Տգեղ մարդկանց ժամանակը
Մարդու դեմքն ամեն ինչ ասում է նրա մասին։ Շատ հազվադեպ են բացառություններ լինում՝ երբ դաժան ու անկիրթ դեմքի, բութ հայացքի ու անդուր արտաքինի տակ թաքնված է լինում գրագետ, բարի, զգայուն էակ։ Սովորաբար կիրթ մարդիկ նուրբ դիմագծեր են ունենում, խելոք մարդիկ՝ խելացի աչքեր, բարի մարդիկ՝ դեմքի մեղմ արտահայտություն, բարեհամբույր եւ շրջապատի նկատմամբ հոգատար մարդիկ ժպտադեմ են լինում, եւ հայացքն էլ փափուկ է լինում։ Նկատե՞լ եք՝ եթե գեղեցիկ աղջիկը բութ է ու անգրագետ, նրա գեղեցկությունն էլ մի տեսակ չի գերում, իսկ տգեղ, բայց գրագետ ու խելացի մարդը միշտ համակրելի է թվում, որքան էլ որ բնությունից նրան բարետես դիմագծեր բաժին հասած չլինեն։
Հիմա այս պրիզմայով նայեք այսօրվա իշխանությունների լուսանկարները։ Ահա՝ Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության շարքերը․ ոչինչ չասող, անորոշ հայացքներ՝ դաժան ու անտարբերություն ճառագող աչքերով, համակրանք չառաջացնող բութ ու անհասկացող դեմքեր, որոնց նայելիս ամեն անգամ մտածում ես՝ տեսնես ի՞նչ կա այս անձնավորության մտքին, որն այս դահլիճում հայտնվել է մեկ մարդու կամքով եւ մեկ առաքելությամբ՝ անհրաժեշտ պահին կոճակ սեղմելու։
Հիմա բացեք ՀՀ կառավարության նիստերի մասին հաղորդագրությունները-լուսանկարները եւ նայեք կառավարության անդամների դեմքերին․ սառը, ոչ մի էմոցիա չպարունակող, վախեցած հայացքներ, որոնք մի մտածմունք ունեն՝ իրենց բան ասող չլինի, բան հարցնող չլինի՝ նստեն, նիստն ավարտվի, գնան իրենց կաբինետներն ու վայելեն իրենց բաժին հասած․․․ «խոտը»՝ ինչպես հայտնի երգում է ասվում։
Հիմա մի բան էլ նայենք․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է իքս մարզ կամ Եռաբլուր, կամ ինչ-որ արարողակարգային միջոցառման է։ Ինչ-որ պահից նրան սկսեցին դիմավորել եւ ուղեկցել մեծ թափորով։ Ինչ-որ մեկը երեւի ասել էր, որ դա ուժի, հզորության, վարչապետության նշան է։
Եվ ահա՝ մոտենում է ՀՀ վարչապետը, մարդկանց ինչ-որ շարք կանգնած դիմավորում է նրան կամ նրա կնոջը, կամ որեւէ նախարարի։ Նայեք դիմավորողների դեմքերին՝ տգեղ, դաժան, անտարբեր ու անհաղորդ մարդկանց շարք։ Մեկ այլ պատկեր՝ մարդկանց շարքն ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին․ ինչ-որ արտադրամաս են գնում կամ ինչ-որ գործարան, կամ ֆերմա, կամ մի նորակառույց այգի, որպես տնտեսական վերելքի մասին հանրությանը փոխանցվող մեսիջ։ Փաշինյանի հետեւից գնացողների շարքը Շկեդ-հանրապետության սաների թափոր է հիշեցնում, շապիտոյի թատերախումբ կամ պատժի կրումն ավարտած եւ բերդից նոր ազատված դատապարտյալների շարք, կամ պատահաբար փողոցային թամաշայի եկած շարքային հանդիսատեսի խումբ։ Տարբեր բոյի ու քաշի, տարբեր սոցիալական կարգավիճակի, տարբեր կրթական ցենզի, մտավոր եւ ինտելեկտուալ խիստ տարբեր մակարդակների այս թափառախմբերն ամենից լավ են բնորոշում այս իշխանություններին։
Պատահական մարդկանց այս խմբին, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ է իշխանությունը, ինչ է պետության կառավարումը, եւ ով ինչ դերակատարում պետք է ունենա պետության աստիճանակարգում։ Սրանք միայն մի բան են հասկացել՝ իրենք ոչինչ են, իրենց առջեւից գնացողը՝ ամեն ինչ, որովհետեւ իրենք այդ առջեւից գնացողի կամքով ամեն րոպե նորից կարող են դառնալ ոչինչ։ Անգամ իրենց առջեւից գնացողը կարող է ամեն րոպե դառնալ ոչինչ, եթե աստղերը համապատասխանաբար դասավորվեն։
Կարծիքներ