«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հոդվածը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հոդվածը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է Քերական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորրցած ճանաչել Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, որով սահմանվում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությանն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: 

Նախագծի հեղինակները, որոնց թվում է Աղվան Վարդանյանը, կարծում են, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, որն օրենսգրքում լրացվել է սույն թվականի հուլիսի 30-ի ՀՕ-323-Ն օրենքով, լուրջ հակասություններ ունի թե Սահմանադրության, թե Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ: 

«Այդ հոդվածում սահմանված կարգավորումները թե հանցակազմի նկարագրության, թե պատժաչափերի տեսանկյունից վկայում են այն մասին, որ օրենսդիրը չի հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այլ մտադրված է եղել քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը հատկապես հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ` ոչ իրավաչափ կերպով սահմանափակելով խոսքի ազատությունը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Ուստի առաջարկում են այն փոփոխել՝ համարելով, որ այս հարցում հապաղումը ոչ միայն էապես վտանգելու է ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը, այլև դրա կիրառումն անխուսափելիորեն հանգեցնելու է պետության պարտությանը ՄԻԵԴ-ում, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է հարկատուների հաշվին գոյացող պետական միջոցներից փոխհատուցման տրամադրմանը: