Ի՞նչ խնդիր պետք է լուծի տարկետման նոր կարգը

Ի՞նչ խնդիր պետք է լուծի տարկետման նոր կարգը

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը նկատում է՝ կառավարությունն ունի լիազորություն՝ տարկետում տալու ԲՏՃՄ ուղղություններով, որը հիմա իրագործվել է շատ նեղ շրջանակում․ «Ու դրա հետեւանքով ինչ-որ մասնագիտություններ, օրինակ՝ քիմիան, որտեղ տարիներ շարունակ թափուր տեղեր են մնում, ստանալու է տարկետման հնարավորություն, իսկ, օրինակ, ՏՏ ոլորտում, որտեղ շատ բարձր մրցակցություն կա, այդ ուղղությամբ տարկետման հնարավորություն այս կարգը չի ընձեռում։ Հետո՝ այս կարգով ԲՏՃՄ ուղղություններով պետք է հնարավորություն ունենային մեր ուսանողները կամ ապագա ուսանողները դիմեին ու ստանային տարկետում, ինչը հիմա հնարավոր չէ»։

Կ․ Քեռյանը նկատում է, որ հենց ԿԳՄՍ նախարարը, երբ մարտի 23-ի որոշմամբ հաստատվեց այս կարգը, ասաց, որ սրանով ուզում են այն խնդիրը լուծել, որ մեր քաղաքացիները ստիպված արտերկիր չգնան․ «Հիմա այսկերպ, մի քանի մասնագիտության գծով, փաստորեն, մենք կարողանում ենք դա անել, ընդ որում՝ այն մասնագիտություններով, օրինակ՝ քիմիայում, ֆիզիկայում տարիներ շարունակ թափուր տեղեր են մնում, իսկ մրցունակ մասնագիտություններով էլի մեր քաղաքացիներին ասում ենք՝ կա՛մ գնացեք արտերկիր, կա՛մ էլ, ուզած-չուզած, ձեր մասնագիտությունը փոխեք։ ՏՏ ոլորտում, օրինակ՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ընդունելության շատ բարձր մրցակցություն կա, բայց այդ ուղղությամբ տարկետման հնարավորություն չի տրվում, մաթեմատիկայում եւս մրցակցություն կա։ Եթե կոնկրետ այս կարգի շրջանակում ենք նայում, մի բանը հստակ է․ տարկետման հնարավորոթյունը տրվել է ԵՊՀ-ում այնպիսի ուղղություններով, որտեղ վերջին տարիներին տեղերը թափուր են մնում, այսինքն՝ այն խնդիրը, որ նախարարն ասում է՝ ուզում ենք լուծել, որ մեր քաղաքացիները ստիպված չլինեն արտերկիր գնալու, դա ուսանողների աչքերով ոչ գրավիչ մասնագիտություններով է տրվել, իսկ այն մասնագիտությունների գծով, որով ուսանողները գնում են, եւ մրցակցություն կա, չի տրվել։ Ու դրա հետեւանքով կրթության շարունակականության խնդիրն է առաջանում, նաեւ՝ արտերկիր մեկնելու հարցը, որ մենք մեր լավագույններին ստիպված ասում ենք՝ գնացեք, թոփ 50 բուհեր ընդունվեք, որ ձեզ տարկետում տանք։ Էլ չասած, որ հետո մեր բուհերում դասախոսական անձնակազմը, միջին տարիքը, ինչպես գիտենք, շատ բարձր է, իսկ պաշտպանությունների քանակը շատ ցածր է՝ մեր հարցերը լուծելու համար։ Մենք այս գործիքն այն ձեւով չենք օգտագործում, որ հա՛մ պաշտպանությունների քանակը շատանա, հա՛մ էլ մեր դասախոսական անձնակազմը համալրելու խնդիրը լուծենք»։

Թե ինչ խնդիր պետք է լուծի այս կարգը, Կարեն Քեռյանը նկատում է․ «Խնդիրներից մեկը, որ կարող է լուծել, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ ստեղծելն է, դիցուք՝ մենք կարիք ունենք 100 դասախոսի կամ գիտնականի։ Այսինքն՝ այդ մարդիկ պոտենցիալ այն մարդիկ են, որ պետք է ասպիրանտուրա ավարտեն, դրանից պետք է հետ գանք այն խնդրին, որ գոնե մի 200-300 հոգի պետք է մագիստրատուրայում սովորի, դրանից էլ պետք է հետ գանք նրան, որ բակալավրի համար նման տարկետման իրավունք պետք է էլի մի 700-1000 տեղ տրվի, որպեսզի մի մասը ֆիլտրվի, մագիստրատուրա ընդունվի, այն մի մասն էլ ֆիլտրվի, ասպիրանտուրա ընդունվի, իսկ այդ ասպիրանտուրա ավարտողները հենց այն մարդիկ են, ովքեր կլինեն մեր դասախոսներն ու գիտնականները։ 2-րդ խնդիրն այն է, որ մենք մեր լավագույն կադրերին հնարավորություն ընձեռենք՝ Հայաստանում իրենց պոտենցիալն իրագործելու։ Այս պահին մենք դրդում ենք, որ մեր լավագույն կադրերը գնան դուրս, հիմա այս կարգով, դիցուք, ֆիզիկայի ուղղությամբ չենք դրդում, բայց շատ այլ ուղղություններով շարունակում ենք ստիպել գնալ արտերկիր։ Որոշ մասը կգնա, ինչը շատ ողջունելի է, բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ այլեւս հետ չեն գալիս։ Հիմա այս պարզ գործիքը եթե ներդրվի ոչ թե մի քանի մասնագիտություններով, այլ բոլոր կամ հիմնական ԲՏՃՄ մասնագիտություններով, մեզ համար լիքը հնարավորություններ կստեղծի»։

ԲՈԿ նախկին նախագահն ասում է՝ մինչեւ 2017-ը ոչ միայն ԲՏՃՄ ուղղություններով, այլեւ, առհասարակ, բոլոր ուղղություններով բոլոր բուհերին տրվում էին տարկետման տեղեր, հիմա հնարավորություն է ստեղծվել միայն ԲՏՃՄ ուղղություններով, իսկ հումանիտար ուղղություններով այլես հնարավորություն չկա․ «Հիմա մեծ ջանքեր են դրվել, որ ԲՏՃՄ ուղղություններով հնարավորություն ունենանք տարկետում տալու ուսանողներին, բայց արդյունքում այդ հնարավորությունից կօգտվեն մի քանի բուհ եւ մի շարք սպեցիֆիկ ուղղություններ։ Դա նման է նրան, որ մենք գնենք մի մեքենա, որ 500 կմ/ժամ արագությամբ կարող է շարժվել, բայց մենք օգտագործենք իր հզորության մի փոքր մասը եւ 50 կմ/ժամ արագությամբ շարժվենք»։

ԿԳՄՍ նախարարն իր խոսքում նշել էր, որ գործող ձեւաչափի կիրառումը խնդրահարույց է, ո՞րն է խնդիրը ներկայիս գործող կարգի։ «Գործող ձեւաչափը նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին է տարկետում տալիս, օրինակ, եթե մարդը գնացել է միջազգային օլիմպիադայի ու հաղթել է, կարող է բակալավրում ընդունվելուց տարկետման հնարավորություն ստանալ, բայց այդպիսի նվաճումներ, հասկանալի է, շատ քիչ քաղաքացիներ ունեն, մաթեմատիկայից ամեն տարի 6 հոգի է մասնակցում։ Հիմա՝ միջազգային օլիմպիադայում հաղթելու շնորհիվ մարդն ընդունվեց բակալավր, ու որպեսզի այդ նույն անձը կարողանա մագիստրատուրա ընդունվի, պետք է հոդված ունենա, ընդ որում՝ կախված, թե ինչ որակի է՝ 1 կամ 2 հատ, դրանից հետո ասպիրանտուրա ընդունվելու համար հին հոդվածներից զատ եւս 1 որակյալ կամ 3 քիչ որակյալ հոդված պետք է ունենա։ Ստացվում է այնպիսի իրավիճակ, որ այդ ամբողջ շղթայով անցնելու դեպքում մարդը պետք է թե՛ միջազգային օլիմպիադայի հաղթող լինի, թե՛ 2-5 հատ հոդված ունենա, ընդ որում՝ դա համարյա թե ապահովում է իր պաշտպանության համար անհրաժեշտ հոդվածները։ Ասինքն՝ մարդն ասպիրանտուրա ընդունվելուց արդեն պետք է ատենախոսությունը կամ ատենախոսության համար անհրաժեշտ հոդվածները տպագրած լինի, այսպիսի վիճակում ենք։ Այսինքն՝ այս առումով իրոք խնդրահարույց է այս կարգը, եւ եթե սրանով շարունակենք, այս շղթայով անցնողները շատ փոքրաթիվ մարդիկ են լինելու։ Իսկ այս նոր կարգը հնարավորություն է տալիս ոչ թե նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տալ տարկետում, այլ որոշակի շեմը հաղթահարած քաղաքացիներին։ Տեղերի քանակ է ֆիքսվում, ու, ըստ դրա, ուսանողներին տրվում է այդ տարկետումը, իսկ այստեղ՝ գործող կարգով, քանակ չի ֆիքսվում, բայց այնքան խիստ պահանջներ են դրվում, որ, այսպես թե այնպես, քանակը շատ փոքր է լինում»։

Կ․ Քեռյանը նկատում է, որ սրանով լրացուցիչ ուսանող չես ներգրավի, եւ այս կարգը, միեւնույն է, վերաբերելու է ինչ-որ իմաստով լավագույններին․ «Հարցն այն է, որ եթե բոլոր մասնագիտություններով ես ընձեռում այդ հնարավորությունը, այդ դեպքում լավագույններն այդ մասնագիտություններով էլ բաշխվում են, բայց եթե նման սահմանափակում է արվում, այդ դեպքում ստացվում է, որ լավագույնները պետք է ընտրություն անեն՝ գնում են այն ուղղություններով, որ տրվում է այդ տարկետումը, թե արտերկիր մեկնեն։ Սա ուսանողների քանակն ավելացնելու գործիք չէ, սա գործիք է, որ արտերկիր մեկնողների հոսքը նվազեցնենք, պահենք Հայաստանում, կրթության շարունակականությունն ապահովենք, ինչ-որ մասնագիտություններով մեր դասախոսական կազմը համալրենք»։