«Հրապարակ». Հայկ Մարությանն առաջնորդությա՞ն, թե՞ բիզնես շահի «բազար» է անում

Մինչ իշխանությունը հաշվարկների մեջ է` հաջորդ ընտրություններին ընդառաջ եւ ՔՊ-ն կոալիցիոն գործընկեր է աճեցնում` ի դեմս հայաստանյան արեւմտամետ ուժերի, ուռճացնելով նրանց դերակատարումը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, որպեսզի առաջիկա ընտրություններին իշխանությունը չկորցնելու համար հետընտրական կոալիցիա կազմեն, ընդդիմության դաշտում պառակտված վիճակ է: Մի մասը Փաշինյանին քննադատելու փոխարեն իրար են քննադատում, մյուսները` համակերպվել են իրավիճակի հետ ու ընդհատակ անցել, իսկ պոտենցիալ եւ քիչ թե շատ էլեկտորատ ունեցողներն էլ չեն հաղթահարում անձնական ամբիցիանենրն ու շարունակում են «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» օրինակով իրենց կողմ քաշել «պարանը»:
Մենք մի քանի անդրադարձել արել ենք ամիսներ շարունակ խմորվող, բայց այդպես էլ չհունցվող քաղաքական ֆորմատի հարցին, մասնավորապես գրել ենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Զուրաբյանը դեռեւս անցած ամռանից բանակցություններ է վարում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ որոշ այլ ուժերի հետ՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ։ Եւ չնայած գործադրված ջանքերին, կողմերը հստակ համաձայնության չեն գալիս, թեեւ չեն էլ մերժում-փակում հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցողները նոր միավոր չձեւավորելու գլխավոր մեղավոր համարում են Հայկ Մարությանին ու Արման Թաթոյանին, որոնք մեծ ամբիցիաներ ունեն` յուրաքանչյուրը կարծում է, որ հենց ինքն ունի ժողովրդի լայն շերտերի վստահությունը, ուստի հենց ինքը պետք է առաջնորդի նոր ձեւավորվող դաշինքը։ Բայց անգամ այդ հարցում նորահայտ քաղաքական գործիչներն անհասկանալի պահվածք են դրսեւորում:
Օրինակ, երբ նրանց ասում են` եկեք քննարկենք այդ հարցերը, ընդհանուր հայտարարի գանք, ինչ-ինչ պատճառաբանություններով խուսափում են քննարկումներին մասնակցելուց, ոչ էլ մերժում են հնարավոր համագործակցությունը։ Տպավորություն է, որ ինչ որ բանի են սպասում, ժամանակ ձգում:
Ասում են՝ ՀԱԿ-ը հատկապես շահագրգռված է Հայկ Մարությանի հետ համագործակցություն հաստատելու հարցում, որը սոցիոլոգիական հարցումներով բավականին բարձր վարկանիշ ունի, սակայն Մարությանն այնպիսի պահվածք է դրսեւորում, որից տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական ամբիցիաներ չունի, նրա մոտ գործում է չոր բիզնես հաշվարկ:
«Ընդամենն ուզում է ջրի երեսին մնալ, որ կարողանա իր ներկայացումներին հնարավորինս շատ մարդ բերել», վրդովված ասաց մեր աղբյուրը, «Հակառակ դեպքում կօգտագործեր ճանապարհ անցած քաղաքական ուժերի փորձառությունը եւ առաջնորդելով նախընտրական դաշինքը կարող էր իշխանությանը ռեալ այլընտրանք ներկայացնել»։ Մարությանի պոտենցիալ գործընկերները կարծում էին, որ Մարությանը հետեւություններ կանի Երեւանի ավագանու ընտրություններից, երբ փաստացի իշխանությունը փողոցում ընկած էր, բայց քաղաքական փորձառության պակասը, պառակտվածությունը, ըստ էության, խանգարեց այն վերցնել: Մինչդեռ Հայկ Մարությանի թիմում էլ իրենց փաստարկն ունեն՝ ինչու բեռ դարձնել այլ ուժերին եւ իրենց ուսերի վրա բերել իշխանության, եթե առանց նրանց էլ կարող են հաջողություններ գրանցել։
Ի դեպ, թիմում ներքին որոշում ունեն մարտից ակտիվանալ եւ բողոքի ակցիաներ իրականացնել սոցիալական խնդիրների վերաբերյալ։ Բայց կարծես շաբաթն ուրբաթից շուտ եկավ` նախօրեին Մարությանն ու կողմնակիցները ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին, ազդարարելով պայքարի սեզոնի մեկնարկը։
Կարծիքներ