50-ից ավելի կինոգործիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարին

50-ից ավելի կինոգործիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարին

Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման եւ անցկացման կանոնակարգ փաստաթղթի հետ կապված կինոգործիչներն իրենց առարկություններն ունեն: Այս առիթով, Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է Հայաստանի կինոգործիչների միության անդամների, Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, ոլորտային ասոցիացիաների, կինոոլորտի ամենատարբեր կառույցների ներկայացուցիչների, կինոարտադրողների հանդիպում, որին մասնակցել են ավելի քան 50 կինոգործիչներ։
Օրերս Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հրապարակված փաստաթուղթը լուրջ մտահոգություններ է առաջացրել կինոգործիչների մոտ. «Հստակ արձանագրվեց, որ կինոոլորտին եւ դրա զարգացմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող եւ պետք է ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ եւ հնարավորինս փոխհամաձայնությամբ»,-նշում էին միությունից։ 

Քննարկման արդյունքում, բոլոր մասնակիցների համաձայնությամբ, կազմվել է բաց նամակ ուղղված ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին, որտեղ մասնավորապես արվել են մի շարք նկատառումներ.
«Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որեւէ այլ փաստաթղթում տեղեկություն չի հրապարակվել հիմնադրամի եւ արտադրողի միջեւ ստորագրվող պայմանագրի վերաբերյալ։ Մրցույթը ենթադրում է ապագա հարաբերություններ, եւ կինոարտադրողներն իրավունք ունեն մրցույթին մասնակցելուց առաջ իմանալ, թե նախագծերի հաստատման արդյունքում ինչ պայմանագիր է ստորագրվելու իրենց եւ հիմնադրամի միջեւ։ 

Խնդրում ենք մինչեւ մրցույթի վերջնաժամկետը հաստատել, որ կինոարտադրողների հետ կնքվող պայմանագիրը չի հակասելու ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին (մասնավորապես՝ 3. 9. 10 հոդվածներին), որի համաձայն՝ կինոյի պետական ֆինանսավորումը հանդիսանում է կինոարտադրողին տրվող անհատույց աջակցություն։ 

Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որեւէ այլ փաստաթղթում, չկա տեղեկություն կինոյի ոլորտների միջեւ բյուջեի բաշխման մասին, ինչը դարձյալ հակասում է ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին, մասնավորապես՝ հոդված 22-ին։ 
Նախորդին ներակայացված առաջարկում կինոգործիչների համայնքը երկարատեւ քննարկումների արդյունքում հանգել էր կոնսենսուսի, այն է. խաղարկային կինո՝ 40 տոկոս, վավերագրական կինո՝ 30 տոկոս, անիմացիոն կինո՝ 30 տոկոս։ 
Բաշխման հետեւյալ տրամաբանությունը կապահովի ոլորտների համաչափ զարգացումը։ 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի կողմից ընդունվել է կանոնակարգ, որը չի քննարկվել առաջարկներ ուղարկած կինոգործիչների հետ եւ ըստ այդ կանոնակարգի՝ արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։ 
Չի եղել որեւէ հայտարարություն կամ պատասխան նամակ, թե ինչ հիմքով են որոշ դրույթներ ընդունվել, իսկ մյուսները՝ ոչ, այնինչ բոլոր առաջարկներն ունեցել են հիմնավորումներ, որոնք արտահայտել են առաջարկ ներկայացրած կինոգործիչների միասնական դիրքորոշումը։ Այդպիսով, ընդունված կանոնակարգում կան մտահոգիչ դրույթներ, որոնք հակասում են ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին եւ պետք է ուղղում հրապարակվի մինչեւ հայտարարված մրցույթի վերջնաժամկետը:
 
Հաստատված կանոնակարգում կան նաեւ կետեր, որոնք չեն արտահայտում կինոգործիչների լավագույն շահը, որը հիմնավորված էր նախորդիվ ներկայացված առաջարկների փաթեթներում»,-մասնավորապես նշված է նամակում, որը ստորագրվել է թե պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, թե տարբեր ոլորտային ասոցիացիաների, թե կառույցների կողմից, թե անհատների։

Միաժամանակ, կինոգործիչները հույս են հայտնել, որ Կանոնակարգի՝ ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքին հակասող կետերի վերաբերյալ կարվի ուղղում մինչեւ հայտարարաված մրցույթի վերջնաժամկետը եւ պաշտոնապես կհայտարարվի, որ ընդունված կանոնակարգն անցումային է: «Մինչեւ հաջորդ մրցույթի հայտարարումը կվերանայվեն նաեւ կինոգործիչների լավագույն շահը չներկայացնող վերոնշյալ կետերը, որոնք Առաջին եւ Երկրորդ հանգամանքների հետ միասին կխոչընդոտեն հայկական կինոյի զարգացմանը: Սիրով հայտնում ենք մեր պատրաստակամությունը կատարվելիք աշխատանքներում ներգրավվելու եւ հայկական կինոյի զարգացմանը միտված գործընթացներում մասնակից լինելու վերաբերյալ»։