Խաղաղություն է մուրացել

Խաղաղություն է մուրացել

Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհրդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծես խաղաղություն էր մուրում: Խաղաղության մասին է խոսվում, խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում՝ մուրալու, խնդրելու կոնտեքստում: Այնպես էր խոսում, ոնց որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Այնտեղ մի բառ անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ չկար, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ, մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք և խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեկ խոսք չկա, որ պատերազմի գերիներն ապօրինաբար պահվում են Բաքվում, ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պատանդ է վերցված ու պահվում է Բաքվի բանտերում։ Այնտեղ կան նախարարներ, որոնք տեղյակ էլ չեն, չգիտեն, ու դու ասում ես, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա: Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ պատվիրակություն ուղարկի Հայաստան, Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու: Տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահն ուղերձով է հանդես գալիս «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» ֆորումում:

Իսկ Հայաստանի ԱԳ նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքով դուրս են շպրտվել, չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է  նրանց հետ բանակցությունների մեջ մտնել՝ նրանց վերադարձն ապահովելու համար, հակառակ միջազգային դատարանների որոշումներին:

Այդ բոլորը Հայաստանի արտաքին գործերի  նախարարի համար գոյություն չունեն, չկա այդպիսի հարց, ամեն ինչ նորմալ է։ Ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու, հիշեցնելու չէր կարող լինել»,- ասել է նա: