Ուրվական է շրջում Հայաստանում՝ հակաքաղաքականության ուրվականը

Ուրվական է շրջում Հայաստանում՝ հակաքաղաքականության ուրվականը

Մինչ հայ հասարակության սառը դատող մասն արդեն 3 տարի տարակուսած հետեւում է երկրում տեղի ունեցող ողբերգական զարգացումներին ու չի կարողանում հասկանալ դրանց տրամաբանությունը, իսկ ոմանք փորձում են այդ ամենը բացատրել դավադրությունների տեսությամբ, քչերն են ուշադրություն դարձնում Արեւմուտքում (ԱՄՆ, Եվրոպա) մեկ տասնամյակ կամ գուցե ավելի առաջ սկիզբ առած միտումներին:

Կոմունիստական երկրներում դժվար էր գտնել մեկին, ով լսած չլիներ Մարքսի եւ Էնգելսի հեղինակած Կոմունիստական կուսակցության մանիֆեստի մասին, որն սկսվում է հետեւյալ բառերով. «Մի ուրվական է շրջում Եվրոպայում՝ կոմունիզմի ուրվականը»: Վերաձեւակերպելով այդ միտքը, կարելի է ասել՝ «մի ուրվական է շրջում Եվրոպայում՝ հակաքաղաքականության ուրվականը», որն այլեւս իրական է ու տեսանելի: Այդ ուրվականը, արդեն մի քանի տարի, շրջում է նաեւ հետխորհրդային որոշ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)՝ ստանալով միս ու արյուն:
Ի՞նչ է հակաքաղաքականությունը: Նորբերտ Կիսը՝ Բուդապեշտի Հանրային ծառայությունների ազգային համալսարանից, իր «Anti-Politics, Populism and Political Psychology» հոդվածում ) այսպես է բնութագրել այդ երեւույթը. «Հակաքաղաքականությունը վերջին տարիների միտում է եղել Արեւմուտքում, երբ նոր քաղաքական ուժերը հասնում են հաջողության՝ մերժելով քաղաքական էլիտայի քաղաքականություն համարվող «հին քաղաքականությունը», եւ փոխում են ավանդական քաղաքական ոճն ու խոսքը: Նոր քաղաքականությունն իրեն դիրքավորում է ի հակադրություն բուն քաղաքականության եւ գրոհում քաղաքական էլիտային՝ հասարակության անունից ուժեղ էմոցիոնալ մոբիլիզացմամբ: Հին քաղաքականությունն իրեն դիրքավորել է ի հակադրություն հակառակորդ կուսակցությունների, այն դեպքում, երբ նոր քաղաքականությունը հանդես է գալիս որպես քաղաքականության հակաքաղաքականություն, որպես ժողովրդի ձայն»:

Իրապես, վերջին տարիներին Արեւմուտքում աճել են պոպուլիստական եւ հակաքաղաքական տրամադրությունները: Աճել է պոպուլիզմի, այսինքն՝ լեզուն օգտագործող լիդերների պահանջարկը, ինչը նշանակում է անձնային-զգայական քաղաքականության, ազգի անունից քաղաքականության քննադատությամբ, ռադիկալ ելույթների հաջողությունը: Դոնալդ Թրամփը, Նայջել Ֆարաջն իշխանություն են ստացել հեռանալով իսթեբլիշմենթից եւ քաղաքականությունը ներկայացնելով որպես ժողովրդի թշնամի: Բանը հասել է նրան, որ «գաղափարական» բառն օգտագործում են որպես վիրավորանք, հանդես են գալիս «առանցքային որոշումների ընդունման ապաքաղաքականացման» օգտին: Ուշագրավ է Դոնալդ Թրամփի ինաուգուրացիոն խոսքի հետեւյալ հատվածը. «Մենք Վաշինգտոնից …. իշխանությունը փոխանցում ենք եւ վերադարձնում ձեզ՝ ժողովրդին…. իսթեբլիշմենթը պաշտպանում էր ինքն իրեն, բայց ոչ մեր երկրի քաղաքացիներին»: 

Հակաքաղաքականության մեջ ընտրողները գնահատում են ուժեղ պոպուլիստական ձայնը, չափավորության փոխարեն, պաշտպանական ազգային դրեյֆը «դեպի իրենց»՝ ներառական հումանիզմի փոխարեն: Հակաքաղաքականության մյուս շարժիչ ուժը սոցիալական ցանցերն են, որոնք մերժում են ավանդական եղանակները (ԶԼՄ, գովազդային վահանակներ, թռուցիկներ) հաղորդակցության ոլորտում: Վիրտուալ տարածությունը դարձել է ընտրական քարոզարշավի հարթակ: Երիտասարդ եւ միջին տարիքի մարդիկ այստեղ փնտրում են իրենց թեկնածուներին եւ այստեղ հաղորդակցվում: Ավանդական քաղաքական գործիչները դուրս են գալիս փողոցներ եւ այցելում հեռուստատեսություն, հակաքաղաքական գործիչները ստեղծում են սեփական հանրությունը կիբերտարածությունում եւ սոցիալական ցանցերում: «Սեփական հանրության» մի օրինակ․ hեռավոր գյուղերից մեկում մի թերուս գրեթե դուրս չի գալիս Ֆեյսբուքից, չունենալով տարրական գիտելիքներ ու հմտություններ՝ նա լումայի ճշգրտությամբ խոսում է «թալանչիների» ահռելի ունեցվածքի եւ դրանք բռնագրավելու անհրաժեշտության մասին:

Էլիան Գլեյզերն առաջիններից էր, ով ուշադրություն դարձրեց (իր «Anti-Politics: On the Demonization of Ideology, Authority and the State» գրքում) պոպուլիզմի այս նոր ալիքին եւ փորձեց ցույց տալ, թե ինչպես ենք հայտնվել այստեղ եւ ուր ենք գնում: Հիմքում հետեւյալ կենսական հարցն է. ««Քաղաքականության մահը» հանդիսանո՞ւմ է, արդյոք, ժամանակի անխուսափելի հատկանիշը, որը քայլում է ձեռք-ձեռքի տված կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիական զարգացման եւ հետմոդեռնային հիվանդության հետ: Թե՞ դա աջակողմյան ճարտարագիտության կանխամտածված արդյունքն է»: Էլիան Գլեյզերը ցույց է տալիս, թե աջ ուժերն ինչպես են մանիպուլացրել եւ օգտվել հակաքաղաքականության ապատիայից, եւ թե նեոլիբերալ առաջնորդների ժամանակ դեպի կենտրոն ձախերի շարժն ինչպես է օգնել այդ գործընթացում: Նա պնդում է, որ այն բանի համար, որպեսզի վերածնվի արդյունավետ գործակցությունը եւ հույսն ապագայի նկատմամբ, մեզ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական փիլիսոփայության երեք հիմնասյուներին, որոնք պոպուլիստները վերածել են կեղտոտ բառերի. գաղափարախոսություն, իշխանություն եւ պետություն: Նա վճռականորեն պաշտպանում է այդ հիմքերը՝ ցույց տալով, որ դրանք, որքան էլ պոպուլյար չլինեն, անհրաժեշտ են արդարացի հասարակության գործունեության համար: 
Ցավալիորեն, Հայաստանը զերծ չմնաց նկարագրված զարգացումներից: «Ժողովուրդ», «կոռուպցիա», «նախկին» եւ նման այլ բառերը դարձան այն կախարդական, մոգական բառերը, որոնք հազարավոր մարդկանց դարձրին խելագարված ամբոխներ, առաջնորդեցին հասարակության պառակտման, ազգային արժեքների ոտնահարման, չքնաղ Գյումրիից մեկնարկած արշավում: 

Եթե 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում պոպուլիզմի հաղթանակով էական վնաս չհասցվեց այդ երկրին, ապա մեր պարագայում կորուստներն աննկարագրելի, անհաշվելի են, եւ դրանց վերջը դեռ չի երեւում: Իսկ ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ անհիշելի ժամանակներից կայացել են պետական հաստատությունները, պետությունը, անհնար է, որ մեկ անձը կամ անձանց խումբը կարողանա սասանել պետության հիմքերը: 

Այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է շատ զգուշավոր ու հոգատար լինի մեր փխրուն պետության նկատմամբ, կրի անձնական պատասխանատվություն նրա համար՝ անկախ տարիքից, սեռից, զբաղմունքից, համոզմունքներից, չհանդուրժի ոչ մի «ուրվականի մուտքը» մեր կյանք:

ՀԳ. Նկատի ունենալով այն, որ պոպուլիզմը դեռեւս մեյնսթրիմի մեջ է, եւ մեզանում առկա են մի շարք պոպուլիստ «լիդերներ», մեծ է վտանգը, որ մի պոպուլիստը կփոխարինվի մեկ ուրիշով: Հարկ է նկատել, որ պոպուլիզմը եւ հակաքաղաքականությունն ավելի դյուրին են սկսում իշխել այն հասարակություններում, որտեղ խիստ արտահայտված է անարդարությունը՝ իր բոլոր դրսեւորումներով: Կարելի է ենթադրել, որ պատերազմի սանձազերծումը պայմանավորված է եղել ոչ միայն ու ոչ այնքան հակառակորդի սպառազինության գերազանցության առկայությամբ, որքան Հայաստանում ձեւավորված ապաքաղաքական, պոպուլիստական միջավայրով: Հիշենք. ««իզմ»-եր» չեն լինելու», «նոր պատերազմ, նոր տարածքներ», «Հայաստանն Արցախ է եւ վերջ», ամենակարեւորը՝ «երեք միլիոն վարչապետ», ինչը ենթադրում է երեք միլիոն գերագույն գլխավոր հրամանատար եւ երեք միլիոն հրաման:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր