Դատարանի սիրտը կարող է խառնել այդ հայցադիմումներից

Դատարանի սիրտը կարող է խառնել այդ հայցադիմումներից

Փետրվարի 1-ից գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» առցանց հարթակը՝ cabinet.armlex.am-ը, որի միջոցով պետք է դատարան ներկայացվեն դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով)։ 

Արդարադատության նախարարությունն անգամ այդ հարթակի ծրագրային ապահովման ձեռնարկ է հրապարակել, որում ներկայացված են նաև Էլեկտրոնային գրասենյակի հնարավորությունները: Սակայն խնդիրն այն է, որ այս հարթակը կիրառման առաջին իսկ օրվանից գործում է խափանումներով, իսկ տևական ժամանակ է ընդհանրապես չի գործում, և դատական համակարգում դատավորների ու փաստաբանների համար մի շարք խնդիրներ են առաջացել: 

Դատալեքսը ևս գործում է խափանումներով, ինչն էլ իր հերթին է անհարմարություններ առաջացրել: Դատական դեպարտամենտը որպես արդարացում հուլիսի 24-ին հաղորդագրություն է տարածել և նշել, որ դեպարտամենտի շենքում վթար է տեղի ունեցել` ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվել են համակարգերը սպասարկող սերվերները, որոնք ըստ դեպարտամենտի սխալ են նախագծվել դեռևս 2017- 2018 թվականներին: 

Ստացվում է, որ թեպետ վեցուկես տարի է երկիրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են ղեկավարում, սակայն անգամ սերվերների վատ աշխատելու մեղավորը նախկին իշխանություններն են: Ի դեպ, նախքան ջրի վթարն էլ «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» առցանց հարթակը գործում էր խափանումներով, նախորդ ամսվա սկզբին ավելի քան երկու շաբաթ ընդհանրապես չէր գործում, իսկ մեկնաբանություն որևէ կողմից չարվեց և իրավաբանական հանրույթն այդպես էլ չիմացավ, թե ինչն էր համակարգի խափանման պատճառը: 

Մենք փորձեցինք դատական դեպարտամենտից մեկնաբանություն ստանալ: Մեզ ասացին, որ cabinet.armlex.am-ը աշխատում է, խնդիրը բացառապես Դատալեքս-ին է վերաբերում, որը կկարգավորվի երկու ամսվա ընթացքում, իսկ թե ինչու է փաստաբանական հանրույթը փետրվարի 1-ից ի վեր դժգոհում այս համակարգից, հարցը մնաց անպատասխան:  

Փաստաբան Սոս Հակոբյանն, անդրադառնալով թեմային, «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Ես գրառում եմ արել, որը կոնկրետ վերաբերում է էլեկտրոնային դատական համակարգին, ինչպես գիտենք այն նոր ներդրված համակարգ է, Կարեն Անդրեասյանի խոստումներից մեկն է, որն ինքնին տեսական իմաստով կարող էր լինել դրական բարեփոխում, ես` որպես փաստաբան սպասում էի, թե երբ է լինելու հնարավորություն, որ վերջապես թղթային պրոցեսները շրջանցելով, ավելի արագ տարբերակներ գտնենք, որոնք կլինեն ավելի պարզ, ավելի մատչելի, և այլն, բայց էլեկտրոնային դատավարության համակարգը ներդրվելուց մինչ օրս գործում է խափանումներով, անհարմար ծրագրային ապահովում է այն: Ինչ-որ տեսքստ գրելն այդ ծրագրով և այլ հասցեի ուղարկելն արդեն իսկ մեծ խնդիր է այնտեղ: Հայցադիմումի միջնորդությունը պատշաճ ձևով` ընթեռնելի դատարան ներկայացնելը մեծ խնդիր է: Ոչ մի բարդ գիտատեխնիկական խնդիր այդտեղ չի պահանջվում, բայց ժամերով ծրագիրը կարող է չաշխատել, իսկ դրանից հետո էլ կարող է այն չպահպանվել: Ստացվում է շիլաշփոթ: Դատարանի սիրտը վերջում կարող է խառնել հայցադիմումի ձևից: Անգամ ամենահասարակ գործիքները դժվար է կիրառել», - ասաց Հակոբյանը