվի, մինչդեռ հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չէ այդ ժամկետը պահպանել, հետեւաբար՝ քաղաքացին ստիպված է եղել 30 հազար դրամ տուգանք վճարել։ «Ես իմ մեքենան էի գնացել բերելու, եւ պարզվեց, որ եթե 3 ժամից ավելի մեքենան մնում է մաքսային տարածքում, եթե 3 ժամվա ընթացքում մեքենան չհանեցիր, ուրեմն 30 հազար դրամ տուգանք պետք է վճարես։ Ինձ երեկոյան զանգել են, ասել, որ մեքենան կանգնած է, ես առավոտյան գնացել եմ եւ 30 հազար տուգանվել եմ։ 110 հազար դրամ էլ տվել եմ էվակուատորին, որպեսզի մեքենան տեղափոխեն Սիսիան, Սիսիանում մաքսազերծվի»,- ասաց քաղաքացին։

«3 տարի առաջ մեքենան 15 օրով ապահովագրում էինք եւ հանգիստ վարելով՝ հասցնում մինչեւ Սիսիան, իսկ հիմա 100 հազար դրամով միանգամից տուգանում են եւ 1 տարով վարորդական իրավունքից զրկում։ Այսինքն՝ 140 հազար դրամ դու հավելյալ ծախս ես անում։ Նույնիսկ այնտեղի աշխատողներն են ասում, որ իրենք 3 ժամվա ընթացքում չեն հասցնում մեքենան ընդունել: Հիմա եթե գնաք Մեղրիի անցակետ, երեւի մի 50-60 հատ էվակուատոր կա կանգնած։ Բոլորն էլ դժգոհ են՝ թե՛ մեքենա ներկրողները, թե՛ ինձ պես անհատ մարդիկ։ Այդ 30 հազար տուգանքը վճարելուց հետո էլ իրենք պետք է վճիռ տան, այդ վճռի համար էլ մոտ 2.5 ժամ ենք սպասել»,- պատմում է քաղաքացին։

Քաղաքացու բողոքների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Պետական եկամուտների կոմիտեից։ Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Մեղրիից մինչեւ Սիսիան մեքենան պետք է քարշակով տեղափոխել եւ վարելով տանելու դեպքում էլ 100 հազար դրամ տուգանք վճարել, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ դա իրենց տուգանքը չէ, այլ՝ Ճանապարհային ոստիկանության։
Ինչ վերաբերում է մյուս հարցին, թե մեքենան մաքսային տարածքից հեռացնելու համար ինչու է 3 ժամ սահմանվել, ինչը չանելու դեպքում 30 հազար դրամ տուգանք է սահմանված, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ դա օրենքով ու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով է սահմանված․ «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 304-րդ հոդվածին համապատասխան (տուգանք՝ 30․000 ՀՀ դրամի չափով)»։

Արձանագրենք, որ բոլոր օրենքներն ու կարգերը, փաստորեն, սահմանվել են քաղաքացիների կյանքը բարդացնելու, նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ սահմանելու եւ հավելյալ տուգանքներ գանձելու համար։